ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
50 լուսանկար, մեկ հասցե, ծննդյան 60-ամյակի նվեր
2019-02-16 13:34:37

Անի Մինասյան

«Ռադիոլուր»

50 լուսանկար, մեկ հասցե, ծննդյան 60-ամյակի նվեր. Սարգիս Մուրադյան պատկերասրահում բացվեց Մարկ Գրիգորյանի «Քաղաք, մարդիկ, պատկերներ» լուսանկարների ցուցահանդեսը: Սարգիս Մուրադյան պատկերասրահում քաղաքն է, մարդիկ ու պատկերները՝ լրագրող, լուսանկարիչ Մարկ Գրիգորյանի աչքերով:

50 լուսանկարները մի տեղում են` լուսանկարչի ծննդյան 60-ամյակի առիթով: Լուսանկարներից մեկի հերոսը Իրինա Այվազյանն է՝ Հանրային ռադիոյի աշխատակից: Ժպիտով հիշում է՝ ինչպես է ստեղծվել լուսանկարը:

«Գառնիի մոտակայքում հավաքված էինք ու ինչ-որ պահի պարոն Գրիգորյանն ասաց, կանգնի՛ր Իռա: Նկարեց, բայց ես չէի պատկերացնում, թե ինչ նկար կստացվի», - պատմում է Իրինան:

Լուսանկարչությունն այն միջոցն է, որով փորձում ես ցույց տալ տեսածդ ուրիշներին, ուզում ես, որ քեզ հետ ապրեն եղածը՝ քո աչքերով, ցուցահանդեսի պաշտոնական բացումից մի քանի օր առաջ՝ լուսանկարները պատկերասրահում դասավորելով` ասում է Մարկ Գրիգորյանը:

Ցուցահանդեսին նախապատրաստվելը մի առանձին ու հետաքրքիր գործ է՝ քայլ առ քայլ մոտենում ես վերջնական արդյունքին.

«Նկարները կախելուց առաջ շարում են պատի տակ, որ կարողանան պատկերացնել, թե ինչպիսին է լինելու ապագա ցուցահանդեսը: Եվ երբ կախեցի` հասակացա, թե ինչ խորությամբ են դրանք արտահայտում իմ վերաբերմունքը աշխարհի հանդեպ»:

Լուսանկարներն իրենց հերթին առանձին նկարագրեր ունեն՝ առանց դրանց լուսանկարները գոյություն ունենալ չեն կարող. «Եթե անգամ դա միայն մարդու անուն ազգանունն է, դա մի բան ավելացնում է լուսանկարին»:

Լուսանկարները մինչև փետրվարի վերջ կմնան Սարգիս Մուրադյանում, հետո նախատեսվում է, որ կփոխեն իրենց հասցեն՝ Արցախ կգնան:

0:00
0:00