ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԱԺ-ն առանց ժպիտի, բայց ՝ էմոցիաներով
2019-02-13 19:25:24

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Ազգային ժողովում այսօր շարունակել են  կառավարության ծրագրի քննարկումը: Երեկ վարչապետին հարցեր տալու համար հերթագրվել էր 50-ից ավելի պատգամավոր, այսօր հարցուպատասխանը շարունակվել է առաջին նիստի ընթացքում, հետո խորհրդարանն անցել է մտքերի փոխանակության փուլին: Ելույթների համար հերթագրված պատգամավորների ոչ պակաս տպավորիչ թիվ է արձանագրվել ՝ 42 պատգամավոր:  

Խորհրդարանական ընդդիմությունը գոհ չէ որ միայն  կառավարության ծրագրից, այլ նաև  իր մտահոգություններին  ի պատասխան վարչապետի արձագանքից: «Լուսավոր Հայաստանի»,  ԲՀԿ-ի ներկայացուցիչներն այսօր տարբեր ձևակերպումներով ակնարկեցին, որ հիասթափված են իրենց բարձրացրած հարցերին  արձագանքելու վարչապետի ոճից: Հորդորեցին  մտահոգություններին  հեգնանքով չվերաբերվել, չկրկնել նախորդների սխալները ու ամենակարևորը՝ չանտեսել ընդդիմության կարծիքը:

« Դուք պետք է որ բոլորից լավ գիտակցեք, որ փոքրամասնության ձայնն անտեսելն ու արհամարհելը հղի է լինում վտանագավոր հետրանքներով», - ասաց Գևորգ Գորգիսյանը և նկատեց՝  ընդդիմությունը իրական փոփոխություններ,  հստակ քայլեր ու կոնկրետ արդյունքներ է ակնկալում, դրանք ծրագրում չի գտնում:

«Պարոն Փաշինյան, մի լավ անեկդոտ էիք պատմում՝  մսով պերաժկու մասին: Վախենում ենք՝ հանկարծ այդ իրավիճակում չհայտնվենք»:

Մեկ այլ անեկդոտ՝ առյուծի մասին, Փաշինյանն  արդեն պատմել էր մինչև Գորգիսյանի ելութը, բայց կրկին ի պատասխան  «Լուսավոր Հայաստանի» պատգամավորի հարցի:


« Ձեր խմբակցությունից որոշ հարցեր լսելիս էն առյուծի մասին անեկդոտն եմ հիշում: Ասում ա, որ առյուծը անապատում հետևիցդ ընկներ, ի՞նչ կանեիր: Ասում ա՝ ծառը կբարձրանայի,  ասում ա ՝ ծառ չկա, դե ուրեմն՝ սարը կբարձրանայի, ասում ա՝ սար էլ չկա: Ասում ա ՝  չհասկացա, դու ում կողմից ես՝ ի՞մ, թե՞ առյուծի: Հիմա ձեր ուզածն ինչ է՝ որ էդ փոփխությունը լինի, թե՞ չլինի: Ինձ անընդհատ թվում է, թե վախենում  եք ծրագրի կատարվելուց»:

Ընդդիմադիրներն ասում են՝ վախենում են նրանից, որ  կառավարությունը  ծրագրի իրագործումը  պայմանավորում է քաղաքացու  վարքագծով:  Նաիրա Զոհրաբյանն իր դիրքորոշումը հենց այդպես էլ ձևակերպեց, ստացվում է՝  ծրագրի հաջողությունը կախված է քաղաքացու գենետիկ կոդից:

«Թվային ցուցանիշը մեր կապրիզը չէ, դրանով կառավարությունը հաշվետու է լինում ժողովրդին: Պարզվեց՝ ամեն ինչ կախված է քաղաքացու գենետիկ կոդից՝ պատրա՞ստ է քաղաքացին փոխել իր տնտեսական վարքագիծը, թե՞ ոչ: սա արդեն ոչ ոք գուշակել չի կարող»:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողներին ասել էր, որ խմբակցությունն այս տեսքով   ծրագրին կողմ քվեարկել չի կարող: Խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ այսօր պարզաբանեց՝ շահագրգռված են, որ քաղաքական հեղափոխության արդյունքները չփոշիանան:  Մի քանի  հիմնական դրույթ են առաջարկում՝  ձևակերպել ծրագրի կատարման ռիսկերն ու երաշխիքները, ավելացնել  գործողությունների  ժամանակացույցն ՝ ըստ տարիների և դրանց իրականացման մեխանիզմները: Ինչպե՞ս է պատկերացնում ԲՀԿ-ն իր առաջարկների ընդունումը, երբ փոփոխությունների ընթացակարգ չի նախատեսվում:


«Մեզ բավարար կլինի անգամ իշխանության բանավոր վստահեցումը, որովհետև մեր նպատակն ինքնանպատակ հակադրվելը չէ»:

Ընդդիմադիրների մտահոգությունները մեկ առ մեկ ցրել փորձեց  Իմ քայլը դաշինքից Վարազդատ Կարապետյանը:  Հեղափոխությունը հենց  ծրագրի փլիոսոփայության մեջ է՝ մարդը գործընթացի  հիմնական դերակատարն է՝ ասում է Կարապետյանը և բացատրում: Հայաստանում ստեղծված իրավիճակը բացառիկ է նրանով, որ իրական հնարավորություն կա մարդկային ստեղծարար ուժը դարձնել տնտեսության շարժիչ ուժը:

«Եթե մեր գործընկերները մեզ ուզում են նոր –անապարհներ ցույց տան, պետք է մեզ այն ճանապարհներ ցույց տան, թե ինչպես անել, որ մարդիկ ավելի շատ ստեղծագործեն, ավելի լավ զգան իրենց ախատանքում, ավելի սիրեն իրենց աշխատանքը»:

Ինչի պակասը Վարազդատ Կարապետյանը տեսնում է նաև ԱԺ նիստերի դահլիճում: Նկատել է, որ պատգամավորները քիչ են ժպտում:

«Մեր դահլիճում, եթե նկատել եք, օրը տխուր է անցնում: Ժպիտ չկա, ինչը նշանակում է մենք էլ մեր աշխատանքից հաճույք չենք ստանում, ու սա շատ վատ է»:

Ծրագիրը խորհրդարանում կքննարկվի նաև վաղը: Մտքերի փոխանակությունն ավարտելուց հետո իրենց դիրքորոշումները կներկայացնեն խմբակցությունները, ամփոփիչ ելույթով հանդես կգա վարչապետը և փաստաթուղթը քվեարկության կդրվի:

0:00
0:00