ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սերժ Սարգսյանը գրեթե ամեն օր գնում է Մելիք Ադամյան
2019-02-13 17:52:04

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Տասնամյակներ կողք-կողքի խորհրդարանում եւ կառավարությունում աշխատած Հանրապետականն ու Դաշնակցությունն արդեն ադապտացվել են «արտախորհրդարանականի» եւ ընդդիմադիրի կարգավիճակին:

Հանրապետականներն իրենց համարում են «ռադիկալ», դաշնակցականները՝ «արմատական»: Վերջիններն անգամ «կառավարությանը տուն ուղարկելու» ծրագիր են մշակել: Այս ամենով հանդերձ Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը իշխանության հասնելը իրենց համար գերնպատակ չի համարում:   

« Եթե այն ծրագրերը, որ մենք ենք պատկերացնում՝ իրենք կառուցեն, խնդիր չկա: Իշխանության գալու հարց էլ չկա»,-ասում է Սաղաթելյանը:

Վերջին տարիների բոլոր խորհրդարաններում եւ կառավարություններում տեղ ունեցած դաշնակցությունը բացառում է նոր իշխանությունների հետ համագործակցելու անգամ հավանականությունը:


Մաս չեն կազմելու այն կառավարությանը, որտեղ չունենան վճռական խոսքի իրավունք: 3 տարբեր կառավարությունների տարբեր ոլորտների նախարար Արծվիկ Մինասյանն այսուհետ համակարգելու է կուսակցությունում ստեղծված մասնագիտացված հանձնախմբերի աշխատանքը:

Դրանք 11-ն են՝ ուսումնասիրելու եւ հրապարակելու են գրեթե բոլոր ոլորտներին առնչվող խնդիրներն ու թվերը: Սա համարում են ակտիվ քաղաքական պայքար: Փողոցներ դուրս չեն գալու, նախապատվությունը տալիս են բանավեճերին: Պատրաստ են բանավիճել նաեւ վարչապետի հետ՝ հասկանալու՝ ո՞վ, ի՞նչ է արել եւ անում:   

«Մենք ոչ թե ուզում ենք որ իրենք ձախողեն, այլ մենք ուզում ենք երկրում իսկապես այնպիսի փոփոխություն լինի, այնպիսի պատասխանատուներ լինեն պաշտոնների վրա, որոնք գիտակցում են, որոնք հասկանում են, պատրաստ են եւ կրում են զարգանալու բեռը իրենց ուսերին: Մեր քննադատությունը ցավոտ է, բայց չարության քննադատություններ չեն»:

Արտախորհրդարանական հանրապետականը ի՞նչ է անելու առաջիկայում: Կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի ընդունում կարծիքը, թե սպասողական վիճակում են, որ կառավարությունը լուրջ սխալներ գործի:

«Մարդկանց մոտ սխալ տպավորություն կա: Հանրապետական կուսակցությունը չի սպասում, որ կառավարությունը տապալի, որ ինքը ուրախանա: Մենք ինադու Նիկոլ Փաշինյանի չենք պայքարում: Մենք պայքարում ենք հանուն Հայաստանի եւ Արցախի անվտանգության, հանուն մեր ազգային եւ քրիստոնեական արժեքների ամրապնդման եւ մեր քաղաքականությունը պետք է հիմնված լինի ոչ թե ամեն կերպ օրվա իշխանություններին քննադատել եւ սեւացնելով, այլ՝ սեփական քաղաքական օրակարգը հրապարակ բերելով»:

«Հրապարակ դուրս բերել» ասվածը փոխաբերական իմաստով էր: Հանրապետականները չեն քննարկում փողոցային պայքարի տարբերակը, նախընտրում են այլ ուղիներ: Մինչդեռ խոսակցություններ են տարածվում, թե կուսակցությունն իրականում ճգնաժամի մեջ է: 21 հոգանոց Գործադիր Մարմնի նիստերը չեն գումարվում: Այդ կառույցից արդեն դուրս են եկել Հովիկ Աբրահամյանը, Կարեն Կարապետյանը, Սամվել Ֆարմանյանն ու Արփինե Հովհաննիսյանը: Եթե հաշվի առնենք, որ գործիչների մի մասն էլ ինչ-ինչ պատճառներով այլեւս «տեսադաշտում» չեն, ապա առաջանում է սովորական քվորումի խնդիր:

« Քվորումի որեւէ խնդիր չկա: Հանրապետականում ոչ միայն ճգնաժամ չկա, այլ՝ Հանրապետականն ունի բազմաթիվ ծրագրեր, ամենօրյա ռեժիմով աշխատում է եւ բոլոր նրանք, ովքեր ասում են՝ հանրապետական կուսակցությունը ճգնաժամի մեջ է, կասեմ՝ ճգնաժամը, ներողություն, իրենց ուղեղների մեջ է»:   

Էդուարդ Շարմազանովի ներկայացմամբ՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը գրեթե ամեն օր գնում է կուսակցության՝ Մելիք Ադամյան փողոցում գտնվող գրասենյակ եւ ակտիվ մասնակցություն ունենում կուսակցական-քաղաքական քննարկումներին ու որոշումների ընդունմանը։

0:00
0:00