ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Այս կիրակի ՀՀ 9 մարզերում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
2019-02-14 17:00:36

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Փետրվարի 17-ին Հայաստանի Հանրապետության 9 մարզում տեղի կունենան համայնքների հերթական եւ արտահերթ ՏԻՄ ընտրություններ: Ընտրություններ կանցկացվեն Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի եւ Կոտայքի մարզերում:

Չնայած բավականին բարձր մրցակցության՝ քարոզարշավն ընթանում է հանգիստ մթնոլորտում՝ վստահեցրել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Փետրվարի 17-ին ՏԻՄ ընտրություններում 20 համայնք ընտրելու է ղեկավար, իսկ 4 համայնքում ավագանու ընտրություններ են: Համայնքի ղեկավարի ընդհանուր թեկնածուների թիվը 72-ն է, իսկ ավագանու անդամների թեկնածուների ընդհանուր թիվը՝ 61:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը փետրվարի 17-ի ՏԻՄ ընտրություններից առաջ: Նա վստահեցրեց, որ քարոզարշավը, չնայած բավականին բարձր մրցակցության, հանգիստ է ընթանում:  

«Եզակի թվով համայնքներում եղել են առանձին ահազանգեր՝ կապված հիմնականում քարոզչական պաստառների փակցման խնդրի հետ: Պետք է նկատի ունենանք, որ ահազանգերը եզակի են, իսկ հանձնաժաղովները, որոնք ստացել են նման ահազանգեր, անմիջապես արձագանքել են, խնդիրները շըկվել են: Այս առումով, եթե ամփոփենք ամբողջ քարոզարշավի ընթացքը, կարող ենք փաստել, որ քարոզարշավը, թերեւս, բոլոր համայնքներում էլ, չնայած մեծ ակտիվությանը, ընթանում է ԸՕ-ի պահանջների պահպանմամբ ու դրանց համապատասխան»,- նշեց Տիգրան Մուկուչյանը:   

Չնայած նման ակտիվության, այդուհանդերձ, պետք է նկատել, որ այս ընտրություններում զգալիորեն ընկել է կուսակցությունների հետաքրքրությունը: Դա են վկայում կատարված առաջադրումները:

Թեպետ այս մասով ԿԸՀ-ն անելիք չունի, այդուհանդերձ, Տիգրան Մուկուչյանի կարծիքը խնդրեցի. «Թերեւս ՏԻՄ ընտրությունների ժամանակ ինքնաառաջադրումը միշտ էլ, այսպես ասենք, ավելի գերակշիռ է եղել»:   

Առաջադրվածների 86 տոկոսն անկուսակցականներ են, 1  տոկոսը՝ ԲՀԿ-ից, ՀՅԴ-ական թեկնածուներ են առաջադրվածների 3 տոկոս, ՀՀԿ-ական՝ 1 տոկոսը: Ամենաշատ առաջադրված կուսակցականները ՔՊ-ից են՝ 9 տոկոս: Սակայն, ինչպես լրագրողների հետ զրույցում օրերս շեշտեց  տարածքային կառավարման եւ զարգացման ՔՊ-ական նախարար Սուրեն Պապիկյանը՝ այս ՏԻՄ ընտրություններում կուսակցությունը որեւէ մեկին չի պաշտպանելու:  

«Մենք չենք առաջնորդվում կուսակցական պատկանելությամբ եւ կուսակցական ռասիզմով: Մեզ համար կարեւոր է համայնքի բնակչի ցանկությունը եւ ձայնը: Առաջիկա ՏԻՄ ընտրություններում էլ մենք խնդիր ենք դրել որեւէ թեկնածուի չպաշտպանել, եթե, անգամ, ՔՊ-ի անդամ է: Մենք անգամ պաշտոնապես թեկնածու չենք ներկայացրել»,- ասաց Պապիկյանը:

Այս ընտրությունները եւս մեկ առանձնահատկություն ունեն: Դրանք աչքի չեն ընկնում կին թեկնածուների մասնակցությամբ: Մյուս կողմից, պատկերն օրինաչափ է այն իմաստով, որ համայնքների գործող ավագանիների կազմում էլ կանայք սակավաթիվ են եղել:

ԿԸՀ-ի նախագահի կարծիքով՝ այս ընտրություններում կանանց սակավ մասնակցությունը պայմանավորված է համայնքների քիչ թվով, բացի այդ, նաեւ կոնկրետ համայնքներում արդեն իսկ ձեւավորված սովորույթներով:

Որոշ համայնքներում, մինչդեռ, ոմանք գերադասելի են համարում կին ղեկավարներ ունենալը՝ հստակ պատճառաբանություններով, ոմանք էլ՝ խնդիրը դիտարկում են զուտ անհատական հատկանիշների տեսանկյունից:

Ընդհանուր առմամբ, 20 համայնքում համայնքի ղեկավարի ընտրության համար առաջադրվել է 76 թեկնածու, ինքնաբացարկներից հետո մնացել են 72-ը։ Նրանց թվում կանայք չկան: Բոլոր թեկնածուներն ինքնքառաջադրված են, հիմնականում անկուսակցական են։

Նրանցից 16-ը համայնքի ղեկավար է կամ ժամանակավոր պաշտոնակատար։ Ինչ վերաբերում է ավագանու անդամի ընտրություններին, ապա առաջադրված է 62 թեկնածու, նրանցից միայն մեկն է ինքնաբացարկ հայտնել։ Այստեղ էլ 61 թեկնածուներից 5-ն են կանայք։

0:00
0:00