ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Գերատեսչությունների օպտիմալացումը հետևա՞նք, թե՞ արդյունք կունենան
2019-02-18 17:11:50

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

 

17-ից 12 նախարարություն. կառավարությունն առաջարկում է միավորել կամ  օպտիմալացնել գերատեսչությունները:  Փետրվարի 12-ից  իրավական ակտերի e-draft.am կայքում տեղադրված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագիծն այս պահին ամենաշատը քննադատված նախագիծն է:

Առաջարկվում է ստեղծել մեկ նոր, չորս միավորված նախարարություն և  Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտ:

Բնապահպանության նախարարությունը կվերանվանվի շրջակա միջավայրի նախարարության, առաջարկվում է նաև առաջին փոխվարչապետի հաստիքի կրճատում:

90 տոկոսը դեմ է, 10 տոկոսը՝ կողմ: Փետրվարի 12-ից ից իրավական ակտերի միասնական  e-draft.am կայքում տեղադրված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի ինտերնետային քվեարկության արդյունքն է:

Այս նախագիծն այս պահին դեմ արտահայտվողների քանակով  զիջում է  միայն  նույն հարթակում տեղադրված «Աջակողմյան  ղեկային  տեղաբաշխմամբ  տրանսպորտային միջոցների  արգելքի» մասին նախագծին: Ներկայիս 17 նախարարության փոխարեն նախագծով առաջարկվում է ունենալ 12 նախարարություն:

Մշակույթի, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները  կմիանան կրթության և գիտության նախարարությանը՝ դառնալով կրթության, գիտության և մշակույթի նախարարություն: Գյուղատնտեսության եւ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունները կմիավորվեն դառնալով Էկոնոմիկայի նախարարություն:

 «Փոփոխությունները որևէ բացասական ազդեցություն չեն կարող ունենալ ոլորտի վրա: Հույս ունեմ կշարունակեմ աշխատել պետական կառավարման համակարգում»,- «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է Գերակա հռչակված ոլորտի՝ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը։

 Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հստակեցնում է՝  գյուղատնտեսության նախարարության գործառույթներն իրենց չեն փոխանցվում

«Դա նշանակում է, որ կառուցվածքային բարեփոխումների արդյունքում  կձևակերպվեն այնպիսի կառուցվածքային ձևաչափեր, որոնք պետք է պատասխանեն բոլոր հարցերին: Այսինքն՝ նոր ձևավորվող կառույցը պետք է հավասար կարևորությամբ վերաբերվի ինչպես գյուղատնտեսության զարգացմանը, այնպես էլ՝  տնտեսության զարգացման մյուս ճյուղերի»:

Կոնկրետ վերը նշված երկու գերատեսչությունների միավորմանն ուղղված քննադատությունները Խաչատրյանը նորմալ է գնահատում․«Բոլոր կարծիքներն էլ իրավունք ունեն գոյության, այնպես ինչպես իրավունք ունի գոյության կառավարության տեսակետը հարցի  առնչությամբ»:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը կմիանա Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը։ Վերջինս կկոչվի  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:

Նույն այս գերատեսչությանը կփոխանցվեն  տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից իրականացվող տրանսպորտի (այդ թվում՝ ճանապարհների) ոլորտին առնչվող բոլոր լիազորությունները և գործառույթները: Տրանսպորտի, կապի ու  ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում  վստահեցնում է՝ ոլորտը միավորումից  չի  տուժի: Միավորման տրամաբանությունն է բացատրում

«Տարածքային մարմինները, օրինակ, մարզպետարանները, ունեն տրանսպորտի վարչություններ: Համայնքները ճանապարհաշինություններով են զբաղվում, կան տեղեր, որտեղ մեկ-երկու տարի հետ նոր սարքված ճանապարհը քանդվում է: Բազմաթիվ պատճառներ, և դրանցից մեկն էլ այն է, որ համայնքները ճանապարհաշինության մեջ զբաղվելու ավելի քիչ փորձ ունեն, քան տրանսպորտի, ճանապարհաշինության նախարարությունը: Տարածքային կառավարման նախարարության հետ միավորումը թույլէ  տալիս , որպեսզի ամբողջական և տրանսպորտային համակարգը, և ճանապարհաշինության համակարգը միավորվեն ու միասնական ընթացակարգերով, ստանդարտներով, պատասխանատվությամբ իրականացնեն»:

Օրենքի ընդունումից հետո կառավարության որոշմամբ այս նախարարության ենթակայությանը կհանձնվեն Պետական գույքի կառավարման կոմիտեն և Ջրային կոմիտեն, որոնք իրենց կազմում կունենան միայն մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կվերանվանի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության: Հակոբ Արշակյանի տեղեկացմամբ, սկզբնական տարբերակում քննարկվող ռազմարդյունաբերությունը հանվել է՝ միջազգային գործընկերների հետ խնդիրներ չունենալու նպատակով: Հստակեցնում է՝ նոր ստեղծվելիք նախարարությունը նպատակ ունի բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը զարգացնել

«Զբաղվելու է Հայաստանում մտքի արտադրանքը առևտրայնացնելով, դրանք դարձնելով համակարգեր, և դրսում դրանց վաճառքն ապահովելով»:

Այսպիսով՝ կառավարությունը հետևյալ կառուցվածքը կունենա. ըստ նախագծի՝ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, արդարադատության, արտակարգ իրավիճակների, արտաքին գործերի, շրջակա միջավայրի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի,  պաշտպանության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների,  բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության,  Էկոնոմիկայի  և ֆինանսների նախարարություններ:

Սփյուռքի նախարարությունը  կմիավորվի վարչապետի աշխատակազմին, կստեղծվի Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտը:  Այն համակարգելու է սփյուռքի հարցերին առնչվող ծրագրերը՝ ունենալով գրասենյակ նշված աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով:

Սոցիոլոգ Ռազմիկ Մարտիրոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում կարևորում է կառավարության՝ արդյունավետ  գործիքակազմ  ունենալու հնարավորությունը:

Արդյունավետ կառավարման մոդել ստեղծելու դեպքում հնարավոր կլինի լուծել նաև կրճատված քաղաքացիների աշխատանքի հարցը՝ կարծում է զրուցակիցս:  

0:00
0:00