Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Փողոցից հետո կյանք կա. այց անօթևանների կացարան
2019-02-15 11:05:32

Անի Մինասյան

«Ռադիոլուր»

Մի քանի օր առաջ  փորձեցինք փոխանցել «Կինո Հայրենիքի» գետնանցումի հոտը՝ ներկայացնելով նաև խնդիրների այն ողջ փաթեթը, որ տեսանք գետնանցումում:

Այսօր արդեն գարշահոտը փոխարինվել էր ժավելահոտի. երեկվանից սկսած գետնանացումը մաքրում են սովորականից ավելի արդյունավետ նյութերով ու սովորականից ավելի շատ մարդ: Տարածքի վերգետնյա բնակիչները ստորգետնյա հարևաններ այլևս չունեն, անօթևանները գետնացումում չեն:

Արդյո՞ք որտեղ են նրանք, մեկ ա՞յլ գետնանցումում, թե՞ Հայաստանի միակ անօթևանների խնամքի ժամանակավոր կացարանում: Գուցե մեկ ա՞յլ տեղ…

Անօթևանների հետքերով գնալու համար քայլերը մեզ հասցրին Հայաստանում այժմ անօթևանների խնամքի միակ ժամանակավոր կացարան՝ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի կացարան։

Տնօրեն Շավարշ Խաչատրյանը քաղաքի բոլոր անօթևաններին անուն առ անուն գիտի, այս դեպքն էլ բացառություն չէ: «Կինո Հայրենիքի» գետնանցումում ապրել են Հարությունը, Արսենն ու Վանիկը: Երկուսը կացարան հետ գնալու շանս չունեն, Վանիկին հնարավորության դեպքում խնամքի կվերցնեն. «Հարությունը խմում է, նախկինում բանկային խարդախություններ է արել, Արսենը հենց նրա հետ է ընկերություն անում, ազատազրկված է եղել՝ համաներմամբ է ազատ արձակվել»:

Այս պահին կացարանում բնակվում է 100 անօթևան, ոչ պաշտոնական տվյալներով նրանց թիվը հասնում է մինչև 1000-ի: Կացարանում ապրողների մեծամասնությունը անաշխատունակ անձինք, մեծահասակներ, ընտանիք չունեցողներ են:

Խաչատրյանը քաղաքացիների՝ «դեռևս անօթևաններ կան փողոցներում մնացած» մտահոգությանը հակադարձում է, որ ինքը ևս տեսնում է, թե մարդիկ ինչպես են աղբարկղերի միջից իրեր հանում, կամ փող մուրում, սակայն նրանք մեծամասամբ անօթևաններ չեն, ունեն բնակարան, ընտանիք և միայն սոցիալական վիճակից են նման քայլերի դիմում։

Հայ-դանիական կացարանում որտե՞ղ են հայերի, որտե՞ղ դանիացիների ներդրումները, պատասխանում է տնօրենը. «Հայաստանի կառավարությունը հոգում է կացարանում ապրողների երկու անգամյա սնունդը՝ առավոտյան նախաճաշ ու երեկոյան ընթրիք, ինչպես նաև 28 աշխատողի նվազագույն աշխատավարձ, մնացած բոլոր ծախսերը հոգում է դանիական կողմը»:

Կացարանի աշխատակիցներ շաբաթը մեկ դուրս են գալիս փողոց ու փնտրում անօթևանների՝ կացարանում տեղ տալու համար: Տնօրենն ասում է՝ իհարկե նրանցից շատերը նախ բուժ. հաստատություն են գնում, հետո՝ կացարան ու ինչպես էլ օգնեն՝ անօթևանների, բայց տուն ու տեղ ունեցողների հարցում խնդիրը մեկն է. կացարանում տեղ տալուց առաջ օգնել, որ հաշտվեն ընտանիքի անդամների հետ:

Մեկ է՝ տունը տուն է, կացարանը՝ կացարան:

0:00
0:00