ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Խաչքար՝ ի նշանավորումն Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մելբուռն հովվապետական այցելության
2019-02-11 09:05:28

Փետրվարի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ է մատուցել Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի Մելբուռն քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում` հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգից: Պատարագի սրբազան արարողությանը ներկա են եղել թեմական խորհրդի և ծխական եկեղեցական վարչության անդամներ, Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ, հայկական կազմակերպությունների ղեկավարներ և հավատավոր բազում հայորդիներ: Թափորը, որին մասնակցել են նաև Քույր Եկեղեցիների հոգևորականներ, ամպհովանիի ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդել է դեպի եկեղեցի, ուր ձեռամբ Վեհափառ Հայրապետին մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ:

Սուրբ Պատարագին որպես առընթերականեր սպասավորել են Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի պատասխանատու Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը։ Սուրբ Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերստին իր օրհնությունն ու պատգամն է բերել մելբուռնաբնակ հայությանը:

«Անհուն ուրախությունն է այսօր Մեր հոգում, որ Տիրոջ շնորհով այցելել ենք ձեզ և բերել ողջույններ հայրենի եզերքներից, ձեր եղբայրներից ու քույրերից, բերել ենք ձեզ Սուրբ Էջմիածնի լույսն ու օրհնությունը, օրհնությունները մեր դարավոր սրբավայրերի: Մեր հոգում ջերմ են հիշողությունները տարիներ առաջ ձեզ հետ հանդիպման: Նույն զգացումներով այսօր համախմբված ենք այս խնկաբույր եկեղեցու օրհնյալ կամարների ներքո՝ միասնաբար փառաբանություն վերառաքելու առ Աստված և վերապրելու բերկրանքը մեր հանդիպման», - նշել է Նորին Սրբությունը՝ գոհություն հայտնելով Տիրոջը, որ Ավստրալիայի հայ համայնքում զորանում են հավատքը, հույսն ու սերը և կարևորվում է նախանձախնդրությունը նախնյաց ավանդների ու սրբազան ժառանգության հանդեպ:

Վեհափառ Հայրապետը նաև գոհություն է հայտնել Երկնավորին, որ Ավստրալիայի Մելբուռն քաղաքում, սփյուռքի տարբեր համայնքներից համախմբված հայորդիները շարունակում են իրենց հայրերի բարեպաշտ ընթացքն ու ավանդույթները՝ զորացնելով դրանք համայնքային միասնական կյանքի մեջ, դաստիարակություն են տալիս նոր սերնդին, սովորեցնում դեպի եկեղեցի տանող ուղին, վարժարանների հարկի ներքո հաղորդ դարձնում մեր դարավոր պատմությանն ու մեսրոպաշունչ լեզվին, հորդորում, նաև իրենց օրինակով ոգեշնչում` նախանձախնդիր լինելու ազգային սրբություններին, անսասան պահելու սերը հայրենիքի հանդեպ և հավատարիմ մնալու մեր Եկեղեցուն, համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:

Այս կապակցությամբ Հայոց Հայրապետն ընդգծել է. «Էջմիածնասիրությունն է, որ ձեր հոգում անսասան է պահել եկեղեցանվիրումը, ազգասիրությունն ու հայրենանվիրումը: Արդարև, մեր ժողովրդի պատմությունն իսկ վկայել է, որ հնարավոր չէ պատկերացնել հայ կյանքը առանց Սուրբ Էջմիածնի, որն ամուր շաղախով կապում է աշխարհասփյուռ հայությանը ի Քրիստոս հավատքի, հայրենյաց ժառանգության, մեր հայրենիքի՝ մայր Հայաստանի և սրբազան մեր արժեքների հետ: Ս. Էջմիածինով մենք միշտ եղել ենք զորեղ ու հաղթական՝ անվարան հավատալով առաքյալի խոսքի ճշմարտությանը. «Եթե Աստված մեզ հետ է, ո՞վ կարող է մեզ հակառակ լինել»»:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանքով է անդրադարձել նաև ավստրալահայության՝ ազգային ու հայրենական կյանքի զորացման գործում ունեցած ներդրմանը՝ հաստատելով, որ արդի մտահոգիչ խնդիրների, հոգևորի անտեսման և նյութականի գերարժևորման միտումների, նաև մեր հոգևոր և ազգային ինքնության պահպանման մարտահրավերների առջև հայորդիները պետք է նախանձախնդիր ոգով վերարժևորեն հայ համայնքի անցած ուղին, հաջողություններն ու իրագործումները:

«Պիտի հպարտանաք ձեր գովարժան ձեռքբերումներով, որը նոր խթան կլինի հոգևոր վերաշխուժության և ձեր կամքի ու վճռականության վերահաստատման՝ ապրելու հավատքով, ազգային ավանդների հանդեպ սիրով ու հավատարմությամբ ու նոր կորովով շարունակելու ձեր բարի ջանքերը՝ ի սեր Տիրախնամ ձեր թեմի շինության: Այդպես, սիրելիներ, պիտի կարողանաք ձեր զավակների ընթացքը հաստատուն պահել Տիրոջ շավիղներում, մեր հայրերի ուղենշած ճանապարհների վրա, որոնցով ապրել, արարել և հարատևել են պատմության քառուղիներում», - պատգամել է Հայոց Հովվապետը՝ հորդորելով միասնաբար, մեկմեկու զորակցությամբ շենացնել ազգային-եկեղեցական մեր անդաստանը, հայրենիքը, ներդրում բերել հայոց հաղթական բանակի զորացմանը, Արցախի անկախության ճանաչման գործին ու մեր արդար իրավունքների պաշտպանությանը:

Իր սերն ու Աստծո ամենառատ շնորհների ու բարիքների մաղթանքները բերելով ավստրալահայ իր բոլոր զավակներին՝ Նորին Սրբությունը նաև իր օրհնությունն ու բարձր գնահատանքն է փոխանցել թեմակալ առաջնորդին, հոգևոր դասին և նրանց առաքելությանն աջակից թեմական ու ծխական խորհուրդների, կրթական, ազգային, մշակութային հաստատությունների պատվարժան անդամներին ու աշխատակիցներին:

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը մաղթել է, որ Աստված ամենազոր Իր Սուրբ Աջի հովանու ներքո ամբողջ և անխռով պահպանի ավստրալաբնակ հայորդիներին, շնորհի նրանց բյուր բարիքներ, որպեսզի ի Քրիստոս մշտավառ սերը իրենց սրտերում՝ նորանոր հաջողություններով պայծառացնեն իրենց հոգևոր-եկեղեցական ու ազգային կյանքը:

Սուրբ Պատարագի ավարտին Վեհափառ Հայրապետի ձեռամբ բացվել է եկեղեցու հարևանությամբ կանգնեցված հայկական խաչքարը՝ ի նշանավորումն Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Մելբուռն հովվապետական այցելության: Այս առիթով Նորին Սրբությունն իր օրհնությունն է բաշխեց խաչքարի տեղադրմանն իրենց նպաստը բերած հավատավոր հայորդիներին:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմում է փետրվարի 1-ից: