ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հակահայ թուրք լոբբիստն այսօր ԱՄՆ-ում դատարանի առջև կկանգնի
2019-02-11 12:54:36

Այսօր ԱՄՆ-ում դատարանի առջև է կանգնելու Հայաստանում օգոստոսի 31-ին կալանավորված, ապա ԱՄՆ-ին արտահանձնված ազգությամբ թուրք հակահայ լոբբիստ Քեվին (Քեմալ) Օքսուզը՝ հայտնում է Ermenihaber.am կայքը: Օքսուզի նկատմամբ ԱՄՆ-ում առաջադրված է 5 մեղադրանք։ Նա ԱՄՆ-ի քաղաքացի է և մեղադրվում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովից փաստացի նյութերը կեղծելու միջոցով թաքցնելու և ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովին կեղծ հայտարարագիր ներկայացնելու մեջ:

2018թ. դեկտեմբերին ամերիկյան դատարանը վճռել էր նրան 50 հազար դոլար գրավի դիմաց ազատ արձակել: Սպասվում է, որ Օքսուզի դատավճիռը կհրապարակվի հենց այսօր։

ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվող Օքսուզը 2018թ օգոստոսի 29-ին ձերբակալվել էր Երևանում: Քևին Օքսուզը Հայաստանում 2017 թվականի սեպտեմբերին հիմնել էր «ԴԸ ՍԵՆԱ ԳՐՈՒՊ» ընկերությունը, որը զբաղվում էր տարատեսակ միջոցառումների կազմակերպմամբ: Նախորդ տարվա սեպտեմբերին Քեմալ Օքսուզի կողմից խոշոր չափերի հարկեր չվճարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով մասով հարուցվել էր քրեական գործ: Ամերիկյան կողմը մինջնորդություն էր ներկայացրել ՀՀ դատախազություն Օքսուզին հանձնելու վերաբերյալ:

Հայաստանի գլխավոր դատախազի որոշմամբ՝ բավարարվել էր Քևին Օքսուզի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով ԱՄՆ իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը:

Օքսուզը հետախուզվում էր նաև Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից։ Թուրքական կողմը նրան մեղադրում է Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեջ։ Դրա շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունը Թուրքիայի իրավասու մարմիններից ստացել էր միջնորդություն` Օքսուզին իրենց հանձնելու վերաբերյալ: Ի պատասխան դրան, ՀՀ գլխավոր դատախազությունից ասել էին, թե Օքսուզին արտահանձնելու պահանջով ԱՄՆ Թուրքիայից առաջ էր դիմել։