ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արցախը քաղաքական գործընթացների նոր փուլ է մտնում
2019-02-14 19:07:15

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Արցախը քաղաքական գործընթացների նոր փուլ է մտնում: 2017 թվականի սահմանադրությամբ 2020 թվականի գարնանամուտին նախատեսված են խորհրդարանական ու նախագահական համաժամանակյա ընտրություններ:

Չնայած մինչ այդ իրադարձությունը դեռ մեկ տարի կա, քաղաքական դաշտում ակտիվություն արդեն նկատվում է: Կան գործիչներ, որոնք հայտարարել են իրենց քաղաքական նպատակների մասին:

Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերից առաջիկա  խորհրդարանական ու նախագահական ընտրություններին մասնակցելու մասին առաջինը հայտարարեց «Ազատ Հայրենիք» կուսակցությունը: Դեռեւս ամիսներ առաջ պարզ դարձավ, որ կուսակցությունը գնալու է ոչ միայն խորհրդարանական ընտրությունների, այլեւ նախագահի սեփական թեկնածու է ունենալու: Այս  դիրքորոշումը չի փոխվել՝ «Ռադիոլուրին» ասաց կուսակցության մամուլի պատասխանատու Վահրամ Պողոսյանը:

Խորհրդարանական կուսակցություններից նախագահական ընտրարշավին մասնակցելու մասին օրեր առաջ նաեւ ժողովրդավարները հայտարարեցին: Թեկնածուի անուն նրանք դեռես չեն հրապարակում: Առաջիկայում կուսակցության  համագուրը կլինի, որտեղ էլ այդ հարցը վճռվելու է:  Արցախի ժողովրդավարական կուսակցության  խորհրդարանական խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանի խոսքով` եթե որոշում կայացվի նախագահական ընտրություններում  թեկնածու ունենալու մասին, ապա նա լինելու է կուսակցության անդամ: 

 ՀՅԴ  Արցախի կառույցի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հաստատեց՝  ընտրություններին մասնակցելու են:  Ձեւաչափի հարցը որոշելու են  շրջանային ժողովում:

Դավիթ Իշխանյանը հիշեցնում է նաեւ, որ 2017 թվականին կուսակցությունը դեմ էր Սահմանադրության նոր նախագծին, որի համաձայն էլ պիտի կայանան նոր ընտրությունները: Սահմանադրական բարեփոխումները ենթադրում էին, որ պետք է փոփոխվի նաեւ Ընտրական օրենսգիրքը, նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը վերապահվի միայն կուսակցություններին: «Առ այսօր այդ փոփոխությունները չեն կատարվել  եւ մինչ ընտրություններ դժվար լինեն»,- ասում է Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը։ Նա նաեւ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ է:  Սա նշանակում է, որ   Արցախի բոլոր քաղաքացիները, ում 35 տարին լրացել է եւ նրանք վերջին 10 տարում  բնակվել են Արցախում, կարող են ինքնաառաջադրվել նախագահի թեկնածու, կամ առաջադրվել որեւէ կուսակցության կողմից: 

Այնպես որ՝  նախագահի պաշտոնին հավակնելու մասին հայտարարած անկուսակցական Վիտալի Բալասանյանը կարող է ինքնաառաջարդրվել նաեւ առանց քաղաքական ուժերի աջակցության: Արցախի գործող անվտանգության քարտուղարը հայտարարել է քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու մասին: Ինչ վերաբերում է   Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, ապա նրա առաջադրվելը հնարավոր է միայն  սահմանադրական փոփոխությունների դեպքում՝ փոխելով 10 տարվա պարտադիր բնակության պայմանը: Հովիկ Ջիվանյանի խոսքով` Սահմանադրությունը փոխելու հանրավորություն  2017 թվականի Մայր օրենքով  ունեն նաեւ քաղաքացիները: Ընտորղների 10 տոկոսը կարող է Սահմանադրական փոփոխությունների հարց դնել Ազգային ժողովում եւ պատգամավորների 2/3 –ի ձայներով հանրաքվեի մասին որոշում կարող է կայացվել:

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը այս  մեխանիզմի իրականացումը մինչեւ 2020 թիվը չի բացառում, սակայն մինչ այդ  պետք է փոխվի նաեւ Հանրաքվեի մասին օրենքը, որում քաղաքացիների կողմից սահմանադրական փոփոխություններ կատարելու հանգամանքը հաշվի չի առնված:

Լրացնեմ, որ սոցիալական ցանցերում քննարկվող մյուս թեկնածուն՝ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, լրագրողների հարցին  ի պատասխան ասել է, որ  մինչեւ ընտրություններ դեռ  ժամանակ կա, նման հարցերի մասին վաղ է խոսելը եւ  պետական պաշտոն զբաղեցնող քաղաքացիները  պարտավոր են կատարել օրենքով սահմանված իրենց լիազորությունները:

0:00
0:00