ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Լրագրողական կազմակերպությունները բողոքում են ՀՌԱՀ-ից. վերջինը հակադարձում է
2019-02-11 18:57:23

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

2018-ի ապրիլյան իրադարձություններից հետո Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում էր կայացրել  հինգ անդամից բաղկացած մրցութային հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի Հանրային հեռուստաընկերության խորհրդի անդամների ընտրություններով:

Անկախ մրցութային հանձնաժողովի կազմում պետք է լինեին ԿԳ,  մշակույթի նախարարություններից ներկայացուցիչներ, մեկ անդամ պետք է ներկայացնեին  լրագրողական կազմակերպությունները, ևս մեկը` ստեղծագործական միությունները, հինգերորդ անդամին պետք է ներկայացներ-նշանակեր Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը:

ՀՌԱՀ այս նախաձեռնությունը դրական արձագանք էր ստացել, սակայն հանձնաժողովի ձևավորման փուլում խնդիրներ են առաջացել:

«Ա1+»-ի օրերս հրապարակած «Սաթիկ Սեյրանյանին չե՞ն լիազորել» վերտառությամբ հոդվածը  կասկածի տակ է դրել անկախ մրցութային հանձնաժողովի ձեւավորումը:

0:00
0:00

Մարտի 1-ին լրանում է հեռուստառադիոընկերության  խորհրդի նախագահ  Ռուբեն Ջաղինյանի պաշտոնավարման ժամկետը: Հետևաբար  հեռուստառադիոընկերության  խորհրդում թափուր տեղ է առաջանալու: 

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» գործող օրենքը սահմանում է, որ Հանրային  հեռուստառադիոընկերության  խորհրդի անդամի թափուր  տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով  Հեռուստատեսության և  ռադիոյի հանձնաժողովը ձևավորում է մրցութային հանձնաժողով, որի անդամների ընտրության կարգը  սահմանում է նույն հանձնաժողովը:

Վերջինը թեև կարող էր օրենքի ուժով նշանակել մրցութային հանձնաժողովի անդամներին, բայց 2018-ի ամռանը որոշեցին գործընթացում ընդգրկել ոլորտին առնչվող պետական ու հասարակական կառույցներին: Սակայն մրցութային հանձնաժողովի կազմավորման փուլում խնդիրներ են  առաջացել:

«Լրագրողական կազմակերպությունների կողմից ընտրվեց Լևոն Բարսեղյանը որպես մրցութային հանձնաժողովի անդամ: Մյուս ներկայացուցիչը պետք է ընտրվեր ստեղծագործական միությունների կողմից: Հենց այստեղ էլ սկսվում է ամենահետաքրքիրը. վերջերս հրապարակվեցին հոդվածներ, որտեղ նշվում է, որ մի շարք ստեղծագործական միությունների անդամներ տեղյակ չեն եղել այդ գործընթացից»,- ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Ստեղծագործական միություններից ստացված արձագանքը Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, որը համակարգել է մրցութային հանձնաժողովում լրագրողական կազմակերպությունների  թեկնածուի առաջադրումը, բնորոշում է տհաճ անակնկալ, որը ստվերում է ողջ գործընթացը:

«Տարօրինակ իրավիճակ է ստեղծվել , որի հանգուցալուծումն  ակնկալում ենք ՀՌԱՀ –ից»,-ասում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի  խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, որը հիշյալ մրցութային հանձնաժողովի անդամ է առաջադրվել 12 լրագրողական  կազմակերպությունների կողմից:  Բարսեղյանն ասում է, որ մրցութային հանձնաժողովում Սաթիկ Սեյրանյանի նշանակման իրավական հիմքերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով գրավոր դիմել է ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանին: Պատասխանը, ասում է, ընդհանրական է, չի բավարարում:

Ստեղծված իրավիճակի առնչությամբ «Ռադիոլուրը» փորձեց պարզաբանումներ ստանալ  Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանից: Վերջինը նշեց, որ ամբողջ գործընթացն իրականացվել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» գործող օրենքի շրջանակում, օրենքից դուրս ոչինչ տեղի չի ունեցել:

«Այդ օրենքում մեկ բառ անգամ  չկա, որ մենք պարտավոր ենք խորհրդակցել ստեղծագործական  միությունների, նախարարությունների  կամ ՀԿ-ների ներկայացուցիչների  հետ: Օրենքի ուժով հանձնաժողովը իրավունք ունի նշանակելու ցանկացած անդամի, որը համապատասխանում է նույն օրենքի դրույթներին: Բարի կամքը շահարկման առարկա չպետք է դարձնել: Պետք է խոսել օրենքը խախտելու կամ չխախտելու մասին: Ես համոզված եմ, եթե Սեյրանյանը չլիներ այսօրվա  իշխանությանը ինչ-որ չափով ընդդիմադիր, այդ հարցը չէր ծագի»:

«Խնդիրը քաղաքական ենթատեքստ ունի, իսկ մենք ուզում ենք ձևավորել վերկուսակցական, վերքաղաքական ու վերգաղափարական հանձնաժողով, ինչն էլ, ինչ-որ առումով, կարողացել ենք անել»,- եզրափակեց Տիգրան Հակոբյանը: