ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչի՞ համար էին իրականում բողոքում ավտոբուսի վարորդները
2019-02-14 17:45:00

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

 

Երեւանը սպասարկող ավտոբուսների մի քանի գծեր այսօր առավոտից կանոնավոր չեն աշխատել: Առավոտյան ժամերին աշխատանքի ու դասի շտապող քաղաքացիները ստիպված են եղել հատկապես Ավանից ու Նորքի զանգվածներից կենտրոն հասնել տաքսիներով:

Պատճառը վարորդների գործադուլն էր, իսկ վերջիններիս պահանջը՝ չփոխել իրենց տնօրենին՝ «Երեւան ավտոբուս» ընկերության ղեկավարին:


Երեւանի մի շարք երթուղիներ սպասարկող ավտոբուսների մի խումբ վարորդներ հավաքվել են ավտոպարկում: Ծխում են, աղմկում, ծիծաղում, իսկ լրատվամիջոցների հետ զրույցում դժգոհում՝ իրենց տնօրենին փոխելու քաղաքապետի որոշմանը դեմ են: Ասելիքը ձեւակերպելիս շեշտում են՝ իրենց բողոքն աշխատավարձից չէ:

 

«Բերեցիք, փափուկ բարձ դրեցիք գլխներիս տակ, որ մենք մեր քայլերը չձեռնարկե՞նք: Իսկ մեկ շաբաթ հետո բերեցիք տնօրենի նոր թեկնածուին:  Էսօր նոր տնօրենը էլ եկել, տեսել է իր անձնակազմը գործադուլ էանում, ինքը գարաժ չի մտնում»:
 

«Մենք ոչ մի բանից դժգոհ չենք՞ Մենք ուզում ենք մոր տնօերնը մնա: Իր հետ 7 տարի աշխատել ենք, իրենից ոչ մի վատ բան չենք տեսել: Մեզ նոր տնօրեն պետք չէ»:

 

«Երևանի ավտոբուս» ընկերությունը19 երթուղի է սպասարկում՝ շուրջ 180 ավտոբուսով: Սա հանրային ուղեւորափոխադրում իրականացնող ամենախոշոր ընկերությունն է՝ 100 տոկոսով համայնքային սեփականություն: Ավտոբուսային խոշոր պարկում  նախատեսվող փոփոխությունները, մասնավորապես, նոր տնօրենի նշանակումը մտավախություն են առաջացրել որոշ վարորդների մոտ, որ կվատթարանան իրենց աշխատանքային պայմանները: Վարորդներին չեն բավարարել անգամ անձամբ քաղաքապետ Մարությանի վստահեցումները, թե կրճատումներ ու կադրային փոփոխություններ չեն լինելու, աշխատանքի պայմանները ոչ միայն չեն վատանալու, այլեւ հակառակը՝ սպասվում են բարելավումներ կանոնավոր աշխատաժամանակի եւ վարձատրության մասով: Առավոտից վարորդների մի մասը գործադուլ էր հայտարարել, եւ Երեւանը սպասարկող մանուշակագույն ավտոբուսներն ու դեղին բոգդանների մի մասը պարբերաբար գիծ դուրս չեն եկել: Վարորդներն իրենց աշխատանքից գոհ են ու դա նաեւ նախկին տնօրենին են վերագրում:

 

«Մեր էսօրվա տնօրենի շնորհիվ է, որ մենք շատ լավ ենք սպասարկում ողջ քաղաքը: Եթե մենք ունենանք նոր տնօրեն, հաստատ մեր քաղաքացիները կդժգոհեն»:

 

Երեւանի քաղաքապետարանից «Ռադիոլուրին» պարզաբանում են՝ նախ ընկերության տնօրեն Էլբակ Թարփոշյանն ինքն է աշխատանքից ազատման դիմում ներկայացրել դեռ դեկտեմբերի վերջին: Նրա աշխատանքից քաղաքապետը դժգոհ չի եղել,  դիմում գրելու պահանջ չի ներկայացրել: Ավելին՝ ամսից ավելի չի էլ ստորագրել ազատման դիմումը: Բայցի պարկի զարգացման նոր ծրագրերի համատեքստում ի վերջո տնօրենի նոր թեկնածու է ներկայացվել աշխատակազմին՝ Ռուբեն Սարգսյանը: Քաղաքապետի խոսնակի դիտարկմամբ՝ վարորդների հիմնական վերապահումը նոր ղեկավարի նկատմամբ պարզապես մարդկային կապվածությունն է հին ղեկավարի հետ: Այս իրավիճակում քաղաքապետը միջանկյալ որոշում է կայացրել: Հակոբ Կարապետյան:

 

«Այս պահի դրությամբ կա որոշում, որ հին ու նոր ղեկավարները՝ Թարփոշյանն ու Սարգսյանը, կշարունակեն համատեղ աշխատանքը: Թե դա իրավաբանական ինչ ձեւակերպում կստանա՝ այս պահին չեմ կարող ասել, բայց նրանք կշարունակեն համատեղ աշխատանքը որոշ ժամանակ, մինչեւ ձեռնարկության կառավարման օպտիմալ մոդելը կմշակվի: Այս պահին վարորդները շարունակում են իրենց բնականոն աշխատանքը»:
 

Քաղաքապետարանից փոխանցում են նաեւ՝ «Երևանի ավտոբուս» ընկերության հավաքակայանում շուրջ 70 չօգտագործված ավտոբուս կա: Դրանք քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկայում գիծ դուրս կբերվեն՝ համալրելով երթուղիների ցանկը: Այս տեղեկությունից տարակուսած՝ համացանցում քննարկվում է՝ «ո՞ր օրվա համար են պահել ավտոբուսները» հարցը: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հարց է ուղղում:
 

«Մարդիկ չեն կարողանում նորմալ երթևեկել տրանսպորտով, իսկ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի նախկին տնօրենը, պարզվում է, 70 ավտոբուս գարաժում պարապ կանգնացրել է։ Այնինչ էդ 70 ավտոբուսը ահագին կթեթևացնի վիճակը»:
 

Քաղաքապետի մամուլի խոսնակին հայտնի չեն տեղեկություններ՝ արդյո՞ք երեւանյան ավտոբուսների վարորդներն առանձին պայմանավորվածություններ չեն ունեցել արդեն նախկին տնօրենի հետ: Ըստ այդմ՝ չեն մեկնաբանվում որոշ դիտարկումներ այն մասին, թե շուրջ 70 նոր ավտոբուսները չեն շահագործվել, որպեսզի գիծ դուրս եկող ավտոբուսների ուղեւորներն ու ըստ այդմ՝ եկամուտը չպակասի: