ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Առաջիկայում հայրենիքը կազատվի կոռուպցիոն կառավարման վերջին բացիլներից. Փաշինյան
2019-02-12 17:00:10

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

7-րդ գումարման Աժ-ը այսօր վերսկսել է առաջին նստաշրջանի ընդհատված նիստը: Օրակարգում կառավարության ծրագիրն է: Փաստաթուղթը ներկայացնելու համար կառավարությունը Աժ էր գնացել ողջ կազմով: Ծրագիրը ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ փաստաթղթի բովանդակային հատվածին անցնելը, սակայն, վարչապետը խոսել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քաղաքական նշանակության մասին: Այնպես չէ, որ վարչապետը թերություններ չի նկատել:

Հայաստանում այսօր հաստատված քաղաքական համակարգը անթերի չի համարում եւ լրջագույն բարեփոխումների կարիք է տեսնում: Տեղի ունեցած փոփոխություններում անրջելին, ըստ Փաշինյանի, միայն քրեաօլիգարխիկ ռեժիմի վերացումն է: Վարչապետի ներկայացմամբ՝ առաջիկայում հայրենիքը կազատվի քրեաօլիգարխիկ եւ կոռուպցիոն կառավարման վերջին բացիլներից:


Քիչ թվերով, բայց նոր ուղենիշերով. այսպիսինն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության հնգամյա ծրագիրը, որը այսօրվանից քննարկման է ներկայացվել Աժ: Շատերը քննադատում են, որ փաստաթղթում թվեր չկան: Թվային հաշվարկների սակավությունը վարչապետը յուրովի է հիմնավորում.

«Այն ժամանակ էլ մեզ ասում էին՝ դե ասեք ինչպես եք անելու ձեր հեղափոխությունը: Կոնկրետ ե՞րբ, որտե՞ղ, տարվա ո՞ր եղանակին: Այն ժամանակ նույնպես մենք խուսափում էինք կոնկրետ թվեր ասելուց: Հենց սրանում է հայկական ոչ բռնի, թավշյա հեղափոխության հմայնքը, որ մնացել է անկանխատեսելի: Հետեւաբար, մենք այդպիսի կանխավարկածով ենք մոտենում նաեւ հայկական տնտեսական հեղափոխությանը»:

Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից արդեն ազդարարեց Հայաստանում համաժողովրդական տնտեսական հեղափոխության մեկնարկը: Մտածողության ուրիշ հարթություն են ստեղծում: Կառավարությունն ակնկալում է՝ տնտեսական հեղափոխությանը մասնակից կդառնան բոլոր քաղաքացիները, ինչպես դա եղավ 2018-ի ապրիլ-մայիսին քաղաքական փոփոխությունների ժամանակ: Խոսքը՝ յուրաքանչյուր քաղաքացու վարքագծի փոփոխության մասին է՝ խանութներում ՀԴՄ պահանջելուց մինչեւ հարկ չթաքցնելը:

Վկայակոչված օրինակները շատ էին՝ ինչպես խոշոր գործարարները հարկատեսակի փոփոխության եւ խոշոր հարկերից խուսափելու համար տրոհեցին իրենց բիզնեսները, ինչպես երգիչները չեն ցանկանում մտնել հարկային դաշտ, ինչպես առեւտրականները պատրաստ են սահմանում առանց մաքսազերծման թույլատրելի 25 կիլոգրամներով դատարկել մի ամբողջ բեռնատարը, բայց չհայտարարագրել ներկվող ապրանքը եւ այդպես շարունակ:

«Եթե չի փոխվում՝ այս հեղափոխությունն իմաստ չունի: Եթե չի փոխվում պետք է այդ մարդկանց ասել՝ սիրելի հայրենակիցներ, բերեք ձեզ համար հարմար կառավարություն ձեւավորեք ու հանգիստ ապրեք իրար հետ՝ իրարից հարկ թաքցնելով, գեղանալով, բաժանելով եւ այլն: Բայց ես համոզված եմ, որ այդպիսի բան չի լինի»:

Կառավարության նոր ծրագրում, ամեն դեպքում, թիվ կարելի է գտնել: Օրինակ՝ թվերից մեկը ընկալվում է որպես տնտեսական նոր ուղենիշ:

«Տնտեսական համակարգում նոր ուղենիշ ներմուծել՝ «միկրոբիզնես» եւ որը պետք է ազատված լինի բոլոր հարկերից: Խոսքը՝ մինչեւ 24 միլիոն տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսների մասին է»:


Առաջիկա 5 տարվա համար կառավարությունը ծրագրել է էական կրճատել ծայրահեղ աղքատությունն ու գործազրկությունը, հասնել թոշակների եւ աշխատավարձերի պարբերական աճի: Այսպիսի ընդհանրական ձեւակերպումները մտահոգում են օրինակ ԲՀԿ-ից պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին:

«36 դեպքում օգտագործվել է «խթանել» արտահայտությունը, 16 դեպքում նշված է, որ կառավարությունը «անհրաժեշտ է համարում»: Արդյո՞ք մտավախություն չունեք, որ այս ծրագիրը այս ձեւով ընդունվելու դեպքում նույնացում չի արվի նախորդ կառավարությունների ծրագրի հետ, որտեղ նորից գերակայում էին այսպիսի անորոշ դրույթները, ապագային հանձնված բարի ցանկությունները եւ դրա համար էլ որեւէ կառավարություն պատասխանատվություն չկրեց իր ձախողման համար»:

«Ես ձեզ հետ համաձայն չեմ, որ ՀՀ որեւէ կառավարություն պատասխանատվություն չի կրել: Ես կարծում եմ, որ բոլոր կառավարությունները կրել են, կրում են եւ կրելու են»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

Տնտեսականից բացի կառավարության հնգամյա ծրագրում կա նաեւ քաղաքական հատված: Այստեղ նոր ուղենիշ կարելի է գտնել արցախյան հիմնախնդրին նվիրված հատվածում: Նոր մոտեցումը վարչապետը համարում է հեղափոխական: Նա հստակ պատկերացնում է, թե ինչպես կարելի է Արցախը վերադարձնել բանակցությունների սեղանին: Ադրբեջանի ցանկությունը այդ դեպքում բանակցային մաս դարձնել Ղարաբաղի ադրբեջանական համայնքին վտանգավոր չի համարում.

«Ղարաբաղի ադրբեջանական համայնքը միշտ մասնակցել է բանակցային ողջ գործընթացին: Նրանք հանդիսանում են Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, եթե չեմ սխալվում, Ադրբեջանում ընտրությունների ժամանակ գործում են ընտրական տեղամասեր եւ ասվում է, որ սա Ղարաբաղի ընտրական տեղամասերն են: Հետեւաբար, Ադրբեջանի դիրքորոշումը մի շարք հարցեր է առաջացնում: Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ Ադրբեջանի գործող իշխանությունը   հայտարարում է ի սկզբանե, որ ինքը չունի լիազորություն ներկայացնելու ողջ ադրբեջանական ժողովրդին, ողջ Ադրբեջան պետությունը բանակցային գործընթացում: Սա շատ կարեւոր նրբություն է»:  

Ինչպես է Հայաստանը առաջ շարժվելու առաջիկա 5 տարվա ընթացքում՝ կառավարության ծրագիրը խորհրդարանում դեռ կքննարկվի մի քանի օր: Վարչապետին հարցեր տալու համար գրանցվել է 53 պատգամավոր:

0:00
0:00