ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սահմանամերձ Դովեղի ողջ տարածքը կլուսավորի էներգախնայող նոր համակարգը
2019-02-08 11:14:05

Սահմանամերձ Դովեղում տեղակայվել է 131 LED լուսարձակ՝ լուսավորելով շուրջ 4800 մ երկարությամբ տարածություն. լուսավորվել է գյուղի գրեթե ամբողջ տարածքը:

Տավուշի մարզի Դովեղ գյուղն արևելյան մասով 15 կմ երկարությամբ սահման ունի հարևան երկրի հետ: Չնայած արտաքին լուսավորության լիարժեք համակարգի անհրաժեշտությանը` սահմանապահ գյուղը տարիներ շարունակ ստիպված է եղել համակերպվել իրավիճակը մեղմող պայմաններին: Տարբեր աղբյուրներից ստացված միջոցներով՝ խնդրին տրվել է մասնակի լուծում: Ապագայում, շարքից հաճախակի դուրս եկող լույսերի պատճառով, մասնակի լուսավորության այդ համակարգի շահագործումը լրացուցիչ ֆինանսական բեռ է դարձել գյուղի համար:

2017 թվականից Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսել են խնդրի լուծման աշխատանքները: «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, գործընկերները համակարգված ձևով՝ երկու փուլով, Դովեղում ստեղծվել են արտաքին լուսավորության էներգախնայող և ամբողջությամբ նոր ենթակառուցվածք:

Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC հիմնադրամի գլխավոր ճարտարագետ, ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը և համայնքի բնակիչները:

«Կան բնակավայրեր, որտեղ լուսավորությունը ոչ միայն քաղաքակիրթ նվազագույն կենսապայմանների, այլև առավել կարևոր խնդիրներ է լուծում: Սահմանապահ Դովեղն այդ գյուղերից է: Սովորաբար, մենք ծրագրի առաջնահերթություններից ընդգծում ենք համայնքի ֆինանսական բեռը թեթևացնելու և գիշերային ժամերին վայրի կենդանիների հնարավոր հարձակումից պաշտպանվելու հարցերը: Սահմանապահ գյուղերում, սակայն, դրանց ավելանում է հակառակորդի գործողություններից պաշտպանվելու անհրաժեշտությունը: Սահմանին ապրող գյուղացին թիկունք է մեզ համար: Այդ զգացողությունը պետք է փոխադարձ լինի նաև նրա համար: Այս գյուղում բնակվողը չպետք է մեկուսանա իր խնդիրներով և պետք է միշտ վստահ լինի, որ ինքն անտեսված չէ: Երկարաժամկետ ծրագրի հիմքում հենց այդ մոտեցումն է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է բյուջետային համեստ միջոցներ ունեցող գյուղերի համար: Այսպիսի համակարգի շահագործումն էականորեն կրճատում է էներգիայի ծախսը՝ խնայված միջոցների հաշվին թեթևացնելով գյուղի ֆինանսական բեռը:

Ի տարբերություն այլ լամպերի՝ LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:

Դովեղի փողոցները կլուսավորվեն ամռանը՝ 21:00-ից մինչև 01:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 24:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի նաև ամբողջ գիշեր: