ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կանչն ընդունված է. շտապօգնությունը կժամանի ավելի շուտ, եթե զիջեն վարորդները
2019-02-08 14:13:23

Շուրջօրյա աշխատանք, արագ արձագանքում, վայրկյանների ընթացքում կենսական որոշում կայացնելու հմտություն, փրկվող մարդկային կյանքեր: Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ընկերությունն աշխատում է մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղակայված 7 ենթակայաններում գործող 36 բուժխմբերով:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ այսօր 1-03 ծառայությունն օրական սպասարկում է շուրջ 740 կանչ: Երևանի քաղաքապետարանը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ մշակում է նորմեր՝ կանչերը տարբերակելու և ավելի նպատակային արձագանքելու համար: Ձեռնարկված քայլերի արդյունքում, արդեն իսկ կանչերի քանակի նվազման միտում է նկատվում:

«Մեր առաջնային օղակի բժիշկներին տրվել է հստակ հանձնարարական, որպեսզի կապը պոլիկլինիկա և քրոնիկ հիվանդի միջև ուժեղացվի: Եթե 10-15 օր առաջ ունեինք օրեկան 900-860 կանչ, ապա վերջին շրջանում 700 - 740 կանչ ենք սպասարկում»,- նշել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:

Ընկերության հիմնական նպատակը անհետաձգելի կանչերին արագ արձագանքելն է, սակայն հաճախակի են այն դեպքերը, երբ կանչերն ամենևին էլ շտա՛պ օգնության համար չեն: Երբեմն, ծառայության արագ արձագանքումը փոքր ինչ ուշանում է նաև նման կանչերի պատճառով:

Քաղաքացիների կանչերին արագ արձագանքելու հարցում, շատ կարևոր է նաև շտապօգնության մեքենաների հանդեպ վարորդների գրագետ մոտեցումն ու ճանապարհը զիջելու մշակույթի ձևավորումը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով, ի դեպ, կարմիր և կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ միացրած և միաժամանակ հատուկ ձայնային ազդանշաններ արձակող տրանսպորտային միջոցին ճանապարհ չզիջելն առաջացնում է տուգանքի նշանակում` 20 հազար դրամի չափով:

«Վարորդները ոչ թե զիջելու համար կենթարկվեն վարչական պատասխանատվության, այլ հակառակը՝ չզիջելու համար»,- ընդգծել է ՃՈ ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանը:

Ընկերության խնդիրներն օրակարգում են. Երևանի քաղաքապետարանն այսօր առողջապահության նախարարության հետ համատեղ հստակ քայլեր է ձեռնարկում:

«Բարձրացել է «Շտապբուժօգնություն» ընկերությանը հատկացվող բյուջեն, որի սահմաններում կփորձենք որոշ չափով բարելավել և աշխատանքային պայմանները, և ընդլայնել 1-03 ծառայության հնարավորությունները: Ակտիվ քննարկումներ են գնում առողջապահության նախարարի հետ, որ քաղաքացիներին սպասարկող շտապբուժօգնության աշխատակիցները նույնպես պետպատվերի շրջանակներում ընդգրկվեն անվճար առողջապահական ապահովագրական ծրագրում: Մոտավորապես 540 աշխատակցի մասին է խոսքը գնում»,- ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:

Երկու կառույցների համագործակցված աշխատանքի շնորհիվ ոլորտում արդյունքներն առաջիկայում ավելի նկատելի կդառնան, շատ կարևոր է նաև քաղաքացիների ինքնագիտակցության բարձրացումը ծառայության աշխատանքի նկատմամբ: «Շտապբուժօգնություն» ընկերությունը հիշեցնում է՝ շտապօգնության մեքենաներին զիջելը մարդկային կյանք փրկելու հարցում Ձեր մասնակցությունն է: