ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ո՞վ կդառնա 23% եկամտահարկի նոր վճարող
2018-11-10 10:20:55

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

2020 թ. հունվարից ՊԵԿ-ը նախատեսում է 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիներին դարձնել եկամտային հարկ վճարող: Իսկ մարդկանց եկամուտների չափը հարկային մարմինների համար չափելի դարձնելու նպատակով կիրառվելու է ID-քարտերը կուտակիչ դարձնելու մեխանիզմը՝ առաջնորդվելով այն դրույթով, որ հենց սպառման ժամանակ են երեւում մարդու իրական եկամուտները:

ՊԵԿ նախագահի՝ վերջին օրերին փոխանցած այս տեղեկությունը որոշակի անհանգստություն ու անորոշություն է առաջացրել քաղաքացիների շրջանում: Ի՞նչ է փոխվելու, ո՞ւմ համար, ովքե՞ր են դառնալու 23 տոկոս եկամտային հարկի նոր վճարողներ:

 

ՊԵԿ-ը  շչջանառության մեջ է դրել  մի գաղափար, համաձայն որի՝ 2020-ից եկամտային հարկ վճարող է դառնալու բնակչության այն ստվար զանգվածը, որն ինքնազբաղված է, բայց դուրս է մնում այս շրջանառությունից: Խոսքը նաեւ գյուղոլորտում զբաղվածների մասին է, որոնց արտադրանքի մի մասը հանվում է վաճառքի, բայց դրա շրջանառությունն էլ չի երեւում: 23 տոկոս եկամտային հարկով սկսելու են հարկվել նաեւ չաշխատող, բայց դրսից ֆինանսական օգնություն ստացող մարդիկ, այսինքն՝ նաեւ այն ընտանիքների անդամները, որոնց աշխատող ձեռքը դրսում է:

Տնտեսագետ Գագիկ Վարդանյանը բոլորին եկամտային հարկի դաշտ բերելու ընդհանուր նպատակը արդարացված է համարում, բայց մեխանիզմի ու հետեւանքների մասով որոշակի վերապահում ունի:

«Խոսքն արդարացի հարկային օրենսդրության ներդրման մասին է: Եթե դրանով արդարացիության հարցը լուծվում է՝ ես կողմ եմ, իհարկե: Բայց  թե դա ինչպես կիրագործվի, ինչպիսի դրսեւորումներ կունենա ու ինչ ազդեցություն սոցիալական վիճակի վրա, արդարացի կլինի, դա արդեն հարցի մյուս կողմն է: Այդ գումարները, որ մարդիկ դրսից ուղարկում են, դրսում արդեն հարկվել են: Ստացվում է կրկնակի հարկում» :

 

Որպեսզի մարդն առավել շահագրգիռ լինի իր եկամուտները հարկային մարմիններին տեսանելի դարձնել,ՊԵԿ-ից որոշել են խթան էլ ներդնել. քաղաքացիների ID քարտերը դառնալու են կուտակիչ, ու այդ քարտով կատարված առեւտրի 1-3 տոկոսը կվերադարձվի փոփոխության կիրառման առաջինից երրորդ տարում: Գլխավոր հարկահավաքը մեխանիզմը պատկերացնում է այսպես:
 

«Տարվա ընթացքում ինչքան գնումներ  որ կկատարենք, դրա առաջին տարվա համար 1 տոկոս կվերադարձնենք, 2-րդ տարին՝ 2 տոկոս, 3-րդ տարին՝ 3 տոկոս»:

Իր կատարած առեւտրից ավելի շատ գումար հետ ստանալ ձգտող մարդը, ենթադրվում է, ID քարտով ավելի շատ առեւտուր կանի ու կպահանջի ՀԴՄ կտրոնները: Իսկ ՊԵԿ-ի համար էլ այդպիսով առավել չափելի կլինեն առեւտրի ծավալները, մարդու եկամուտները, ու դրանք կծառայեն մարդկանց եկամուտները հայտարարագրելուն: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի դիտարկումը:
 

« Հայտարարագիրը, որ ես պատրաստելու եմ, բերեմ ձեզ տամ, դուք տեսնելու եք, որ դրանում ձեր ընդհանուր եկամուտների 23 տոկոսն ուզում եմ տանել, բայց ձեր առեւտրի մեկ տոկոսը վերադարձնելու եմ: Եվ սա աշխատելու է»:

 

Տնտեսագետ Գագիկ Վարդանյանը, սակայն, նույնքան լիահույս չէ, որ առեւտրի 1-3 տոկոսի վերադարձն իսկապես կխթանի մարդկանց ցանկությունը՝ եկամտի 23 տոկոսը վճարել որպես հարկ:

 

«Դա կարող է այնքան էլ մեծ էֆեկտ չունենալ: Ժամանակին այդպես շահումով կտրոնի մեխանիզմն էր ներդրվել, չգիտեմ՝ որքանով դա նպաստեց»:
 

Արդյո՞ք ID քարտերով առեւտրի ծավալները չափելով՝ հնարավոր է ամբողջական պատկեր կազմել մարդու եկամտի մասին, հատկապես, որ առեւտուր անելիս ID քարտ ներկայացնելը պարտադիր չի լինելու:

 

«Դժվար հարց է, թե ինչպես դա կկատարվի տեխնիկական առումով, քանի որ մեծ ծավալի աշխատանք է: Բայց այսօրվա տեխնոլոգիաների դարում հնարավոր է»:

 

Հայաստանում բոլոր գրանցված աշխատողները վճարում են եկամտային հարկ հենց իրենց աշխատավայրում: Բայց եթե դու աշխատող ես, վճարում ես եկամտային հարկ, իսկ կողքից այլ եկամուտ էլ ունես, ասենք՝ տրանսֆերտներ ես ստանում, հարկային մարմնի հետ նորովի ես գործ ունենալու՝ կարծում է զրուցակիցս: «Որ ծախսեք, տարվա վերջում ձեր տվյալներն արդեն կերեւան: Դրանք կհամադրվեն աշխատավայրից ստացված տվյալների հետ: Աշխատավարձին գումարած տրանսֆերտ՝ դա կլինի հարկման բազան»:

Այսպիսով՝ ՊԵԿ-ը որոշել է հարկային գործակալի միջոցով հարկման ինստիտուտը փոխարինել համատարած հարկային հայտարարագրեր ներկայացնելու ինստիտուտով: Գագիկ Վարդանյանը հասկանում է՝ բյուջեին եկամտի լրացուցիչ աղբյուրներ են պետք, պետք է հարկման արդարացի մեխանիզմ կիրառել, որպեսզի բարձր եկամուտ ունեցողը բարձր էլ հարկեր վճարի, սակայն նաեւ վստահ է՝ հարցի սոցիալական, էթիկական, խոցելի կողմերն անտեսել չի կարելի:

Զարգացած երկրների մոդելը մեր տնտեսության զարգացման այս մակարդակում ներդնելն ու անցումը որքանով սահուն կլինի՝ տնտեսագետի համար միանշանակ չէ: Հարկային բեռի բարձրացմամբ Հայաստանը կհաջողի արդար հարկման խնդիրը լուծել, սոցիալական այս պայմաններում ինչպիսի նոր բեռ կդառնա այս մեխանիզմը՝ դեռ մնում է ժամանակի ու քննարկման լուրջ հարց:

 

0:00
0:00