ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-02-16 10:45:48
  • «Ժամանակ». Արմեն Սարգսյանը Մյունխենում ձևակերպել և տեղավորել է Արցախի հարցը
  • «Հայկական ժամանակ». Տարածքներ հանձնելը բացառում են
  • «Ժողովուրդ». Թանկացումներ
  • «Առավոտ». Հռետորաբանությունը բաժանել բովանդակությունից

Տարածքներ հանձնելը բացառում են

Հայաստանից ստացած իր տպավորությունների մասին հոդվածը է գրել ադրբեջանական Turan գործակալության գլխավոր խմբագիր Շահին Հաջիեւը, որին այսօր անդրադարձել է «Հայկական ժամանակ»-ը:

Հայաստան այցի բուն պատճառը բացահայտելով՝ նա նշել է, որ անձամբ իրեն ու իր նման շատ-շատերին հիմնականում հետաքրքրում է մեկ հարց՝ ի՞նչ է փոխվել Հայաստանում հեղափոխությունից հետո, ինչպիսի՞ն են մարդկանց տրամադրությունները երկրում, արդյոք կա՞ հույս, որ Փաշինյանի թիմի հետ հնարավոր կլինի պայմանավորվել:

«Այս հարցերը ես ուղիղ կերպով տվել եմ իմ բոլոր զրուցակիցներին, արդեն ամփոփելով, պատասխանները կարելի է տեսնել անզեն աչքով: Եթե խմբագրելու լինեմ Հայաստանում զրուցակիցներիս խոսքերն ու գնահատականները, ապա դրանք այսպիսի տեսք կունենան՝

1․ Մենք՝ հայերս, ձեզ՝ ադրբեջանցիներին, չենք վստահում
2․ Դուք պետք է անեք առաջին քայլը և ապացուցեք, որ այլևս չի լինի պատերազմ
3․ Ղարաբաղն ու հարակից շրջանները չենք վերադարձնելու, և այդ հարցն առհասարակ պետք է ուղղել ոչ թե մեզ, այլ Ղարաբաղին
4․ Պատերազմից չենք վախենում, և դուք ուժով ոչնչի չեք հասնի:

Չեմ կարծում, որ Հայաստանում բոլորն անխտիր այս նույն կարծիքն ունեն, սակայն հակառակ կարծիքները չեն գերազանցի 5-10 տոկոսը»:

Հաջիևը կարծում է, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը և Փաշինյանի թիմի՝ իշխանության գալը ավելի շուտ կոշտացրել են հայ հասարակության դիրքորոշումն Արցախյան հակամարտության հարցում։

«Այդ դիրքորոշումները կարելի է նկարագրել մոտավորապես այսպես. Սերժ Սարգսյանի ծախված ռեժիմը պատրաստ է եղել հանձնել Ղարաբաղի տարածքները՝ իշխանությունը պահպանելու համար: Սակայն իշխանության փոխանցումից եւ կոռումպացված համակարգի տապալումից հետո ժողովուրդն այդ միտքը բացառում է: Էյֆորիան այն մասին, որ հաջողվել է տապալել ատելի վարչակարգը, և բոլոր մյուս հարցերը հիմա արդեն լուծելի են, զգացվում է ամենուր: Բոլոր տրամադրություններն այն մասին էին, որ նոր իշխանությունները պատրաստվում են տնտեսական բարեփոխումների, ազգային շահերի պաշտպանության եւ արտաքին քաղաքականության պահպանման»:

Խոսելով բուն հակամարտության մասին, Հաջիեւը նշել է, որ բարդ է 2 կողմի համար էլ հասկանալ, թե ինչ են քննարկում Մնացականյանն ու Մամեդյարովը փակ դռների հետեւում իրենց բանակցություններում: Նոր իշխանությունների մոտեցումը առայժմ դրսեւորվել է ղարաբաղցիների հետ բանակցելու ուղղորդմամբ: Ընդհանուր գնահատականները, ըստ խմբագրի, եթե լավատեսական էլ չեն, ապա գոնե չեզոք են:

«Իմ զրուցակիցները բոլորը միակարծիք են, որ Ղարաբաղի հարցում առաջին քայլը պետք է անի Ադրբեջանը: Երբ ես հարց եմ ուղղում, թե ինչու՞ չպետք է Հայաստանը անի առաջին քայլը, միաբերան մեկ պատասխան է հնչում՝ էլ ի՞նչ քայլ կարող է լինել 2016-ի ապրիլից հետո՝ Ադրբեջանում համընդհանուր հայատյացության դասերի համատեքստում»,-գրել է խմբագիրը:

Արմեն Սարգսյանը Մյունխենում ձևակերպել և տեղավորել է Արցախի հարցը

«Ժամանակ» թերթը կարևորել է Մյունխենի համաժողովում Արցախյան հարցի ներկայացումը անվտանգության շատ ավելի լայն դիապազոնում՝ այն տեղավորելով համաշխարհային անվտանգության ավելի լայն պատկերացումների շրջանակում, և այդ համատեքստում մատուցելով հիմնախնդիրն աշխարհին մեր լայն պատկերացումների հետ:

Թերթի կարծիքով՝ այս իմաստով հատկանշական է Արմեն Սարգսյանի խոսքը Հայդելբերգի հեղինակավոր համալսարանում, որտեղ նա ելույթ է ունեցել մինչ համաժողովի մեկնարկը:

«Արմեն Սարգսյանը, անդրադառնալով Արցախի խնդրին, ասել է, որ համընդհանուր աղետից խուսափելու համար շատ կարևոր է, որ չհանգուցալուծված հակամարտությունը ճիշտ կառավարվի: Այս առաջին հայացքից հասարակ թվացող ձևակերպումը գործնականում արտացոլում է այն ամբողջ ընդգրկումը, որ ունի արցախյան հարցն ու դրանում Հայաստանի դերակատարումն ու պատասխանատվությունը միջազգային անվտանգության համակարգի համատեքստում: Հայաստանը ձևակերպում է խնդիրը՝ դա արցախյան խնդրում միջազգային ճիշտ մենեջմենթն է, որի առանցքային նպատակը պետք է լինի ռազմական վտանգների չեզոքացումը, քանի որ հակառակ դեպքում այստեղ չեն լինելու հաղթողներ ու պարտվողներ, աղետ է լինելու բոլորի համար: Ասել կուզի, մենեջմենթ է պետք, ոչ թե, այսպես ասած, լուծում կամ ստատուս-քվոյի փոփոխություն, ինչը մինչ այժմ գերիշխած և անարդյունավետ հռետորաբանությունն է: Իրավիճակի, այսինքն՝ ստատուս-քվոյի ճիշտ կառավարում, ոչ թե փոփոխություն»,-գրում է թերթը:

«Արմեն Սարգսյանը, անդրադառնալով Արցախի խնդրին, ասել է, որ համընդհանուր աղետից խուսափելու համար շատ կարևոր է, որ չհանգուցալուծված հակամարտությունը ճիշտ կառավարվի: Այս առաջին հայացքից հասարակ թվացող ձևակերպումը գործնականում արտացոլում է այն ամբողջ ընդգրկումը, որ ունի արցախյան հարցն ու դրանում Հայաստանի դերակատարումն ու պատասխանատվությունը միջազգային անվտանգության համակարգի համատեքստում: Հայաստանը ձևակերպում է խնդիրը՝ դա արցախյան խնդրում միջազգային ճիշտ մենեջմենթն է, որի առանցքային նպատակը պետք է լինի ռազմական վտանգների չեզոքացումը, քանի որ հակառակ դեպքում այստեղ չեն լինելու հաղթողներ ու պարտվողներ, աղետ է լինելու բոլորի համար: Ասել կուզի, մենեջմենթ է պետք, ոչ թե, այսպես ասած, լուծում կամ ստատուս-քվոյի փոփոխություն, ինչը մինչ այժմ գերիշխած և անարդյունավետ հռետորաբանությունն է: Իրավիճակի, այսինքն՝ ստատուս-քվոյի ճիշտ կառավարում, ոչ թե փոփոխություն»,-գրում է թերթը:

