ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Մարտի 1»-ի խճանկարը գրեթե ամբողջացվել է, ասում է փաստահավաք խմբի անդամը
2019-02-11 17:20:25

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խոստանում է, որ իր առաջիկա տարեկան զեկույցը ամբողջովին տարբերվելու է նախորդ մյուս զեկույցներից: Ոչ միայն փաստահավաք, այլեւ վերլուծական եւ համեմատական լուրջ աշխատանք է իրականացրել, անդրադառնալու է նաեւ ապրիլյան հեղափոխության դրվագներին:

Այսօր, ի դեպ, հայտնի է դարձել, որ Թաթոյանի հայցը բավարարել է ՍԴ-ն: Խոսքը կալանավորների պահման պայմանների մասին է: Օմբուդսմենն այսօր Աժ-ում էր: Աշխատանքային հանդիպում ուներ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ:

Մարդու իրավունքների պաշտպանության շրջանակում այսօր Աժ-ում խոսել են նաեւ 2008-ի մարտի 1-2 դեպքերի քրեական գործի մասին:   

0:00
0:00

«Երեւան կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող երկրորդ նախագահը Ռոբերտ Քոչարյանին վերջերս հանդիպել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Այցը օմբուդսմենի նախաձեռնությամբ էր, առանձնազրույցից մանրամասներ Թաթոյանը չի պատմում, ինչպես նաեւ խուսափում է գործի քաղաքական գնահատականներից:

«Մարդու իրավունքների պաշտպանը օժտված չէ այն իրավական գործիքներով, որպեսզի արձանագրի ընթացող քրեական գործով քաղաքական հետապնդում է իրականացվում, թե՝ չէ»:

2008-ին սահմանադրական կարգը տապալելու փորձի մեջ մեղադրվող պաշտոնաթող նախագահը պահվում է մենախցում: Կալանավայրի աշխատակիցների վերաբերմունքից բողոքներ չունի: Դժգոհությունները հիմնականում ընտանիքի անդամների հետ տեսակցելու սահմանափակումից են եւ համակարգիչ չտրամադրելուց:  

« Արգելանք կա, բայց մենք աշխատել ենք այդ ուղղությամբ: Ես կարծում եմ, նաեւ մեր միջամտությունից հետո էր, որ որոշակի թույլտվություններ եղան ընտանիքի հետ տեսակցելու: Էլեկտրոնային միջոցներից օգտվելու խնդիրը մենք մշտապես բարձրացրել ենք, բայց պարզապես միակ խնդիրը այն է՝ բոլոր ազատությունից զրկված անձանց ենք ներկայացնում, որ ինտերնետային հասանելիություն էլեկտրոնային միջոցը չի կարող ունենալ , որովհետեւ դա ոչ միայն մեզ մոտ է արգելված, այլ՝ աշխարհում էլ է այդպես ընդունված»:


Նշված սահմանափակումները տարիներ շարունակ գործող օրենքների կարգավորումերով են նախատեսված: Մինչդեռ այսօր հայտնի դարձավ՝ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել պատժախցում հեռախոսակապից, նամակագրությունից եւ այլ հաղորդակցությունից մեխանիկական զրկումը: Ազգային ժողովը եւ կառավարությունը համապատասխան օրենսդրական դրույթները պետք է շտկեն մինչեւ հունիսի 5-ը: Սա փոփոխություններ է ենթադրում գործող մի շարք օրենքներում եւ կառավարության որոշումներում: Կալանավայրերում գտնվողների հանդեպ պահման պայմանների մեղմացումը, սակայն, որեւէ ազդեցություն չի ունենա հնչեղություն ունեցող գործերի վրա: 2008-ի մարտի 1-2-ի գործի քննության նոր փուլը մեծապես կարեւորում է նախկին փաստահավաք խմբի անդամ, այժմ ԱԺ պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

« Նախկինում կար կոծկելու քաղաքական պատվեր, այսօր Մարտի 1-ի գործով կա ամբողջությամբ բացահայտելու քաղաքական պատվեր: Պատվեր բառը լավ չի հնչում, բայց սա բացառիկ հնարավորություն է: Բանակը պետք է լինի առաջնահերթություն, որպեսզի բանակի թեման քննվի եւ դրվի մի կողմ: Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, որպեսզի այնտեղ ծառայողները գուցե մասնակցել են մարտի 1-ի ինչ-ինչ գործողությունների, շարունակեն իրենց լիարժեք ծառայությունը եւ հիմնականում պատասխանատվության ենթարկվեն այն պատասխանտուները, որոնք քաղաքական որոշումը բերեց մարտի 1-ի: Հիմա, նախագահները եթե ասելիք ունեն, կարծում եմ, պետք է հարցաքննվեն: Կարծում եմ, ձեզ բոլորիդ պետք է ուրախացնի այն փաստը, որ չհարցաքննվող որեւէ մեկը չկա»:  

Փոխարենը՝ այսօր մի իրավիճակ է, երբ քրեական գործով երկու առանցքային մեղադրվողներ Հայաստանի սահմաններից դուրս են: Խոսքը՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի եւ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի մասին է:

«Առանցքային ներկայացուցիչներն իրենք էլ արդեն հոգեբանորեն գիտակցում են, որ իրենց՝ երկրից սահմանից դուրս գտնվելը պարզապես անիմաստ է: Չգիտեմ՝ Վահագն Հարությունյանն ինչպես է մտածում, բայց չգիտեմ ինչի ես այն համոզմունքն ունեմ, որ Միքայել Հարությունյանը պետք է գա եւ նախաքննությանը ներկայացնի այն տեղեկատվությունը ինչին տիրապետում է»:

Անդրանիկ Քոչարյանը ենթադրում է, որ այս փուլում՝ քրեական գործի շրջանակներում բոլորը բացի Միքայել Հարությունյանից արդեն ներկայացրել են ամբողջ խճանկարը հայտնի 0038 հրամանի հետ կապված, բացառությամբ այն հատվածի, որը, ինչպես պատգմավորն է ասում, դեռ գտնվում է գաղտնիության ռեժիմի տակ: