ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայկական սպորտի լեգենդ Ալբերտ Ազարյանը 90 տարեկան է
2019-02-11 12:01:21

Այսօր հայկական սպորտի լեգենդ Ալբերտ Ազարյանը դառնում է 90 տարեկան: Ողջ աշխարհում հայտնի է նրա «Ազարյանական խաչը»: Այս տարրն առաջին անգամ կատարել է 1953 թ. ԽՍՀՄ առաջնության ընթացքում,իսկ համաշխարհային ճանաչում է ստացել հաջորդ տարի՝ 1954 թ:

Ալբերտ Ազարյանը ծնվել է 1929 թվականին Գանձակում: 1952 թվականին առաջին անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն՝ օղակներ վարժությունից։ 1953 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում մեկնել է միջազգային մրցումների Չինաստան, Ֆրանսիա։ 1954 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է Իտալիայում աշխարհի առաջնության մրցումներին և դարձել աշխարհի չեմպիոն՝ օղակներից։ 1955 թվականին Արևելյան Գերմանիայում մասնակցել է Եվրոպայի առաջնության մրցումներին և նվաճել երկու մեդալ՝ օղակներից և զուգափայտից։ 1956 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ 1956 թվականին Ավստրալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն՝ օղակներից։ 1958 թվականին Մոսկվայում մասնակցել է աշխարհի առաջնության մրցումներին՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչում՝ օղակներից։

1960 թվականին Իտալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն՝ օղակներից։ 1961 թվականին ԱՄՆ-ում մասնակցել է միջազգային մրցումների, ինչից հետո հանդես է եկել Կուբայում։ 1963 թվականին մասնակցել է Ինդոնեզիայում Ասիական երկրների փոքր օլիմպիական խաղերին, որտեղ նվաճել է երկու ոսկե մեդալ՝ օղակներից ու պտտաձողից և դարձել բացարձակ չեմպիոն։

Նրան շնորհավորական ուղերձ է այսօր հղել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 1-ին տեղակալ-նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը.

«Մեծարգո պարոն Ազարյան, սիրելի վարպետ, հայկական սպորտի և օլիմպիական շարժման դեռևս չգերազանցված լեգենդ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 90-ամյակի կապակցությամբ: Դուք համաշխարհային սպորտի այն մեծություններից եք, որը ոչ միայն ծանրակշիռ ավանդ և հսկայական վաստակ ունի մարմնամարզության զարգացման գործում, այլև միջազգային ճանաչման նոր մակարդակի է հասցրել հայկական սպորտը:

Դուք մարզիկի, մարզիչի, ֆեդերացիայի նախագահի և ուղղակի՝ սպորտի նվիրյալի լավագույն օրինակ եք, որին ձգտելու են նմանվել դեռ շատ ու շատ սերունդներ, սերունդներ, որոնց համար «ազարյանական խաչը» լինելու է մարզական ձեռքբերումների նշաձող: Սիրելի պարոն Ազարյան, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ՝ 90-ամյա հոբելյանի առթիվ: Համոզված եմ, որ այսուհետ ևս շարունակելու եք ապրել և աշխատել Ձեզ հատուկ երիտասարդական ավյունով: Մաղթում եմ առողջություն, անսահման եռանդ և երկար տարիների կյանք»,- գրել է Գաբրիել Ղազարյանը Facebook-ի իր պաշտոնական էջում:

0:00
0:00