Ըստ «Ժամանակ»-ի՝ Հայաստանը Մյունխենում ներկայացրեց իր գլխավոր ուղերձը՝ որ Արցախում անվտանգության հարցը միայն Հայաստանի և Արցախի անվտանգության հարց չէ, այլ ռեգիոնալ և միջազգային աղետի կանխարգելման հարց, ու, ըստ այդմ, դրա համար պատասխանատվությունը պետք է ավելի հստակ և ձևակերպված կրի նաև միջազգային հանրությունը, չթողնելով այն միայն հայկական կողմի վրա:

«Ժողովուրդ». Թանկացումներ

«Ժողովուրդ»-ը ներկայացրել է պաշտոնական վիճակագրությունից տվյալներ, որոնց համաձայն տարեսկզբին Հայաստանում գնաճը շատ քիչ է եղել, հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընդամենը 0.6 տոկոս է կազմել: Իսկ ահա 2018թ. դեկտեմբերի համեմատ այս տարվա հունվարին գնաճը հասել է 1.7 տոկոսի:

Մեկ ամսվա ընթացքում հիմնականում թանկացել է սնունդը՝ 4.2 տոկոսով, մյուս ոլորտներում, ըստ թերթի, իրավիճակն առավել մեղմ է՝ կա՛մ գնանկում է արձանագրվել, կա՛մ էլ գնաճը 1 տոկոսի չափով է:

«Կտրուկ թանկացել է կարտոֆիլը՝ 15.1 տոկոսով. խոսքն այն մթերքի մասին է, որը ԱԺ նախկին պատգամավոր ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը համարում էր աղքատների ուտելիք՝ խորհուրդ տալով բավարարվել դրանով»,- նկատում է թերթը:

28.8 տոկոսով դեկտեմբերի համեմատ թանկացել են բանջարեղենը, 6.7 տոկոսով՝ մրգերը, 38.6 տոկոսով՝ տերեւավոր ու ցողունավոր բանջարեղենը: Թանկացել է գառան միսը՝ 3.8 տոկոս, իսկ խոզի մսի գինը նվազել է 0.8 տոկոսով, տավարի միսը՝ 2.2 տոկոսով: Թեեւ քիչ՝ 0.4 տոկոսով, սակայն թանկացել է մակարոնեղենը, իսկ հացի գինը 0.6 տոկոսով է ավելացել:

Հռետորաբանությունը բաժանել բովանդակությունից

«Առավոտ»-ի խմբագիրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ պայմանականորեն բաժանել է հռետորաբանական եւ բովանդակային մասերի: Շեշտը դնելով երկրորդ բաղադրիչի վրա՝ նա գրում է, որ բուն գաղափարն այն է՝  ինչպես քաղաքական հեղափոխությունը չի կարող իրականացվել մեկ մարդու կամ մարդկանց խմբի կամքով, այլ պահանջում է հասարակության մեծամասնության համաձայնությունը եւ համակարգված ջանքերը, այնպես էլ տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ է հասարակության «կոնսենսուսը» եւ նպատակասլացությունը.

«Ընդ որում, երկրորդ դեպքում ջանքերը չեն կարող տեւել մի քանի օր կամ մի քանի շաբաթ՝ դա որոշակի արժեքների վրա հիմնված երկարատեւ եւ անշեղ գործընթաց է: Եթե քաղաքացին իրեն պատասխանատու չզգա պետության համար, ո՛չ պետության, ո՛չ էլ քաղաքացու կյանքում դրական տեղաշարժեր չեն նկատվի: Այդպես է բոլոր՝ մանր ու մեծ գործերում: Եթե դուք չպահանջեք, որ փակ տարածքներում մարդիկ չծխեն, ապա դատապարտված եք խեղդվել ծխի մեջ: Եթե սպասում եք, թե «երբ է էս ժողովրդի վիճակը լավանալու», նկատի ունենալով, թե երբ են ձեզ վերեւից ինչ-որ բան հրամցնելու՝ աշխատանք, աշխատավարձ եւ այլն, ապա վիճակը չի լավանալու: Եթե ամեն օր արթնանալիս ասում եք՝ ես խեղճ եմ, ես քյասիբ եմ, ես ապրում եմ ուժեղների ողորմությամբ, ապա դատապարտված եք ապրել հենց այդպիսի կյանքով»: