ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Այցելուները ցանկանում են ավելացնել անվճար բժշկական օգնության ցանկը
2019-02-13 12:45:41

Սաթիկ Իսահակյան

«Ռադիոլուր»

Արմավիր բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի վճարովի ծառայությունների մուտքերն անցած տարվա համեմատությամբ եռակի աճել են: Նախատեսվել է պոլիկլինիկայում ներդնել նոր սարքավորումներ, որով կբարելավվի մատուցվող ծառայությունների որակն ու կնվազի տեղի բնակչության հոսքը մայրաքաղաքի բժշկական հաստատություններ:

2018թ պետական բյուջեից Արմավիրի բժշկական կենտրոնին ամբուլատոր -պոլիկլինիկական բժշկական օգնության կազմակերպման նպատակով հատկացվել էր 292 մլն. 980 հազ. 500 դրամ: Կառավարության որոշմամբ և առողջապահության նախարարի հրամանով կարգավորված է առողջության առաջնային պահպանության օղակներում մատուցվող ծառայությունները: Սահմանված է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման արտահիվանդանոցային ծառայությունների չափորոշիչը: Պետպատվերի շրջանակներից դուրս Արմավիրի պոլիկլինիկան մատուցում է նաև վճարովի բժշկական ծառայություն, որի գները հաստատել է Արմավիրի մարզպետը: Արմավիր բժշկական կենտրոնի տնօրեն Սարգիս Խաչատրյանը թվարկում է վճարովի բժշկական օգնությունների ցանկը՝ միջամտություններ, դժվարամատչելի հետազոտություններ, էխոկարդիոգրաֆիա, գաստրոսկոպիա, կոլոնոսկոպիա, վահանաձև գեղձի հորմոնների հետազոտություն և այլն:

Արմավիրի պոլիկլինիկայի 1-ին հարկում, անկետաների բաժնի աջ կողմի պատին փակցված են վճարովի բուժօգնության ցանկը և գները: Գները փակցված են նաև լաբորատորիայի միջանցքում և մի քանի կաբինետներում: Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության դիմող պացիենտների մեծ մասը ուշադրություն չի դարձնում պատին փակցված վճարովի ծառայությունների ցանկին:

Ամբուլատոր- պոլիկլինիկական վճարովի բժշկական օգնության ծառայությունների հաշվին այս տարվա հունվար ամսվա մուտքերն անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ եռակի ավելացել են: Արմավիր բժշկական կենտրոնի գլխավոր հաշվապահ Գարիկ Չիլինգարյանը նշում է, որ 2018թ հունվար ամսին հիվանդանոցի բյուջե է մուտքագրվել 881 հազ. դրամ, իսկ 2019թ-ին՝ 1մլն 62 հազ. 500 դրամ:

Բժշկական ծառայությունների որակը բարելավելու նպատակով նախատեսել են ձեռք բերել որոշակի սարքավորումներ: Առողջապահության ոլորտում զարգացած տեխնոլոգիաների ներդրումը մեծ պահանջարկ ունի, ասում է Արմավիրի պոլիկլինիկայի կլինիկո-դիագնոստիկ լաբորատորիայի վարիչ Ալինա Ղազարյանը:

Նոր սարքավորումների անհրաժեշտություն է զգացվում նաև քիթ-կոկորդ-ականջաբան բժիշկի կաբինետում: Բացի դա պոլիկլինիկան չունի լոկալ ջեռուցման համակարգ, կաբինետները ջեռվուցվում են էլեկտրական ջեռուցիչներով: Շենքը վերանորոգման կարիք ունի: Բժիշկ Համբարձում Համբարձումյանը մատնանշում է իրենց աշխատանքնային կաբինետն ու միջանցքը, որտեղ անմխիթար վիճակ է.

«Մեր միջանցքը տեսաք ինչ վիճակում է, հազար անգամ բարձրացրել եմ խնդիրը: Ամաչում եմ, որ այս հագուստով պոլիկլինիկայում ման գամ, ահավոր գումարներ են ծախսվում հոսանքի վրա, որ մենք ջեռուցենք կաբինետները: Այդ գումարով կարելի է կենտրոնացված ջեռուցում ունենալ»:

Պոլիկլինիկա հաճախող քաղաքացիներից մեկը դժգոհություն հայտնեց բուժական սենյակի և լաբորատորիայի իրարից 3 հարկաբաժին հեռու գտնվելու մասին, որտեղ պացինետները արյուն են հանձնում երակից:

«Սրտի առիթնիայով հիվանդ եմ, ես ինչպես բարձրանամ 3-րդ հարկ, արյունս վերցնեն, հետո իջնեմ առաջին հարկ, տամ լաբորատորիա: Կամ ձեռնափայտով հիվանդներն ինչպես գնան: Թող ներքևում արյուն քաշեն»:

Սրտաբանի կաբինետը նույնպես 3-րդ հարկում է, ինչից դժգոհում են նաև սրտաբանի այցելուները: Պոլիկլինիկայի պացիենտները ցանկանում են ավելացնել պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկը:

0:00
0:00