ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Լարիսա Ղարսլյանը որոշում է, թե ինչ է նվիրելու վարչապետի ընտանիքին
2018-08-04 12:29:38
Նինոծմինդա քաղաքում ապրող Լարիսա Ղարսլյանը հիշում է, որ մայիսին, երբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Վրաստան, այդ թվում իր ծննդավայր, չնայած բազմաթիվ ջանքերին, չկարողացավ մոտենալ վարչապետին ու լուսանկարվել նրա հետ։ Այսօր ասում է՝ չեմ հավատում, հնարավորություն ունեմ տասը օր ապրել վարչապետի տանը, շփվել նրա ընտանիքի անդամների հետ․ «Անսահման ուրախ եմ, չեմ կարող փոխանցել զգացողություններս, թռչկոտում էի․․․»։ Ղարսլյանը նշում է, որ ողջ ընտանիքն էր ապրիլ-մայիս ամիսներին հետևում հայաստանյան իրադարձություններին։ «Հեղափոխության օրերին առավոտից երեկո ուղիղ եթերներով, Փաշինյանի անձնական էջի միջոցով հետևում էի նրա գործունեությանը։ Շատ էի ուզում, որ ինքը վարչապետ դառնա, հայերի կյանքը բարելավվի և վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը դա կարող է անել»։ Լարիսա Ղարսլյանն այս տարի է ավարտել Նինոծմինդայի թիվ մեկ հայկական հանրային դպրոցը և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար նախատեսված 4+1 ծրագրով անվճար ընդունվել է Թբիլիսիի Իլիա Ճավճավաձեի անվան պետական համալսարան։ Նա նշում է, որ ապրելով Վրաստանի հայաշատ բնակավայրում, հետաքրքրվում է և Վրաստանի, և Հայաստանի ներքաղաքական կյանքով՝ գտնելով, որ ունի «երկու հայրենիք»։ Այժմ մտածում է, թե Վրաստանից ինչ յուրահատուկ նվեր պետք է տանի Հայաստանի վարչապետի ընտանիքին։ Ասում է դեռ փորձում են ընտրել մի յուրահատուկ իր, այդ թվում մտածում է տանել․ «վրացական գինու բաժակներ՝ եղջյուր, բայց ինձ կհիշեն որպես Վրաստանից եկած հյուր»։ Ղարսլյանը, սակայն, ամենակարևորը, Հայաստանի վարչապետի ընտանիքի անդամների մոտ կթողնի լճերով հարուստ Նինոծմինդայի մասին տարբեր պատմություններ, մշտապես կհիշի, որ ապրել է վարչապետի տանը։ Ասում է՝ Փաշինյանը կարևորում է Վրաստանի հետ հարաբերությունները և դրա վկայությունը վարչապետի պաշտոնում առաջին պաշտոնական այցն էր Վրաստան, որի շրջանակներում եղավ նաև հայաշատ Ջավախեթիում, այդ թվում Նինոծմինդա քաղաքում ու շրջանի Փոկա, Գանձա, Սաթխա գյուղերում։ Հայաստանի Սփյուռքի նախարարության «Քայլ դեպի տուն» ծրագրի շրջանակներում Նինոծմինդայից Հայաստան է մեկնելու 21, իսկ Վրաստանի տարբեր շրջաններից ընդհանուր մոտ 200 հայ երիտասարդ։