ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նախագահ Արմեն Սարգսյանը չի համագործակցում որևէ կուսակցության հետ
2019-02-16 16:20:24

Նախագահ Արմեն Սարգսյանը կուսակցական չէ, չունի որևէ հետաքրքրություն քաղաքական դաշտում և չի համագործակցում որևէ կուսակցության հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«Հայաստանյան լրատվամիջոցներից մեկն իր հերթական ապատեղեկատվությունն է հրապարակել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և նրա գործունեության վերաբերյալ, մասնավորապես նշելով, թե իբր նա Հայաստանի քաղաքական դաշտում իր հետաքրքրություններն ունի և համագործակցում է կուսակցություններից մեկի հետ: Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը լիազորված է հայտարարել, որ տարածված տեղեկությունը մտացածին է և չի համապատասխանում իրականությանը»,– ասվում է հայտարարության մեջ:

Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են նաև, որ Արմեն Սարգսյանն իր լիազորությունների շրջանակում, անհրաժեշտության դեպքում, հանդիպում և շարունակելու է հանդիպել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Մասնավորապես անցյալ տարվա հոկտեմբերին նախագահ Սարգսյանը նախաձեռնել և անցկացրել էր խորհրդակցությունների շարք Ազգային ժողովի խմբակցությունների հետ, իսկ վերջերս հանդիպել էր ՀՅԴ նորընտիր Բյուրոյի ներկայացուցիչների հետ: Այդ և նմանատիպ հանդիպումների մասին տրվել է և կտրվի համապատասխան տեղեկատվություն:

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու հետևողական գործողություններից:

Այսօր «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ իր տեղեկություններով նախագահը համագործակցում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ, և, ըստ էության, ստվերային կերպով հովանավորում այդ քաղաքական ուժին: ԼՀԿ խմբկացության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նույնպես հերքել էր տեղեկությունը: