ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բաժակաճառե՞ր, թե հեղափոխության հիմք. կառավարության ծրագիրն ընդունվեց
2019-02-08 18:02:10

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Վերջին օրերին քննարկումների ու քննադատությունների թիրախում կառավարության ծրագիրն է: Երկու օր առաջ վերախմբագրման ուղարկված ծրագիրն այսօր գործադիրի արտահերթ նիստում ընդունվել է միաձայն եւ ուղարկվել խորհրդարան:

Այս ընթացքում որոշ քաղաքագետներ ու տնտեսագետներ ծրագիրը բնորոշում են որպես բաժակաճառերի հավաքածու՝ զուրկ թվային թիրախներից: Մինչդեռ կառավարությունում սա համարում են տնտեսական հեղափոխության հիմքը:

0:00
0:00

Կառավարության արտահերթ նիստի մեկնարկից 8 րոպե անց արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.

«Դեմ, ձեռնպահ չունենք: Ըստ այդմ՝ կառավարության ծրագիրն ընդունված է»:

2 օր առաջ խմբագրումների համար հետ ուղարկված ծրագիրն ընդունվեց Փաշինյանի կաբինետի կողմից միաձայն: Այն իր վերջնական տեսքով վարչապետի սրտով է այնքան, որ Փաշինյանը հայտարարում է՝ սրանով ազդարարվում է տնտեսական հեղափոխության մեկնարկը:

«Կառավարության առանցքային դերակատարումն այն է, որ այդ հնարավորությունները լինեն ոչ թե դեկլարատիվ, այլ կիրառելի: Եվ մարդիկ իսկապես կարողանան ռեալ տեսնել, շոշափել, իրենց ձեռքում ունենալ այդ հնարավորությունները»:

Ծրագրի վերաբերյալ վերջնական ասելիքն այժմ Ազգային ժողովինն է: Առաջիկա 5 տարվա անելիքների շուրջ քննարկումներին ու քննադատություններին ծրագրի հեղինակները պատրաստվել են: Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին արդեն փոխանցվել են գնահատականներ, թե ծրագիրը թվային թիրախներ չունի, ավելի շատ բաժակաճառերի հավաքածուի է նման: Տիգրան Խաչատրյան:

« Սկզբունքորեն համաձայն չեմ: Չեք գտնի որեւէ բաժակաճառ: Կարծում եմ, բոլոր նրանք, ովքեր այդպիսի բնորոշում են տվել, ուղղակի ուշադիր չեն կարդացել ծրագիրը: Ասվում է, որ տնտեսական կյանքին մասնակցել ցանկություն ունեցող ամեն ոք կարողանա դա անել, ու դրա համար լինեն հավասար պայմաններ»:

Տնտեսական զարգացման պատասխանատու նախարարը տարակուսում է՝ ինչպե՞ս թե թվային թիրախներ չկան կառավարության ծրագրում: Կան՝ ասում է ու երկու կարեւոր ցուցանիշ առանձնացնում: Տարեկան արտահանման 8-10 տոկոս աճ ունենալ, իսկ զուտ ներդրումները ՀՆԱ 18-19 տոկոսից 23-25 տոկոսի հասցնել, ինչը կայուն եւ երկարաժամկետ աճի հիմք կապահովի: Վարչապետի խոստացած հեղափոխական փոփոխություններ համար այս տարի սպասվող տնտեսական ակտիվության 5 տոկոս աճն արդյո՞ք ցածր չէ: Նախարար Խաչատրյանն այսպես է արձագանքում:


«Այս անցումային ժամանակահատվածում, երբ տնտեսությունը կառուցվածքով է փոխվում, առաջ են գալիս արդյունաբերության նոր ճյուղեր, որոնք տնտեսական կյանքում նոր մեծ դերակատարում են ունենալու ու պետք է տեղի ունենան ի հաշիվ արտահանման նոր շուկաներ գրավելու, 5 տոկոսը բավականին լավ, հավակնոտ ցուցանիշ է»:

Իսկ մինչ նախարարը վստահ է, որ առաջիկայում հնարավորություն ենք ունենալու խոսել ավելի բարձր աճի մասին, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը լուրջ կասկածներ ունի։ Մասնագետին չեն բավարարում տնտեսության կառավարման ներկայիս մոտեցումները:

«Հայաստանի համար 5 տոկոս աճը համարում եմ ամոթալի, քանի որ ՀՀ-ն ունի ռեսուրսներ, որոնք անպայման պետք է նյութականացվեն: Դրա համար գիտակները պետք է տնտեսությունն առաջ տանեն: Եթե մեզ տրվի տնտեսության կառավարումը, ես, առանց ավելորդ համեստության, ասում եմ՝ երկնիշ թիվը ես ապահովում, դնում եմ սեղանի վրա»:

Կառավարության նոր ծրագիրը հավակնոտ ու հեղափոխական է նաեւ նրանով, որ բարձր տեխնոլոգիաները եւ ռազմարդյունաբերությունը հետայսու առաջնահերթություն են՝ շեշտում է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը Հակոբ Արշակյանը: Վերջինիս պաշտոնի անունն օրերս կփոխվի՝ ըստ նոր առաջնահերթությունների: Նախնական որոշմամբ՝ նրա ղեկավարած գերատեսչությունը կկոչվի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: Իսկ տեխնիկական փոփոխություններից զատ նախարարը խոսում է խոստացվող բովանդակային փոփոխությունների մասին:

«Կխնդրեի դրանում ոչ միայն թվեր փնտրել, այլեւ թեզեր: Մեր ծրագիրը կբնութագրեի որպես նախաձեռնողական եւ ռիսկ վերցնելու ու իրականացնելու ծրագիր»:

Սակայն շուտափույթ ու արմատական բարեփոխումների հարցում թերահավատ է նաեւ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Վերջինիս խոսքով՝ կառավարման ոլորտում ներկայիս սիրողական ու լիրիկական մոտեցումները հաջողությունների վստահություն չեն ներշնչում:

«Իհարկե, մտահոգող առաջին հարցը մեր կառավարման համակարգի արդիականացումն է, որի վերաբերյալ ոչ միայն մեր, այլեւ շատերի մոտ կա լուրջ մտահոգություն, հատկապես այսօրվա կադրային ներուժի առումով»:

Կառավարության նոր ծրագրի կենսունակությունը կստուգվի առաջիկա 5 տարում, իսկ առայժմ վարչապետի թիմում բացատրում են՝ նախորդ կառավարությունների ծրագրերից սա տարբերվում է ոչ այնքան բովանդակությամբ, որքան շեշտադրումներով: