Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քաղհասարակության ներկայացուցիչները դժգոհ են նոր կառավարությունից
2019-02-15 16:00:05

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Քաղհասարակության ներկայացուցիչներն այս անգամ դժգոհ են նոր կառավարությունից: Սրտեղում են՝ կառավարությունը հնգամյա ծրագիրը կազմելիս հաշվի չի առել իրենց առաջարկներն ու սպասելիքները:

160 էջանոց ծրագրում ընդամենը 3 էջի հատկացումը արդարադատության եւ մարդու իրավունքների խնդրին չի գոհացնում «
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանին: Ասում է՝ ծրագիրը չի արտահայտում հեղափոխության հիմնական խնդիրներն ու հետհեղափոխական ակնկալիքները:

«Ոչ թե դեպի առաջ եւ ժողովրդավարական զարգացման միտում ունեցող երկրի կամ կառավարության ծրագիր է, այլ կարծես թե նախկին վիճակը հաստատելու կամ ամրագրելու ուղղված ծրագիր է, ինչը այդպիսին պետք է չլիներ: Գոյություն ունեցող խնդիրներին համարժեք մոտեցում կառավարության ծրագիրը չի արձանագրում»,- ասում է Հարությունյանը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր հերթին փաստաթղթից տպավորություն է ստացել, որ այն գրվել է հապճեպ՝ եղած ժամկետներում տեղավորվելու համար: Փաստաթղթում տեսնում է սահմանադրական դրույթների վերաշարադրում, այլ ոչ թե՝ պարտավորությունների հաստատում:  

«Եթե լավ եղած լիներ, ուրեմն հեղափոխություն չէր լինի: Նշանակում է, ինչ որ բան այնպես չի եղել եւ եթե դա չենք տեսնում փաստաթղթում առաջանում դիսկոմֆորտ: Այո, պետք է տրվեր նաեւ գնահատական, որ նախորդ ավտորիտար կառավարման ժամանակահատվածում, երբ զանգվածային եւ անպատժելի բնույթ են կրել մարդու իրավունքների խախտումները, որի հետեւանքով մենք անընդհատ ունեցել ենք այսպիսի ճգնաժամային իրավիճակ: բայց մեզ համար ամենահիմնական հիմնախնդիրը իշխանությունների տարանջատման եւ հավասարակշռման սկզբունքն է: Մենք չենք տեսնում»,- նկատում է Սաքունցը:

Կառավարության ծրագրին ուղղված քննադատությունները չի ընդունում արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը: Խնդրում տեսնում է ընդամենը ճաշակի եւ ոճաբանության տարբերություն:

«Այս ծրագրում արդեն իսկ գնահատական տրված է: Մի ուղղությունն ասեմ: ՀՀ զարգացմանը եւ արժանապատիվ քաղաքացի ունենալուն երկար տարիներին խոչընդոտող կարեւորագույն գործոններից մեկն է արդարության բացակայությունը: Էլ ինչ գնահատական եք ուզում»:

Առաջիկա 5 տարվա համար կառավարության հաստատված նոր ծրագիրը հին կառավարությունների ծրագրերի հետ համեմատելու եւ զուգահեռներ անցկացնելու փորձերը արդարացի չէ՝ ըստ արդարադատության փոխնախարարի:

«Այս ծրագրի տարբերությունը կայանում է նրանում, որ այս ծրագիրը ցույց է տալիս, որ մենք եւ կառավարությունը աշխատելու ենք կոնկրետ արդարադատության ոլորտում գործնական քայլեր ապահովելու»:

Կառավարության ներկայացուցիչը պնդում է, որ կառավարության այս ծրագիրը թույլ է տալու շարքային քաղաքացուն անձամբ եւ գործնականում տեսնել արդարադատության եւ մարդու իրավունքների ոլորտներում տեղի ունեցող փոփոխությունը:

Իսկ առաջիկա 3 ամսում գործադիրը մշակելու եւ ներկայացնելու է հայեցակարգի իրականացման գործողությունների ծրագիրը: Քրմոյանը հավաստիացնում է, որ այդ աշխատանքներին հրավիրվելու է նաեւ քաղհասարակության հատվածը: 

0:00
0:00