ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
​Ամերիկացիները լքում են Սիրիան, Ռուսաստանը՝ ընդլայնում ներկայությունը
2019-02-08 18:42:19

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով այսօր հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած 83 հոգանոց խումբը ժամանել է Սիրիա:

Հետաքրքրական մեկ զուգադիպություն, The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի աղբյուրին այսօր հայտնել է, որ ԱՄՆ-ի զինվորականները մտադիր են ամբողջությամբ դուրս բերել զորքերը սիրիայից մինչև ընթացիկ տարվա ապրիլի վերջ:

0:00
0:00

Ռուսական ինքնաթիռն այսօր Սիրիա է տեղափոխել հումանիտար ականազերծողներից, բժիշկներից եւ նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած 83 հոգանոց  խմբին: Հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն:

Սիրիահայ համայնքը մեծ ոգեւորությամբ է ընդունել հայրենիքից Հալեպ մեկնած հայկական խմբի լուրը, եւ ինչպես «Ռադիոլուրին» փոխանցեց Նուպար Տոլմաճյանը՝ հայերի ներկայությունը մեծ վստահություն եւ ապահովություն կփոխանցի հայ համայնքին, որը շարունակում է հաղթահարել պատերազմական դժվարության հետեւանքները:

«Վստահ եմ, որ գրկաբաց պետք է ընդունվեն: Իսկապես այդ մարդիկ օգնության ձեռք երկարողի պետք ունին: Այս անգութ պատերազմի հետեւանքով տեղացող ռումբերը չկարողացան զանազանել մարդկանց, բոլոր ընտանիքներն ալ իրենց նահատակները տվին: Մեր այս հայերնասիրական, մարդասիրական խումբը իրենց առաքելությունը շատ լավ կերպով պետք է ամբողջացնեն, եւ կփափագիմ որ այդ անգութ պատերազմը վերջ գտբե, եւ այս խմբակի տղաքը իրենց առաքելությունը ավարտելեն վերջ խերով բարով վերադառնան»:

Սիրիա մարդասիրական խումբ ուղարկելու որոշման մասին Նիկոլ Փաշինյանը ակնարկեց օգոստոսի 17-ի հանրահավաքում՝ խոսելով  հայ-ռուսական «աննախադեպ» հումանիտար համատեղ ծրագրի մասին, որը գործնական տեսք ստացավ Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպումից հետո արդեն:

Ըստ պաշտոնական մոտեցման, Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակն է պատճառ դարձել, որ Հայաստանը որոշում է կայացրել Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերել, իհարկե, հաշվի առնելով Սիրիայում և հատկապես Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2017 թվականի մի քանի բանաձեւերը, սիրիական կողմի գրավոր խնդրանքները, ինչպես նաև Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը: Հումանիտար ականզերծման եւ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն  Ռուբեն Առաքելյանն է ներկայացնում այցի նպատակը:

«Դեռեւս 2017 թվականին ենք դիմել ՀՀ-ում Սիրիայի դեսպանատուն խնդրելով քննարկել, թե ինչո՞վ կարող ենք աջակցել Սիրիայի ժողովրդին: Առաջարկել ենք ականային վտանգի իրազեկման եւ ականազերծման խնդիրների աջակցման հարցերը: Ներկայության հիմնական նպատակը բժշկական օգնություն է, ականային վտանգի իրազեկումը՝  հիմնականում  հայկական դպրոցներում, որը լեզվական խնդիրների հաղթահարման հետ է կապված, եւ  ականզերծման հարցերը»:

Հալեպահայ Նուպար Տոլմաճյանը հույս ունի, որ մի օր սիրիական պատերազմը կավարտվի, սակայն թերահավատորեն է վերաբերում ամերիկյան զորախմբի դուրս գալու՝ Թրամփի որոշմանը :

«Իմ անձնական կարծիքն այն է, որ ես ԱՄՆ խոսքին շատ չեմ հավատում: Բայց հուսանք, որ Ամերիկայի խոսքերը ճիշտ կլինեն, եւ կհեռացնեն զորքերը Սուրիայեն: Եվ ատիկա սուրիական պատերազմի ավարտին շատ օգտակար կըլլա»:

Փորձագիտական շրջանակներում Հալեպում հայկական մարդասիրական խմբի ներկայությունը տարակարծությունների առիթ է դարձել: Մասնագետները խոսելով հայկական մարդասիրական խմբի ներկայացվածությունից այն բաժանում են երկու մասի:

Որպես գործընկերային հարաբերությունների խորացում Ռուսաստանի հետ, ողջունելի եւ գնահատելի քայլ են որակում, բայց անվտանգային եւ աշխարհաքաղաքական առումով կան մարտահրավերներ։ Հայաստանի մասնակցությունը Արևմուտքի համար այնքան էլ ցանկալի սցենար չէ՝ նշում են փորձագետները: