ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Պալատական կրքեր՝ ճարտարապետների գործունեության մասին օրենքի շուրջ
2019-02-14 16:46:04

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Ճարտարապետական գործունեության մասին»  օրենքը պարզապես դմբուզ է ճարտարապետների գլխին»,- գործող օրենքի վերաբերյալ այսօր նման տեսակետ է հայտնել ճարտարապետ Արտակ Խալաթյանը: Ոլորտի ներկայացուցիչները դժգոհում են՝ օրենքում ամրագրված մի շարք դրույթներ ոչ միայն անհարկի խնդիրներ են ստեղծում  ճարտարապետների գործունեության համար, այլև վիրավորում են նրանց արժանապատվությունը:

2018-ի հունիսի մեկից ուժի մեջ մտած «Ճարտարապետական գործունեության մասին»  օրենքով ճարտարապետների միությունը վերափոխվեց Ճարտարապետների պալատի, պալատական կրքերն այսօր օրենքի ընդունման արդյունքում ճարտարապետների առջև ծառացած նոր խնդիրների շուրջ են։

Ճարտարապետ Մարիամ  Խաչատրյանի բնորոշմամբ, այս օրենքն ունի բազմաթիվ բացթողումներ և ճարտարապետության ոլորտն այն տանում է դեպի մոնոպոլիզացիա:

«Սկսած լիցենզիաների տրամադրումից մինչև ճարտարապետ –կառուցապատող, ճարտարապետ -պետություն բոլոր գործառույթները այժմ իրականացվելու են Ճարտարապետության պալատի միջոցով»։

Գործող օրենքով Ճարտարապետների պալատը արտոնագրում է ճարտարապետներին և պատասխանատվություն է կրում նրանց գործունեության համար:


Ճարտարապետները պետք է անցնեն վերապատրաստման կուրսեր: Նշված նորամուծությունների մասով ճարտարապետները լուրջ դժգոհություններ ունեն:

«Օրենքի նպատակը ոլորտը կարգավորելն է, ոլորտի խնդիրներին հստակ ու պարզ լուծումներ տալը  և ոչ թե ճարտարապետների համար նոր խնդիրներ ստեղծելը: Երբ փաստաթղթի թիկունքում կանգնած մարդկանց  հարցնում էինք՝ որն է այս օրենքի նպատակը, մեզ պատասխանում էին՝ նպատակը բարի է»,- ասում է իրավաբան Մարիաննա Եզիազարյանն ու օրենքից մեջբերում կոնկրետ դրույթներ, որոնք, ըստ նրա, պարզապես սպանում են ոլորտը:

Որակավորման բարձրացմանն ուղղված դասընթացների վերաբերյալ ևս  իրավաբանը վերապահումներ ունի:

Օրենքի մի շարք պահանջներ ճարտարապետները որակում են ոչ միայն խրթին այլև վիրավորական:  Արտակ Խալաթյանին վիրավորում է հատկապես մասնագիտական էթիկային առնչվող դրույթը:

Խալաթյանի խոսքով, քաղաքաշինության ոլորտն այսօր կաթվածահար  է: Այստեղ  բազմաթիվ խնդիրներ կան: Այդ ամենն անտեսել ու օրենքում մի ամբողջ գլուխ նվիրել ճարտարապետի մասնագիտական էթիկային ու դրանք խախտելու դեպքում կիրառվող պատժամիջոցներին, ոչ այլ ինչ է, եթե ոչ մասնագետի վրա ճնշում գործադրելու  միջոց:

Վերը հնչած տեսակետները Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը չի կիսում: Ասում է՝ նոր օրենքով սահմանվել է այն, ինչ վաղուց ընդունված է քաղաքակիրթ երկրներում: Ճարտարապետի վրա ճնշում գործադրելու որևէ դրույթ Մինասյանն այս օրենքում չի տեսնում:

«Էթիկայի կանոնների կիրառումը մեզ պարտադրում է նաև ճարտարապետների միջազգային միության կանոնադրությունը և այդ դրույթներից  օգտվելու են հենց իրենք՝ ճարտարապետները»,-ասում է Մկրտիչ Մինասյանը:

0:00
0:00