ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչպե՞ս կլուծվի ստորգետնյա քաղաքում ապրողների հարցը
2019-02-13 14:00:02

Անի Մինասյան

«Ռադիոլուր»

Գետնանցումները բազմաբնույթ են՝ շատերի համար փողոցը չանցնելու այլընտրանք, շատերի համար եկամտի միջոց՝ առևտուր իրականացնելու համար հարմար վայր, շատերի համար էլ տուն ու տեղ, պետքարան ու լոգարան՝ ամեն ինչ ապրելու համար:

«Կինո Հայրենիքի» գետնանցումը բացառություն չէ։ Վերջին օրերին տարածքում ապրող բնակիչների բողոքներին ի պատասխան պատկան ու պատասխանատու մարմինները, կարծես թե, սկսել են տեղից շարժվել: Վերգետնյա Երևանում ապրողների խնդիրը լուծելով, ինչպես պետք է լուծվի ստորգետնյա քաղաքում ապրողների ապագան:

«Կինո Հայրենիքի» գետնանցումի հոտը զգալու համար բավական է անցնել անգամ վերգետնյա հատվածով: Սակայն գետնանցումի վերգետնյա հատվածը դեռ լիարժեք պատկերացում չի տալիս ստորերկրյա կյանքի մասին:
Տարածքի բնակիչների հետ իջնում ենք գետնանցում. նախկինում առևտրի կրպակները վերածվել են բնակարան-կացարանների, պետքարանների ու խնջույքի վայրերի նրանց համար, ովքեր գլխավերևում տանիք չունեն:

Ստեղծված իրավիճակում խոսափողս կարծես ազատ ամբիոն է, որտեղ մարդիկ մոտենում են ու հայտնում իրենց մտահոգությունները: Գետնանցումի բնակիչները նոր հարևաններ չեն «Կինո Հայրենիքի» տարածքում ապրողների համար, երեկվանից սկսած ոտքի են կանգնել, իրենց խոսքով, բարձրաձայն սկսել խոսել խնդրի մասին:
Տարածքում մեր գտնվելու պահին աշխատում էր նաև քաղաքի մաքրություն իրականացնող «Սանիթեք» ընկերության աշխատակիցը, մաքրում էր տարածքը: Ասում է՝ մաքրելը մաքրում են ամեն օր, բայց բնակարան դարձած կրպակների մոտենալ ու մաքրել չեն կարողանում՝ բնակիչներն են ագրեսիվ:

Գետնանցումից դուրս գալուց հետո Շենգավիթ վարչական շրջանի համայնքնապետարան հասնելը մի քանի քայլ է: Բնակիչները դեռ երեկ բողոքում էին՝ թաղապետարանում մի քանի քայլի վրա խնդիրների մասին տեղյակ չեն:
Համայնքապետարանում մի քանի բաժիններ մտնել դուրս գալուց հետո հնարավորություն եղավ հասնել վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հովհաննես Ղալեչյանի աշխատասենյակ:

Պարզվեց՝ խնդրին տեղյակ են, զբաղվում են: Տարիներ առաջ «Կինո Հայրենիքի» գետնանցումի տարածքը վարձակալությամբ է տրամադրել, հետո՝ պայմանագիրը խզվել է: Նախօրեին ծանուցում են ուղարկել նախկին վարձակալին՝ գույքը գետնանացումից դուրս հանելու համար:

10-օրյա ժամկետում պետք է գործեն, օրենքի պահանջն է՝ ասում է Ղալեչյանը:

Դրսում բնակիչներն անհամբերությամբ սպասում էին իրենց համայնքի ղեկավարից պատասխանի: 10-օրյա ժամկետն իրենց գոհացնում է, կսպասեն 10 օր էլ՝ վստահեցնում են:

Իսկ կրպակների ապամոնտաժումն այնտեղ ապրողների համար խնդիր է: Կացարան-կրպակները եթե չլինեն, գետնանցումում էլ չեն ապրի: Իսկ ի՞նչ կանեն ու ո՞ւր կգնան: Մեկ ա՞յլ գետնանցում…

0:00
0:00