ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արմավիրի ԲԿ-ի հեմոդիալիզի բաժանմունքը կհամալրվի նոր սարքավորումներով
2019-02-16 13:02:00

Սաթիկ Իսահակյան

«Ռադիոլուր»

Արմավիր բժշկական կենտրոնի հեմոդիալիզի բաժանմունքը շուտով կունենա նոր սարքավորում, որը հնարավորություն կտա ևս 15 հիվանդի ստանալ հեմոդիալիզ: Սակավարյունություն ունեցող հիվանդներն արդեն մեկ ամիս զրկված են անվճար Ռեկարմոն դեղորայքից: Նրանք չեն կարողանում գնել նաև արյան սպիտակուցների քանակը լրացնող Ալբումին դեղորայքը, որը դուրս է մնացել պետության կողմից երաշխավորվող դեղերի ցանկից

Անցած աշնանը գրեթե մեկ ամիս Արմավիրի մարզի երիկամային անբավարարություն ունեցող հիվանդները հեմոդիալիզ ստացան մայրաքաղաքի հիվանդանոցներում: Բաժանմունքի աշխատանքը դադարեցվել էր ֆիլտրող սարքի խափանման պատճառով: Արդեն երեք ամիս հիվանդները վերադարձել են Արմավիր բժշկական կենտրոն:

Մայրաքաղաքում շաբաթը 3 անգամ բուժում ստանալը կրկնապատկել էր հիվանդների ծախսը: Հեմոդիալիզի սարքավորման ֆիլտրը նվիրատվություն էր: Արմավիր բժշկական կենտրոնի տնօրեն Սարգիս Խաչատրյանը տեղեկացրեց, որ սպասում են ֆիլտրող ավելի հզոր Օսմոս սարքավորման տեղադրամանը, որը նույնպես նվիրատվություն է: «29 օր հեմոդիալիզը կանգնեց, ֆիլտրը նվիրատվություն արեցին, տեղադրեցինք: Հիմա սպասում ենք Օսմոս սարքին ու մեկ հեմոդիալիզի ապարատին, որը ճանապարհին է, մաքսազերծելուց հետո կբերենք»:

Սարքի առկայութան դեպքում ևս 15 հիվանդ կարող է հեմոդիալիզ անցնել Արմավիրի հիվանդանոցում: Հեմոդիալիզի սարքավորումների սպասարկումն ամբողջությամբ իրականացնում է բաժանմունքի բժիշկ Պավել Սեդրակյանը: Ավագ բուժքույր Անահիտ Սահակյանն ու հիվանդները կեսկատակ-կեսլուրջ ասում են, որ բժիշկը դարձել է ինժեներ–մեխանիկ: «Մենք չգիտենք մեր բժիշկը մեխանիկ է, թե բժիշկ, ամբողջ օրը սարքավորումներն է քանդում, նոր մաս տեղադրում, մաքրում, սպասարկող չունեն»:

Արմավիրում հեմոդիալիզ է անցնում 20 հիվանդ, բաժանմունքն ունի 4 արտաերիկամային մաքրող սարք: Սովորաբար հիվանդների օրգանիզմից տոքսիկ նյութերը դուրս են բերվում 3-4 ժամվա ընթացքում, բայց կան հիվանդներ, որոնց համար այդ տևողությունն ավելի երկարում է, քանի որ նրանց օրգանիզմում հեղուկի մեծ քանակություն է կուտակվում:

Օրգանիզմից թունավոր նյութերի դուրս բերման հետ պակասում է նաև արյան բաղադրությունը, որը պետք է լրացվի դեղորայքի միջոցով: Հիվանդանոցում արդեն մեկ ամիս չկա հեմոգլոբինի քանակը լրացնող Ռեկարմոն դեղորայքը, որը հիվանդներին հատկացվում է անվճար յուրաքանյուր հեմոդիալիզի ժամանակ:

Հեմոդիալիզ անցնող հիվանդները երբեմն ստանում են նաև արյան սպիտակուցները հագեցնող մեկ այլ դեղորայք՝ Ալբումին, որն ավելի թանկ արժե 23000-25000 դրամ և պետպատվերի շրջանակներից դուրս է: Անհրաժեշտության դեպքում հիվանդները ձեռք են բերում , բայց ոչ բոլորի գրպանին է հասանելի: «Արտասահմանի մեր նման հիվանդների հետ չենք կարող համեմատվել: Նրանք դիալիզից հետո գնում են աշխատանքի, իսկ մենք ուժասպառ հազիվ տուն ենք հասնում: Իրենց մոտ հիվանդի լրիվ դեղերը պետությունն է տալիս»:

Երիկամային անբավարարություն ունեցող հիվանդների դեղորայքը սրանով չի սահմանափակվում: Ահարոնը 12 տարի հեմոդիալիզ է ստանում, մեկ տարի բուժվել է Ֆրանսիայում ու նորից վերադարձել:

Բաժանմունքում հիվանդները ստեղծել են իրենց մտերմիկ միջավայրը, որը դարձել է նրանց երկրորդ տունը: Սա նրանց կենսակերպն է:

0:00
0:00