ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երևանի վթարային շենքերի խնդիրը կկարգավորվի
2019-02-15 17:10:51

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Արզումանյան 10 հասցեի վթարային շենքի բնակիչների վերաբնակեցման  հարցը կարծես թե հայտնի է: Երեւանի բյուջեի միջոցներով բնակիչների վերաբնակեցումն անհնար է, քանի որ նման բնակարանային ֆոնդի այսօր քաղաքապետարանը չի տնօրինում, սակայն  քայլեր ձեռնարկում է, «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց քաղաքապետի տեղակալ Տարոն Սարգսյանը:

«Մեր պլանները  բացառապես բիզնեսի հետ համագործակցության արդյունքում  վերաբնակեցման գործընթացի ապահովումն է: Այսինքն՝ նախատեսում ենք այդ շենքն իր ամբողջ  տարածքով  որևէ կառուցապատողի որևէ բիզնես մոդելով  հանձնել կառուցապատողին տեղում մեկ այլ շենք կառուցելու և բնակիչներին նույն իրենց բնակմակերեսով հետ  հանձնելու նորակառույց  բնակարաններ»,- ասաց Սարգսյանը:

Ավագանու «Լույս» խմբակցության անդամները բազմիցս են բարձրաձայնել Արզումանյան 10 հասցեի առաջին մուտքի վատ վիճակի մասին: Յուրաքանչյուր օր մուտքում  և բնակարաններում պատերի ճաքերն ավելանում են: Ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն  է ներկայացնում շենքի պատկերը:

«Հիմա ես դրսից ցույց եմ տալիս, որ շենքը սկսում է դեֆորմացվել: Բնակարանի ներսում պատը՝ առաստաղը ըստ էության, սկսում է առանձնանալ շենքից»:

Իսկ Արցախի փողոցի 8 և 10 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչների բնակության հարցը լուծման ճանապարհին է:  Քաղաքապետարանից առաջարկել են դուրս գալ շենքից, քանի որ այնտեղ ապրելը վտանգավոր է՝  նշեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Դուրս գալն էսպես է. Քաղաքապետարանն ունի  113 բնակարան էս պահին, որը կարող է տրամադրել իրենց: Բայց, բնականաբար, այդքանը չի բավականացնի: Մնացած ընտանիքներին մենք տրամադրելու ենք բնակարաններ վարձով, որը վարձակալելու է քաղաքապետարանը, սակայն նրանք հրաժարվել են»:

Սիսակյան փողոցում կառուցվում է բազմաբնակարան շենք և բոլորը պետք է տեղափոխվեն այնտեղ: Այդ շենքերն ամբողջությամբ լքելուց հետո, կքանդվեն: Ապամոնատժում չի իրականանա, եթե նույնիսկ մեկ ընտանիք հրաժարվի վերաբնակեցումից, նշեց փոխքաղաքապետ Տարոն Սարգսյանը:


Նման մի շենք մայրաքաղաքի Գաջեգործների փողոցում կա, բնակիչները տարիներ առաջ վերաբնակցվել են, սակայն շենքը չի քանդվել, և հիմա այն բնակեցված է: Նրանք, ովքեր  չեն ունեցել կեցության  պայմաններ տեղավորվել են այս շենքում:  Զրուցակիցս շենքի արդեն 10 տարվա բնակիչ Սուսաննա Գևորգյանն է: Սեփական տունը կորցրել է վարկերը մարել չկարողանալու պատճառով: Իմացել են, որ դատարկ տարածք կա և տեղավորվել են  այստեղ:

«Մեր սխալն ընդունում ենք, որ ապօրինաբար եկել ենք մտել ենք: Քաղաքապետարանից նույնիսկ թուղթ ենք ստացել, որ վտանգավոր է Ձեր բնակությունը:  Սակայն մենք համաձայնվել ենք: Որ փլվի էլ պիտի ապրեմ, ուրիշ ճար չունեմ: Եթե չի կարողանում ինձ բնակեցնել, թող մնա փլվի վրաս»:

Մյուս բնակիչը ևս մոտ 10 տարի է բնակվում է նույն շենքում: Երեք անչափահասների հետ թեև ահը սրտում, սակայն համաձայն է, որ այս պայմաններում ևս ստանան օրինական բնակության իրավունք:

Արդեն 10 տարվա բնակիչների խնդրանքն է քաղաքային  իշխանությունից ոչ թե շենքային պայմանների բարելավում, կամ կեցության հարցի կարգավորում, այլ այս շենքում բնակության իրավունք։ Քաղաքապետարանից բացառեցին նման հնարավորությունը. այդ շենքերը վտանգավոր են բնակության համար։

0:00
0:00