ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վաշինգտոնը չի պաշտպանում ՀՀ և ՌԴ գործակցությունը Սիրիայում
2019-02-13 19:16:16

Մառլենա Հովսեփյան
«Ռադիոլուր»

Այսօր ամերիկյան կողմը պաշտոնական արձագանք է տարածել  փետրվարի 8-ին Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու՝ Հայաստանի քայլին: Պետդեպը չի պաշտպանում ՀՀ և ՌԴ գործակցությունը Սիրիայում, սա է Վաշինգտոնի դիրքորոշումը:

Հայտարարության տողատակի և հնարավոր հետևանքների մասին Ռադիոլուրը զրուցել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի և արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ:

ՄՆ Պետքարտուղարության դիրքորոշումն հայաստանյան լրատվամիջոցներին տրամադրել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը: Դրանում Սիրիա հայ մասնագետների խումբ ուղարկելու վերաբերյալ նշվում է, որ Սիրիայի մարդասիրական իրավիճակին արձագանքելու այլ պետությունների ցանկությունը ամերիկյան կողմին հասկանալի է, և Վաշինգտոնը կիսում է Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության շուրջ մտահոգությունները: Այդուհանդերձ շեշտվում է. «Մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության»:

 Հայտարարության մեջ կա նաև ինչու հարցի պատասպանը. «Ռուսաստանը գործակցել է Ասադի ռեժիմի հետ՝ կոտորածի ենթարկելով քաղաքացիական անձանց և պատճառ դառնալով մարդասիրական աղետի: Ռուսաստանը շարունակում է գլոբալ հարթակում հանդես գալ Ասադի ռեժիմի և վերջինիս վայրագությունների պաշտպանության դիրքերից», - ասված է ԱՄՆ Պետքարտուղարության պատասխանում:

Անցյալ ուրբաթ՝ փետրվարի 8-ին հայտնի դարձավ, որ արդեն Հալեպում է գտվում հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած 83-հոգանոց խումբը: Հայաստանի պաշտպանության նախարարությունը փոխանցել էր  որ, որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սիրիայում և հատկապես Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, սիրիական կողմի գրավոր խնդրանքները, ինչպես նաև Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը:

Պաշտոնական Վաշինգտոնի՝ Երևանում դեսպանության միջոցով հայտնած դիրքորոշումը իշխանական թեևը՝  «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող գործիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը   դիտարկում է ռուս-ամերիկյան հարաբերությունների տեսանկյունից, որպես Մոսկվային հասցեագրված մեսիջ:

«Ինձ թվում է, որ այս մեսիջը ուղղված էր Ռուաստանին և հատկապես այս ֆոնի վրա, երբ ԱՄՆ-ն կամ խոստանում, կամ պլանավորում է զորքը Սիրիայից հանել»

Այդ ուղերձը, Իգիթյանի կարծիքով, հայ-ամերիկյան հարաբերությունների վրա չի անդրադառնա:

Մինչ Երևանի պաշտոնական արձագանքը կլինի, փորձագետները վերլուծում են հայտարարության տողատակն ու դրա հնարավոր հետևանքները:

Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու քայլի նկատմամբ  նման վերաբերմունքը, եթե չասենք կոշտ արձագանքը, միանգամայն կանխատեսելի է համարում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

«Կանխատեսելի էր, բնականաբար, որովհետև մենք գիտենք ԱՄՆ շահերը տարածաշրջանում, ԱՄՆ քաղաքական դիրքորոշումը Սիրիայի ճգնաժամի հետ կապված, ԱՄՆ հարաբերությունները Իրանի և ՌԴ հետ: Կանխատեսելի էր, առավել ևս նման մի հայտարարություն ավելի վաղ հնչել էր, երբ մեր Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել էր, որ ողջունում է Ռուսաստանի գործողությունները Սիրիայում, և Պետդեպարտամենտը այն ժամանակ տվեց առաջին կոշտ պատասխանը»:

Պաշտոնական Երևանն ի սկզբանե շեշտել է և շարունակում է շեշտել Սիրիայում իր առաքելության մարդասիրական բնույթը, ինչու է այդքան խիստ Վաշինգտոնի արձագանքը:Մեր հարցին Սուրեն Սարգսյանը պատասխանեց:

«Ակնհայտ է, որ մարդասիրական լինելով հանդերձ՝ Պետդեպատամենտի տեքստում երևում է, որ ցանկացած տեսակի  համագործակցությունը Ռուսաստանի հետ Սիրիայում, ցանկացած ձևաչափով Վաշինգտոնը բացասական է համարելու, և սա էլ դրա ապացույցներից մեկն էր»:

Միջազգայնագետը կարծում է, որ Երևանը պետք է հաշվի առնենք դիրքորոշումը և անենք ամեն ինչ, որպեսզի Վաշինգտոնը վստահ լինի, որ այն առաքելությունը, որը մենք իրականցնում ենք Սիրիայում, բացառապես կրում է այն բնույթը, որի մասին մենք հայտարարարել ենք, այսինքն մարդասիրական է:

Արաբագետ Արմեն Պետրոսյանը նույնպես, Վաշինգտոնի արձագանքը միանգամայն կանխատեսելի որակելով, նշում է.

«Պարզապես պետք է արձագանագրենք, որ քաղաքական գործընթացներ են տեղի ունենում և ԱՄՆ փորձում է օգտագործել այս իրավիճակը ինչ-ինչ քաղաքական խնդիրներ լուծելու, հերթական անգամ ընդգծելու, որ Վաշինգտոնին դուր չի գալիս Ռուսաստանի, Սիրիայի հետ համագործակցությունը: Բայց ես միշտ նշում եմ, որ նաև այս առաքելության հետ կապված հայկական կողմը ունի շահեր Սիրիայում ու հատկապես Հալեպում: Շրջանը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն և այստեղ մեր շահերն առարկայացնելու և խնդիրները լուծելու համար պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները»:

Արդյոք արդարացված էր Երևանի քայլը՝ նույնիսկ Վաշինգտոնի կանխատեսելի վերաբերունքի պարագայում, հարցրեցինք Արմեն Պետրոսյանին:

«Իհարկե, աշխարհում չկա նման երկրորդ երկիր, որն ունի այնպիսի հետաքրքրություններ Սիրիայում, ինչպիսիք ունի Հայաստանի Հանրապետությունը: Իսկ նման պարագայում Հայաստանը լուծում է սեփական խնդիրը, իսկ Ռուսաստանի կամ Սիրիայի կառավարության հետ համագործակցությունը ընդամենը միջոց է այդ ճանապարհին»

Փորձագետը կարծում է, որ հայ-ամերիկյան հարաբերություններում առկա են որոշակի խնդիրներ՝ պայմանավորված ավելի խորքային իրողություններով, այդ թվում ամերիկյան ներկայիս վարչակազմի հետաքրքրություններով, որոնք չեն համընկնում Հայաստանի շահերի հետ: Արմեն Պետրոսյանը համոզված է, որ ներկա պայմաններում դիվանագիտական ճանապարհներով հայկական կողմը պետք է հնարավորինս հիմնավորի իր մոտեցումը և շատ ավելի հրապարակային դարձնի իր առաքելության գործունեությունը Սիրիայում՝ ցույց տալու աշխարհին, որ Հայաստանը Հալեպում իրականացնում է բացառապես մարդասիրական արաքելություն: Իրողությունները ճիշտ և փաստարկված հիմնավորելու դեպքում մենք հնարավորինս կմեղմենք անհիմն բացասական արձագանքները:

0:00
0:00

Հատված Ռադիոլուրի 18.00-ի եթերից