ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դաշտավանցիները կոկորդիլոսաբուծարանին դեմ չեն
2019-02-09 15:00:45

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Դաշտավանում կոկորդիլոսներ բուծելու գաղափարը շարունակում է քննարկվել բնապահպանների եւ հանրության շրջանում։ Պարզվում է՝ Հայաստանում կոկորդիլոսաբուծարան կառուցելուն համար անհրաժեշտ պայմաններ են պետք։

0:00
0:00

Հայաստանը նպաստավոր երկիր չէ կոկորդիլոսաբուծարան ստեղծելու  համար: Բուծարանները հիմնականում արևադարձային երկրներում են, որտեղ ջերմաստիճանը չի փոփոխվում՝ ասում է կենսաբան Կարեն  Մարտիրոսյանը: 20-25 աստիճան ջերմություն. դրանից ցածրի դեպքում  կենդանիները կարող են սատկել։ «Սխալ մտածված պրոեկտ է»:

Արարատի մարզի Դաշտավան համայնքում կոկորդիլոսաբուծարան ստեղծելու հարցը մտահոգում է բնապահպաններին: Թռչնասեր Սիլվա Ադամյանը վերջերս իր մտահոգությունն էր հայտնել. «Ապշանք Էկո այգի» ընկերությունը չունի CITES- ի թույլտվությունը՝ ասում է։

CITES-ը ոչնչացման վտանգի ենթակա վայրի կենդանիների եւ բույսերի միջազգային առեւտուրը վերահսկող կազմակերպություն է։ Էկզոտիկ կենդանիների կամ նրանց ձվերի ներմուծման համար ներմուծող ընկերությունը պետք է ունենա  նրանց թույլտվությունը։

Նույնը պնդում է նաև արդեն 30 տարի հատուկ կոկորդիլոսներով զբաղվող կենսաբան զրուցակիցս.  «Եթե նույնիսկ դրսից կոկորդիլոսի եղունգը բերեն, պետք է անպայման  ունենան CITES կազմակերպության  փաստաթուղթը: Միանշանակ պետք է ունենան»:

«Ապշանք Էկո այգի» ընկերության տնօրեն Խաչատուր Սարգսյանը, սակայն,  հակառակն է պնդում: «Մեզ հավաստագիր պետք չէ: Դա արտահանողն ունի հավաստագիր: Մենք եթե ներկրում ենք՝ մեզ հավաստագիր պետք չէ: Հավաստագիր անում  է, ով որ մեզ տալիս է այդ ձվերը: Նրանք ունեն այդ հավաստագիրը»:

Բնապահպանության նախարարությունից «Ռադիոլուրին» հայտնեցին, որ կոկորդիլոսների բուծման թույլտվություն ստանալու հայտ չեն ստացել, հետևաբար ծրագիրը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն չի անցել։ CITES- ի արտոնագիր պետք է՝ պնդեցին նախարարությունից։ 

Արդյո՞ք բիզնես ծրագիրն անվտանգ է համայնքի բնակչության համար։ Կենսաբան Կարեն Մարտիրոսյանը պնդում է՝ վտանգ ոչ մեկին չի սպառնում։  «Բացարձակ վտանգի խնդիր չկա: Կոկորդիլոսները բնության մեջ մեզ մոտ չեն կարող ապրել»:

Դաշտավանում դեմ չեն, որ իրենց մոտ կոկորդիլոս բուծեն, էկո այգի հիմնեն։ Համայնքապետ Վարդգես Խանաղյան«Հանրային քննարկում ենք արել, համայնքը համաձայնվել է»:  Ծրագիրն իրականացնելու համար նախատեսված տարածքը, ըստ համայնքապետի,  հարմար է, քանի որ գյուղից հեռու է: Այս տարածքի վաճառքի համար աճուրդ հայտարարել են, բայց դեռ չեն անցկացրել։