Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Այսօր մեկնարկում է Մյունխենյան անվտանգության 55-րդ համաժողովը
2019-02-15 10:20:19

Այսօր մեկնարկում է Մյունխենյան անվտանգության 55-րդ համաժողովը: Սպասվում է, որ համաժողովին ներկա կլինեն ավելի քան 35 երկրի ղեկավար, 50 արտգործնախարար և 30 պաշտպանության նախարար: Այս տարի մասնակիցները կքննարկեն ներկա փուլում գերտերությունների մրցակցության հնարավոր հետևանքները, Եվրամիությունում առկա խնդիրները, տրանսատլանտյան համագործակցության հարցերը: Օրակարգում են նաև էներգետիկ և կիբեռ անվտանգության, սպառազինությունների վերահսկողության հարցերը:

Մյունխենի համաժողովը հիմնվել է գերմանացի հրատարակիչ Էվալդ ֆոն Կլեստի կողմից 1962-ին` որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրների «պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների նիստ»: Այժմ անվտանգության մյունխենյան համաժողովը միջազգային ֆորում է, որը հավաքում է աշխարհի տասնյակ երկրների քաղաքական գործիչների, դիվանագետների, զինվորականների, գործարարների, գիտության և հասարակական գործիչների: Ներկայացուցչական այդ համաժողովում քննարկվում են միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր, որոնք արտացոլում են տվյալ ոլորտի արդի մարտահրավերները:

Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը կմասնակցի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Համաժողովի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք հանդիպումներ կունենա տարբեր երկրների իր գործընկերների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Հանրապետության նախագահն երեկ արդեն հանդիպել է Գերմանիայի հնագույն քաղաքներից մեկի՝ Հայդելբերգի քաղաքապետի հետ, նախատեսված է նաև նրա այցը Գերմանիայի ամենահին բարձրագույն ուսումնական հաստատություն՝ Հայդելբերգի համալսարան, որտեղ նա հանդես կգա ելույթով, ապա կպատասխանի ներկաների հարցերին: Նախագահ Արմեն Սարգսյանն այցի ընթացքում կհանդիպի նաև գիտական և գործարար շրջանակների հետ, կայցելի Եվրոպական հարավային աստղադիտարան (European Southern Observatory), որն աստղագիտական հետազոտություններ իրականացնող աշխարհի խոշորագույն կենտրոններից է:

Համաժողովին մասնակցելու համար Մյունխեն է մեկնել նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա նաև երկկողմ հանդիպումներ կունենա տասնյակ երկրների արտգործնախարարների և այլ գործընկերների հետ՝ հայտնել են արտաքին գերատեսչության Լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: