ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վրացական փորձը հետհեղափոխական Հայաստանում
2019-02-18 14:35:00

Գիտա Էլիբեկյան

Աղաբեկ Սիմոնյան

«Ռադիոլուր»

Հայաստանի օրենսդիր, գործադիր մարմինների, քաղաքացիական հասարակության և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները Թբիլիսիում «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպված եռօրյա սեմինարին ծանոթացել են վրացական արդարադատության և դատաիրավական համակարգի բարեփոխումներին։ Դրանցից որոշները նրանք կիրառելի են համարում Հայաստանում։

Հայաստանյան հեղափոխությունից հետո շատ է խոսվել այն մասին, որ ուսումնասիրվելու է աշխարհի տարբեր երկրների, այդ թվում նաև Վրաստանի հաջողված փորձը։

Վրաստանը մի երկիր է, որը փորձ ունի հեղափոխությունից հետո երկրի կառավարման, ինչպես նաև խաղաղ ճանապարհով իշխանության փոփոխության։ 2003-ի Վարդերի հեղափոխությունից հետո կոռուպցիայի մեջ թաղված համարվող հետխորհրդային Վրաստանը արագ բարեփոխումներ սկսեց, որոնց մի մասը արձանագրվել է որպես հաջողված։

90-ականներից ի վեր Վրաստանում իրականացված բարեփոխումների հեղինակները հայ գործընկերներին փուլ առ փուլ ներկայացնում են բարեփոխումների առանձնահատկություններն ու մարտահրավերները։ Սահմանադրագետ Վախթանգ Խմալաձեն ասում է, որ այսօր բարեփոխումների ճանապարհին Հայաստանի համար կարևոր է՝ չկրկնել վրացական սխալները․

«Վրաստանն ու Հայաստանը հարևաններ են, որ միշտ պատրաստ պիտի լինեն կիսվել հաջողված ու նաև ձախողված փորձով, որպեսզի մյուսի բարեփոխումներն ավելի հաջողվեն։ Մենք այսօր քննարկում են ռեֆորմների քսան տարվա ընթացքը՝ ինչի ենք հասել, որտեղ են սխալները, որպեսզի դրանք տեղ չգտնեն նաև Հայաստանում»։

Հայաստանի Աժ «Իմ Քայլը» դաշինքի պատգամավոր Գայանե Աբրահամյանի խոսքով, պետք է դիտարկել լուրջ բարեփոխումների ծրագրեր իրականացրած հետխորհրդային բոլոր երկրների օրինակները՝ հասկանալու, թե որքանով են դրանք կիրարկելի Հայաստանում․

«Վրաստանի արդարադատության համակարգը բավականին նման է արդարադատության այն հիմնական ընդհանուր ընթացակարգերին, որոնք առկա են Հայաստանում։ Որոշ դեպքերում օրենսդրական մակարդակներում Հայաստանն ավելի առաջ է, բայց մենք միշտ ունեցել ենք դատական համակարգի իրական գործունեության իրականացման խնդիր»։

Վրաստանի Սահմանադրական դատարանի անդամ Աննա Դոլիձեն, ով Վարդերի հեղափոխության շրջանում ղեկավարում էր Երիտասարդ իրավաբանների ասոցացիան, որը պետք է մասնագիտական խորհրդատվությամբ հանդես գար հետհեղափոխական երկրում, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է, որ արդարադատության ոլորտում Սահակաշվիլին չափն անցել էր․ «Նա անձնական թշնամիներ ուներ, ում հետ և վենդետա ունեցավ»։

Այդ շրջանի հոջողված փոփոխությունը, ըստ նրա. «Կոռուպցիայի դեմ պայքարը, փոքր բայց ամենատարածված կաշառքից ազատվելու գործընթացը, սկսվեց ճանապարհային ոստիկանությունից։ Դա ամենահաջողված փոփոխությունն էր։ Կարևոր է, որ ոստիկանն առանց կաշառքի, իր աշխատավարձով կարողանա պահել ընտանիքը»։

Վրաստանյան արդարադատության ոլորտի մի բարեփոխում կարևորեց ԱԺ-ի «Իմ Քայլը» դաշինքի պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ ընդգծելով, որ այն կարելի է գրեթե նույնությամբ վերցնել և տեղայնացնել Հայաստանում․

«Դա «Մեկ պատուհան, մեկ կանգառ բարեփոխումն» է, որը պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների մատչելիությունը բարձրացնող և հեշտացնող բարեփոխում է։ Մարդիկ այն բոլոր ծառայությունները, որ ստանում են պետական տարբեր համակարգերից՝ տեղեկանքներ, գործարքներ, դրանց վավերացումը և այլն կատարվում է միասնական մեկ վայրում՝ դյուրացված մեխանիզմով։ Այս բարեփոխումը տեղ է գտել Հայաստանի ներկա կառավարության ծրագրում»։

Վրաստանի Արդարադատության տունն աշխատում է առանց ավելորդ թղթաբանության՝ մեկ պատուհանի սկզբունքով։

Թափանցիկ ապակիներով տան, ինչպես նաև ոստիկանության ու այլ հաստատությունների ապակե շենքերի կառուցումը, ի դեպ, հետհեղափոխական Վրաստանում նպատակ ուներ ցույց տալ, որ ներսում աշխատում են բաց ու թափանցիկ, առանց կաշառքի։

0:00
0:00