ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՀՔԾ-ն չի մանրամասնում Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքը
2019-02-13 17:00:51

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից հայտնում են, որ Ռոբերտ Քոչարյանն իրեն առաջադրված նոր մեղադրանքը նույնպես չի ընդունում: Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հովհաննես Խուդոյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում շեշտեց, որ առաջադրված նոր մեղադրանքի հետ կապված դիրքորոշում հայտնելու կարիք էլ նույնիսկ չեն տեսնում:

 «Նույնիսկ դիրքորոշում հայտնելու կարիք չենք տեսել, որովհետեւ ակնհայտ զավեշտալի է դա. անգամ՝ քննարկման հարց չի կարող լինել, թե սա հիմնավո՞ր է, թե՞ անհիմն»: 

Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ այս պահի դրությամբ պաշտպանական խումբը տվյալ մեղադրանքի հետ կապված որեւէ բան չի ցանկանում անել: Նախ, ասաց փաստաբանը, որեւէ ինֆորմացիա չունենք, թե ինչի՞ հիման վրա է ՀՔԾ-ն նման ենթադրության եկել:

Գործարար Սիլվա Համբարձումյանը 2018-ի նոյեմբերի 2-ին տված ասուլիսում էր հայտարարել, որ ինքը 2008-ին խոշոր գործարք է արել արաբների հետ եւ իրեն «չխանգարելու համար վճարել է ե՛ւ հանրապետության նախագահին՝ Ռոբերտ Քոչարյանին, ե՛ւ ….»:   


Հենց այս արտահայտության համար Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Սիլվա Համբարձումյանի դեմ՝  նրան մեղադրելով զրպարտության մեջ: Հովհաննես Խուդոյանն ասաց, որ այս գործը դեռ ընթացքի մեջ է:

«Ռադիոլուրը» փորձեց պարզաբանում ստանալ նաեւ գործարար Սիլվա Համբարձումյանից: Մեր հեռախոսազանգերին, սակայն, նա օրվա ընթացքում չպատասխանեց: Փոխարենը՝ գործարարը «Factor.am»-ի հետ  զրույցում հերքել է տարածված տեղեկությունը, թե ինքը կաշառք է տվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Նա նշել է, թե իր համար նույնիսկ զարմանալի է,  որ իր անունը կապվում է Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքի հետ:

Առայժմ պարզաբանում չկա նաեւ ՀՔԾ-ից: ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանին նոր առաջադրված մեղադրանքի հիմքի հետ կապված այս պահին տեղեկություն չեն հաղորդում։   

0:00
0:00