ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սպորտսմենին պետք է սեր տաս, որ առաջ գնա
2019-02-16 16:44:39

Գիտա Էլիբեկյան

«»Ռադիոլուր»

«Սպորտսմենին պետք է սեր տաս, որ առաջ գնա»,-նման կարգախոսով է շուրջ չորս տասնյակ կրթել ու չեմպիոններ տվել Վրաստանի լեռնադահուկային սպորտի հայազգի մարզիչ Գրիգոր Ասլանյանը։ Վրաստանի Բակուրիանի ավանում ծնված, խորհրդային տարիներին Հայաստանի դրոշի ներքո չեմպիոնի տիտղոսի արժանացած Ասլանյանն այսօր ցավում է, որ ծննդավայրը չեմպիոնների թվով հետ է մնում երկրի մյուս հանգստավայրերից , քանի որ տեղում սպորտդպրոց այլևս չկա։

Վրաստանում լեռնադահուկային սպորտի երեք հանգստավայր կա՝ Գուդաուրին, Սվանեթին և Բակուրիանին։ Վերջինս առանձնանում է իր էթնիկ բազմազանությամբ։ Տեղացի հայտնի լեռնադահուկորդ ու մարզիչ Գրիգոր Ասլանյանը հիշում է, որ Վրաստանի հավաքականում մեծամասնություն էին կազմում Բակուրիանիի մարզիկները։ Ավանում 11 ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ են ապրում՝ մեծամասնությունը հայեր ու վրացիներ՝ գրեթե հավասար թվով։ Չեմպիոնի տիտղոսի են արժանացել տեղի ազգությամբ բազմաթիվ հայ դահուկորդներ։

«Ես 1980-ից սկսեցի (մարզիչ աշխատել), 1984-85 թթ․ արդեն չեմպիոններ ունեինք։ Ընկերոջս հետ 80-ականների վերջին ստացանք վաստակավոր մարզչի կոչում։ Լեռնադահուկային սպորտը, որ անկում էր ապրել մի շրջան, նոր հեղափոխություն ապրեց»,- պատմում է նա։

Խորհրդային կարգերի փլուզումից հետո Ասլանյանն իր ընկերների հետ առանց ֆինանսավորման կարողացավ մի քանի տարի պահել սպորտդպրոցը, խորհրդային տարիներից մնացած հին դահուկներով սահել սովորեցնել բազմաթիվ դահուկորդների։

«Դու կարող ես լավ սպորտսմեն դարձնել մարդուն, սակայն ոչ լավ մարդ, բայց, որպեսզի ավելի լավ սպորտսմեն լինի, պետք է ամեն ինչ անես, որ լավ մարդ մեծանա միաժամանակ։ Դու պետք է սեր տաս, սեր ստեղծես, որ նա այդ սիրով առաջ գնա, այլապես ամեն ինչ ջուրը կգնա»։

Ասում է Ասլանյանը, ով Վրաստանի դահուկային սպորտի լավագույն մարզիչներից է, երկրի հավաքականի խորհրդատուներից։ Հիշում է, երբ Բակուրիանին չեմպիոնների թվով առաջին տեղում էր, սակայն վերջին տարիների փոփոխությունները բացասաբար ազդեցին․ Բակուրիանիից չեմպիոնի տիտղոս նվաճողների թիվը կտրուկ պակասել է, քանի որ տեղում սպորտդպրոց չկա, այն տեղափոխել են շրջկենտրոն՝ Բորժոմի քաղաք։

«Ձմեռային սպորտաձևերը միացրին ամառայինի հետ՝ սպորտդպրոցը տեղակայելով շրջանի կենտրոնում։ Մենք շատ նամակներ են գրել այս որոշման դեմ, որովհետև պորտսմեննների թիվը կտրուկ նվազեց, հետաքրքրությունը պակասեց։ Հիմա բիզնես է դարձել՝ աշակերտի հետ ժամավճարով դասեր են անցկացնում։ Հիմա, երբ տեսան, որ չեմպիոններ չունենք, ուզում են բացեն»։

Բակուրիանին ողջ տարին զբոսաշրջիկներ է ընդունում, սակայն ավանի եկամուտները չեն մնում տեղում։ Ասլանյանն ասում է, որ դիմել են երկրի իշխանություններին՝ Բակուրիանիին քաղաքի կարգավիճակ տալու խնդրանքով։

«Ես Ծաղկաձորի օրինակն եմ բերում, քաղաքի կարգավիճակ ունի, Բակուրիանիից փոքր է։ Քաղաքի կարգավիճակ, եթե տան, կփրկվենք։ Մեր եկամուտը շատ է, մեր բյուջեն կառանձնան, ողջ շրջանին Բակուրիանին է պահում, սակայն այդ գումարը կծախսվեր մեր ավանի համար»․

Բակուրիանին տարեկան մոտ 150 հազար զբոսաշրջիկ է ընդունում։ Ձմռանը գալիս են դահուկով սահելու, տարվա մյուս եղանակներին՝ փշատերև ծառերի, մաքուր օդի համար։

Վրաստանի Բորժոմիի շրջանի կազմում գտնվող Բակուրիանի ավանը այս օրերին շինարարական եռուզեռի մեջ է․ պատրաստվում է 2023-ին ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացմանը․ Բակուրիանիում տեղի կունենա ֆրիսթայլի և սնոուբորդի (Freestyle Ski and Snowboard World Championships) աշխարհի առաջնությունը։

0:00
0:00