ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչու եւ ինչպես Արցախը պետք է վերադառանա բանակցային սեղան
2019-02-13 18:45:49

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Արցախին բանակցություններում ներգրավելու կարևորության մասին պարզաբանումից հետո այսօր չի ուշացել Ադրբեջանի պատասխանը: Հակառակորդի դիվանագիտական գերատեսչությունից նշում են ՝ մի կողմից Նիկոլ Փաշինյանը հայտարարում է խաղաղ պայմաններ ստեղծելու կարևորության մասին, մյուս կողմից փորձում է փոխել բանակցային ձևաչափը ու մեղադրում Ադրբեջանին ագրեսիվ հռետորաբանության մեջ:

Ադրբեջանական կեցվածքին է «Ռադիոլուր»-ի հետ զրույցում անդրադարձել Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին ղեկավարը:

Արդարացի է ՀՀ վարչապետի դիրքորոշումը, որ առանց Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության հնարավոր չէ հասնել հանգուցալուծման՝ ասում է Վահրամ Աթանեսյանը:

Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահը հիշեցնում է, որ այս մոտեցումը համապատասխանում է միջազգային հանրության վերաբերմունքին, քանի որ 1994 թվականին Բուդապեշտի գագաթնաժողովը ճանաչել է բանակցային գործընթացի երեք լիարժեք, իրավահավասար կողմեր:

«Ադարացի է Փաշինյանը»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ԱԺ- ում ևս մեկ անգամ հստակեցրել էր, թե ինչու պետք է Արցախը մասնակցի բանակցություններին: Նա բացատրում է, որ Արցախի ժողովուրդն իրեն չի ընտրել, ուստի և չի լիազորել բանակցել Ղարաբաղի անունից: Արցախի ժողովուրդն ընտրել է իր նախագահին ու նրան է լիազորել Արցախի անունից որպես ներկայացուցիչ բանակցելու՝ ասում է:

Ալիևը հակադարձում է, թե իր հետ բանակցությունների կբերի Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին, այսինքն նրանց, ովքեր ժամանակին ապրել են Արցախում:

«Ստացվում է Ադրբեջանում կան մարդիկ, որոնց ներկայացնելու մանդատ չունի Ալիևը»:

Այս հայտարարությունից հետո չի ուշացել Ադրբեջանից արձագանքը: Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին չսրել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը և նախադրյալներ ստեղծել խաղաղ կարգավորման համար:

Ըստ նրա՝ Հայաստանից վերջերս հնչող հայտարարություններն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան՝ նպաստում խնդրի կարգավորմանը:

Նրա խոսքով՝ մի կողմից Նիկոլ Փաշինյանը հայտարարում է խաղաղ պայմաններ ստեղծելու կարևորության մասին, մյուս կողմից փորձում է փոխել բանակցային ձևաչափը ու մեղադրում  Ադրբեջանին ագրեսիվ հռետորաբանության մեջ:

Վահրամ Աթանեսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում այս առումով իր դիտարկումն է ներկայացնում. Ալիևը պետք է պատանդությունից ազատի նախկինում ԼՂՀ  բնակված ադրբեջանցիներին ու հնարավորություն տա նրանց ինտեգրվելու Արցախի քաղաքական հասարակական կյանքին՝ ասում է:

«Ալիևը կարծում եմ պետք է պատանդությունից ազատի նախկինում ԼՂՀ բնակված ադրբեջանցիներին, որ ինտեգրվեն Արցախի քաղաքական հասարակական կյանքին ու մասը կազմեն քաղաքական գործընթացների, որոնք այսօր ընթանում են Արցախում»:

Բանակցություններին Արցախի մասնակցության մասին հարցին Մեդիամաքսի հետ հարցազրույցում անդրադարձել է նախ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը: Նրա կարծիքով՝ այդ  նպատակին կարելի է հասնել այն դեպքում, եթե երկու հայկական հանրապետությունները հստակորեն բաշխեն իրենց դերերը եւ լիազորությունները Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման գործընթացում:

Այս ուղղությամբ Երեւանի եւ Ստեփանակերտի համակարգված քայլերը թույլ կտան ստեղծել նախադրյալներ Արցախի բանակցային սեղան վերադարձի համար։  

0:00
0:00