ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Անասանապահությունից օգուտ կստանան, եթե...
2018-11-10 10:50:26

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիր
       

Ծերացող Բարձրավանում հիմնավորվելու և կյանքը շարունակելու համար գյուղացիներն իրենք են որոշել փոխել կյանքի որակն ու ապրուստի միջոցներ ստեղծել: Գյուղի հիմնական եկամտաբեր ճյուղն անասնապահությունն է, սակայն օգուտն է քիչ, տարեկան 7-8 անասունի անկում է նկատվում գազանների հարձակումից:


Որոտան գետի աջակողմյան  բարձրադիր սարավանդում  գտնվող Բարձրավան գյուղում ձմեռն  ավելի ցրտաշունչ է: Տեղացիները վաղ են նախապատրաստվում ձմռանը և աշխատում կիսատ գործերը ավարտել մինչև ձյան գալը:  Զոյա Մելքոնյանին հանդիպեցի հարևանի տան բակում, որտեղ օղու թորման սարքն էր դրված ու կրակն էր թեժացնում: Օղի թորելն էլ է վարպետություն: Տիկին Զոյան ապրում է որդու հետ, վարկ են վերցրել ևարդեն 5 տարի հիմնել անասնապահական ֆերմա:

Կին ֆերմերը սկզբում գնել է 20 կով, հետո ավելացրել կովերի գլխաքանակը, սակայն  անկումն է շատ, ոչ թե հիվանդությունից,այլ գազաններիի խոշտանգումից:

Անասուններին գազանները վնասում են արոտավայրում՝անտառում: Գազանից վնասված կենդանուն վաճառում են 50-60 հազար դրամով: Տիկին Զոյան ասում է՝ գալիս են մի մեծ կով  տանում գազանանոց, միաժամանակ կասկածում՝  արդյոք գազանանոց են տանում: Սովորաբար անասնամորթի ժամանակ միսն իրենք են վաճառում՝ 1 կգ 3000 դրամով: Անասանգոմին կից կաթնաբլոկի կառուցումը կիսատ է մնացել, որի պատճառով կաթը մշակում է տնային պայմաններում և պանիր սարքում:

Պանրի վաճառքը ձեռնտու է նաև Խանում Սահակյանին, իր և գյուղից հեռացած ամուսնու եղբոր գոմերում 35 գլուխ անասուն է պահում: Աշխատանքից չի դժգոհում, եթե անասունների անկում չլինի:  Խանումը պանիրն իրացնում է  Քաջարանում:Բարձրավանում գյուղատնտեսական նշանակության հողերից  278 հա վարելահողեր են, նույնքան էլ խոտհարք: Անասանապահությամբ զբաղվող տնտեսությունները հիմնականում անասնակեր են ցանում:  


2-3 կով ունեցողները կաթը հանձնում են Գորիսում՝ 33 կմ հեռավորությամբ: Խանում Սահակյանն ասաց, որ բացի անասուններից մեղու էլ են պահում և մտադրվել են  ավելացնել մեղվաընտանիքիների թիվը և կրճատել անասնագլխաքանակը: Այս տարի 16 փեթակը դարձրել են 25: Ասում է անտառից ստացված անարատ մեղրը վաճառում է 4000 դրամով:

 Տան դիմացի հողակտորներում կլիմային համապատասխան  բանջարեղեն են մշակում: 76-ամյա Ասյա Ավագյանն ապրում է 2 չամուսնացած տղայի հետ, նրանք հասուն տարիքի մարդիկ են՝ 54 և 53 տարեկան: Մյուս տղան ընտանիքով  վարձով ապրում է Ղափանում: Հիմա տղաների ու տան հոգսը Ասյա տատիկն է հոգում:

Գյուղում ոռոգման ջուր կա, խմելու ջուրն է պակաս, որը բոլորին հավասարապես չի հասնում:


Ձմռան վառելիքը փայտն է ու աթարը: Բարձրավանի վարչական ղեկավար Օնիկ Ավագյանը նշեց, որ գյուղում գազ չկա, իսկ անտառից փայտ բերելը խիստ հսկողության տակ է, մարդիկ տուգանվում են: Բնակիչներին թույլատրվում է միայն 8խմ թափուկ հավաքել,այն էլ գրեթե չկա:

Համայնքի վարչական ղեկավարը դժգոհեց, որ սանիտարական հատումներից գոյացած փայտն անտառտնտեսությունը ամբողջությամբ տանում է, իսկ բարձրավանցիները թափուկ պետք է փնտրեն անտառի առավել վտանգավոր վայրերում: Վերջին երկու տարում գյուղի տարածքում սանիտարական հատումներ չեն իրականացնում, իսկ քամուց տապալված ծառերի համար գյուղացին պետք է վճարի:

Բարձրավանցիների ցանկությունն է գյուղում աշխատատեղերի ստեղծում, անտառի բարիքները շատ են, եթե արտադրություն բացվի գյուղում կվերսկսվի նախկին աշխույժ կյանքը:

0:00
0:00