ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Որքանո՞վ է հիմնավոր թունաքիմիկատների թանկացումը
2019-02-13 11:05:18

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցել՝ պարզելու՝ որքանո՞վ է հիմնավոր «Նատալի ֆարմ» ընկերության կողմից թունաքիմիկատների թանկացումը, ու արդյո՞ք նախկին պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի անվան հետ կապվող ընկերությունը չարաշահել է շուկայում իր գերիշխող դիրքը: Մինչ հանձնաժողովը վերջնական արդյունքի կհանգի այսօրվա նիստում, «Նատալի ֆարմից» «Ռադիոլուրի» հետ զրույցում հակադարձում են՝ իրենք գերիշխող դիրք չունեն, իսկ գների բարձրացումը հիմնավոր է:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «Նատալի ֆարմ»-ից պահանջել է հիմնավորել՝ ինչո՞ւ են 2018 թվականին՝ գյուղատնտեսական տարվա հենց մեկնարկին, թանկացել մեր երկիր ներկրվող եւ իրացվող 3 հիմնական տիպի թունաքիմիկատները, ինչն օբյեկտիվորեն կարող էր որոշակի գնաճի հանգեցնել: Հանձնաժողովը հիմք է ընդունել ընկերության հիմնավորումը, որ թունաքիմիկատների ինքնարժեքն աճել է 10 տոկոսով, սակայն նաեւ արձանագրել է՝ վաճառքի գինը բարձրացել է ինքնարժեքի բարձրացումից ավելի քան կրկնակի՝ 24 տոկոսով, ինչը նաև ընկերության շահույթն է ավելացրել: Հանձնաժողովի մեթոդաբանության և ծրագրերի մշակման վարչություն պետ Արման Մանասերյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է.

«Այս ապրանքների գները եւ այս շուկայում շրջանառվող ապրանքներին վերաբերող խնդիրներն իրենց ազդեցությունն են ունենում նաեւ գյուղատնտեսական մթերքի վերջնական գների վրա: Այս շուկայում շրջանառվում են ապրանքներ, որոնք վերաբերում են խիստ մեծաթիվ սպառողների: Ըստ վիճակագրության՝ գլուղոլորտում գործում են շուրջ 340 հազար գյուղացիական տնտեսություններ, որոնք շուկայում առաջնային շահառուներն են»:

Հանձնաժողովը վերլուծել է շուկայի 2017-18 թվականների պատկերն ու արձանագրել՝ 3 հիմնական՝ միջատասպան, մոլախոտերի դեմ եւ հակասնկային թունաքիմիկատների ներկրման և իրացման մասով առկա են խոշոր ընկերություններ: Շուկայում գործում է 12 ընկերություն, որոնցից առաջատարի՝ «Նատալի Ֆարմի» մասնաբաժինը 44 տոկոս է, երկրորդը «Հրաշք այգին» է՝ 31 տոկոս: Մնացած 10 ընկերության մասնաբաժինները միասին կազմում են շուկայի 25 տոկոսը: Մանասերյանը մանրամասնում է.

«Խոշոր ընկերությունների հետ կապված խորացրել ենք ուսումնասիրությունները եւ որոշակի խնդիրներ ենք տեսել: Մասնավորապես, 2018-ին գների բարձրացում է եղել: 1կգ-ի միջին կշռված գինը 2500 դրամի սահմաններում է, 2018-ին՝ 3100 դրամի: Ընկերությունը ներկայացրել է, որ գների փոփոխությունը եղել է ինքնարժեքի փոփոխությամբ պայմանավորված: Սակայն մեր հաշվարկները ցույց են տվել, որ ինքնարժեքներն այդքան մեծ չափով չեն փոխվել: Գների փոփոխությունը մոտ 20 տոկոս է, իսկ ինքնարժեքն ավելացել է մոտ 10 տոկոսով»:

Մինչդեռ «Նատալի Ֆարմ»-ից հակադարձում են նշված հաշվարկներին ու վերապահումով մոտենում ուսումնասիրությանը: Ինչո՞ւ են թունաքիմիկատները մասնակի ու պարարտանյութերից առանձին դիտարկվել՝ հարց է տալիս ընկերության թունաքիմիկատների վաճառքի գծով պատասխանատու Սուրեն Ասատրյանը: Եթե շուկան ընդհանուր դիտարկվեր, միջինացված գների բարձրացումն այդքան կտրուկ չէր ստացվի՝ ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցը:

Աստեղ անառողջ գնագոյացման խնդիրներ չկա՞ն:

«Վայ, չէ: Ես չեմ տեսնում այդտեղ այդպիսի խնդիր: Իրենք այդպես են մեկնաբանում, դա իրենց մեկնաբանության իրավունքն է: Ես կարո՞ղ եմ իրենց մեկնաբանությանը բան ասել: Բայց ես գիտեմ, որ մենք վարկեր ենք վերցրել մեծ տոկոսներով: Դուք միայն նայում եք, որ Չինաստանում իքս գին է, մենք բերել ինչ-որ տոկոս ենք դրել: Բայց մենք վարկ ենք վերցնում, որի տոկոսները եթե դնեք վրան...: Միայն բանկը, ես ինչքան գիտեմ, 8-10 տոկոսով է մեզ վարկ տրամադրում»,-պատասխանում է Ասատրյանը:

«Նատալի ֆարմում» տարակուսած են՝ ինչո՞վ են իրենց գները հատուկ ուշադրության արժանացել, ու ինչպե՞ս է ստացվել, որ այս շուկայում իրենց մասնաբաժնով իրենք գերիշխող դիրք ունեցող են ճանաչվել.

«Շուկայի մյուս բոլոր մասնակիցները բոլորը բողոքում են, որ «Նատալի ֆարմն է» գինը ցածր պահում: Ես, շուկայից ելնելով, որպես մասնագետ, գներ եմ որոշում, որը ընդհունար շուկայից ցածր է: Բոլոր կոնկուրենտները նեղվում են, որ մենք ցածր գին ենք պահում»:

Իրո՞ք ամենացածրն է «Նատալի ֆարմի» ցանցում իրացվող թունաքիմիկատների գինը, թե՞ այն իսկապես անհիմն է բարձրացել՝ վերջնական որոշումը հանձնաժողովինն է: Հիմքում՝ տարատեսակ հաշվարկներ եւ ուսումնասիրություններ: Շուկայում գործող երկրորդ խոշոր ընկերության՝ «Հրաշք այգու» հետ կապված ուսումնասիրությունը շարունակվում է, բայց վարչական վարույթը միայն ամենախոշորի հանդեպ է: ՏՄՊՊՀ-ն լսումներից հետո կորոշի՝ ընկերությանը տուգանի՞, զգուշացո՞ւմ տա, թե՞ հիմք ընդունի թանկացման պատճառաբանությունները: Ամեն դեպքում՝ հսկողությունը շուկայում շարունակվելու է՝ շեշտում է Արման Մանասերյանը: Թիրախում խոշոր ընկերությունների գնային մանեւրներն են, որոնք ուղղակիորեն ազդում են գյուղմթերքի գների վրա: Իսկ մինչ այդ՝ «Նատալի ֆարմից» շտապում են հանգստացնել՝ գների նոր բարձրացումներ չեն լինելու: Դեռ հակառակը՝ թունաքիմիկատներն էժանանալու են: Շուտով կտեսնեք՝ խոստանում են: Չինաստանում, որտեղից ամենամեծ ներկրումներն են, մոտ 15 տոկոսով գներն արդեն իջել են՝ ասում է Սուրեն Ասատրյանը:

0:00
0:00