ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
IDeA-ն նախաձեռնում է Գյումրու Բարեկամության զբոսայգու վերակառուցումը
2018-07-31 09:18:24
IDeA հիմնադրամը Հայաստանի զարգացման իր ռազմավարության մեջ թիրախավորում է հինգ աշխարհագրական գոտիներ՝ Դիլիջան-Սևան, Տաթև-Գորիս, Երևան-Էջմիածին, Ստեփանակերտ-Շուշի և Գյումրին։ Գյումրին ընդգրկվել է IDeA-ի ռազմավարական քարտեզում՝ հաշվի առնելով քաղաքում զբոսաշրջային և քաղաքաշինական ծրագրեր իրականացնելու մեծ ներուժը, աշխարհագրական դիրքը, հարուստ մշակութային ժառանգությունը և այլ գործոններ։ 2015 թ․-ին IDeA-ն ֆինանսապես աջակցել է «Հույս» Գյումրիի շենացման հիմնադրամի ծրագրերին, որոնց արդյունքում 2017 թ-ից սկսած իրականացվում է «Կումայրի վերածնունդ» նախագիծը։ Ներկայում IDeA-ն հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ, որի նպատակն է վերակառուցել Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակին հարակից Բարեկամության զբոսայգին, և այն դարձնել հանրային հանգստի կազմակերպման ինքնատիպ վայր։ Այս նախաձեռնության նպատակն է նպաստել քաղաքի վերափոխմանը, խթանել տնտեսական ակտիվությունը և ապահովել Հայաստանի երկրորդ քաղաքի կայուն ապագան։ Նախագիծը յուրօրինակ է, քանի որ պարունակում է սոցիալական ձեռներեցության, բարեգործության և պետական-մասնավոր համագործակցության բաղադրիչներ։ «Այգու բարեկարգման և վերակառուցման գաղափարն ինքնին արտահայտում է սոցիալական կապիտալի դերն ու նշանակությունը։ Այս նախաձեռնությունը մեկնարկել է բազմաթիվ գյումրեցիների առաջարկությամբ, ովքեր ցանկանում են քաղաքում ունենալ հանգստի ու ժամանցի գոտի, որտեղ երեխաները, մեծահասակները կարող են անցկացնել իրենց ազատ ժամանակը, որտեղ քաղաքի երիտասարդությունը կարող է կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ՝ կյանքի կոչելով իրենց ամենաստեղծագործ գաղափարները»,- ասել է IDeA հիմնադրամի Գյումրու զարգացման ծրագրի ղեկավար Ելենա Մուրադյանը։ IDeA հիմնադրամը համոզված է, որ Բարեկամության զբոսայգում իրականացվելիք ծրագիրը կդառնա Գյումրի քաղաքի զարգացման համար խարսխային ծրագիր։ Ներկայում հիմնադրամն աշխատում է ծրագրի ամբողջական հայեցակարգի վրա, որը պատրաստ կլինի 2018թ. հոկտեմբերին: Ծրագրի տարբեր բաղադրիչների իրագործման համար IDeA-ն նախատեսում է ներգրավել գործընկեր-կազմակերպություններին: