ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քառորդ մլն հայերեն հոդված՝ Վիքիպեդիայում
2019-02-07 18:00:02

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է, նաև օրն է՝ ծանրութեթեւ անելու համացանցում հայերենի վիճակի մասին:  Համացանցում հայերեն գրելը՝ հայրենասիրության և լեզվի պահպանման, ազգային մտածողության ու գրագիտության,  թե՞ շփման դյուրին միջոց  է։ 

0:00
0:00

Ֆեյսբուքյան օգտատեր Զոհրապ Եգանյանի՝ 2012-ի փետրվարյան այս օրն արված ընդամենը մեկ գրառումով, այն է՝ փետրվարի 7-ը հռչակել համացանցում  հայատառ գրելու օր, սկիզբ դրվեց  վիրտուալ հարթակում հայատառ գրի խրախուսմանը:

Յոթ տարի անց արդյունքն արդեն նկատելի է: Դա է փաստում նաև մեր փոքրիկ հարցախույզը. լատինատա՞ռ, թե՞ հայատառ. համացանցում գրառումներ անելիս հայ օգտատերերի մեծ մասն այսօր արդեն նախապատվությունը տալիս է մեսրոպյան գրերին:

Լատինատառ գրի ընտրությունը միշտ չէ, որ հարմարությամբ է պայմանավորված. «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ նախագահ Սուսաննա Մկրտչյանը համոզված է, որ այստեղ գրագիտության խնդիր ունենք:

Հստակ վիճակագրություն չկա, բայց «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանի անձնական դիտարկումները ևս փաստում են՝ վիրտուալ հարթակում սկսել են ավելի շատ հայատառ գրել: Եթե մի ժամանակ լատինատառ գրող հայ օգտատերերը պատճառաբանում էին, թե հայերեն ստեղնաշար չունեն, ապա այժմ, ըստ Սաղյանի, տեխնիկական խնդիրը լուծվել է.

«Սմարթֆոնների առաջացումից հետո ստեղնաշարի խնդիրը վերացավ»:

Երբեմն այս դաշտը օրենքով կարգավորելու վերաբերյալ առաջարկներ են հնչում: Արդյոք հնարավո՞ր է համացանցը կարգավորել օրենքով. հարցն անգամ տարօրինակ է հնչում: Գրիգոր Սաղյանը ժպիտով արձագանքում է.

«Չէ, դա հնարավոր չէ»:

Վիրտուալ հարթակում հայերենի վիճակը բարելավելու առավել արդյունավետ միջոց է, օրինակ հայերեն Վիքիպեդիան և վիկի այլ նախագծերի տարածումը։ Հարթակ, որտեղ յուրաքանչյուրը կարող է դառնալ խմբագիր: «Եթե անգամ գրանցված չեք  Վիքիպեդիայում, կարող եք սեղմել խմբագրել կոճակը և տեքստում  ուղղումներ անել»,-ասում է «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ նախագահ Սուսաննա Մկրտչյանը, որը Վիքիպեդիան կրթության ոլորտում ներդնելու մեծ ցանկություն ունի:

251 հազար հայերեն հոդվածներ կան արդեն Վիքիպեդիայում: Գրիգոր Սաղյանը մաղթում է, որ դրանց թիվը մոտ ապագայում 251  միլիոնի հասնի ու համացանցում հայերենի կարգավիճակի բարելավման համար մեկ այլ միջոց առաջարկում, դա կայքէջերի հայատառ   հասցեի գրանցումն է: Հայատառ նման 300 հասցե կա համացանցում՝ հիմնականում պետական կառույցների: Սաղյանն այս առիթով կոչ է անում հատկապես հայ գործարարներին:

Մենք առաջ չենք գնա, եթե հայերենն ու Հայաստանը չներկայացնենք հնարավոր բոլոր տիրույթներում, խոսենք հայերեն, գրենք հայերեն, ինչը ինքնամաքրման եւ ինքնապահպանման, թերևս, ամենակարճ ու արդյունավետ ուղին է՝ ասում են փորձագետները։