ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Այսօր 1921 թվականի փետրվարյան ապստամբության 98-րդ տարեդարձն է
2019-02-18 18:34:54

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Այսօր 1921 թվականի փետրվարյան ապստամբության 98-րդ տարեդարձն է։ Հայաստանում սովետական իշխանության դեմ ուղղված հակահեղափոխական զինված ելույթ. այսպես է ներկայացնում 1921 թվականի փետրվարյան ապստամբությունը հայկական սովետական հանրագիտարանը։ Սակայն փոխվում են ժամանակները և պատմական նույն իրադարձությունների վերաբերյալ փոխվում են նաև ձևակերպումները։  Ինչ է իրականում տեղի ունեցել 21 թվականի փետրվարյան այս օրը։

Ինչ դեր ու նշանակություն ունեցավ փետրվարյան ապստամբությունը մեր ժողովրդի կյանքում։ «Փետրվարի 18-ը բոլշևիկյան բռնապետության դեմ տարած առաջին հաղթանակն էր, որը խորհրդանշական դարձավ հայ ժողովրդի համար»,-ասում է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն, ով տարիներ շարունակ հանդես է գալիս փետրվարի 18-ը որպես հայ ժողովրդի ազատության տոն նշելու առաջարկով:

«Փետրվարի 18-ը 1921 թվականին բոլշևիկյան կուսակցությունից Երևանի ազատագրման և Եռագույնի վերածննդի օրն է»,- ասում է ԱԻՄ առաջնորդը: Ըստ նրա, 1988 թվականի  հենց այս օրով է սկսվել նաև հայության ազգային վերածնունդը՝ անկախության վերականգնման հրապարակային շարժումն ու ազատագրական պայքարը:

ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանի ձևակերպմամբ՝ 21-ի փետրվարյան շարժումը համաժողովրդական ընդվզում էր, անգամ հեղափոխություն, որը ծնվեց հայհեղկոմի որդեգրած դաժան քաղաքականության արդյունքում։

Եվ ամենակարևոր ձեռքբերումներից մեկը, ըստ պատմաբանի՝ «Չլիներ փետրվարյան ապստամբությունը, հազիվ թե Զանգեզուրը խորհրդային Հայաստանի մաս կազմեր»:

Անկախության համը ոչ հեռավոր անցյալում ճաշակած ժողովուրդը չէր կարող հանդուրժել նոր լուծն ու բռնությունները, որոնք երկիրն ակնհայտ կործանման էին տանում։ Ընդվզումների ալիքը տարածվել էր անգամ այն գավառներում, որտեղ ուժերի համաչափության մասին մտածելն իսկ զավեշտալի  էր։

Որպես առավել կազմակերպված ուժ շարժումն առաջնորդելու պատասխանատվությունը ստանձնել էր  Հայ հեղափոխական դաշնակցությունը: Դաշնակցության պատմության թանգարան-հիմնադրամի տնօրեն Անուշ Ամսեյանի խոսքով փետրվարյան ապստամբությունը մեր պատմության ամենահերոսական դրվագներից է, ինչի անխոս վկան է անգամ հենց վերոնշյալ թանգարանում պահպանվող, արկածներով լի ճանապարհ անցած հայոց եռագույնը։

Դրոշը բարձրացնելուց հետո ամբոխի միջից արձակված գնդակից դաշնակցական պատգամավորը զոհվում է։ Երևանի պատմության թանգարանում պահպանված եռագույնից բացի, զրուցակցիս փոխանցմամբ, սա երկրորդ դրոշն է, որը մեզ է հասել հերոսական այդ օրերից՝ անցնելով հետաքրքիր ոդիսական։

1921 թվականին բոլշևիկյան կարգերի վերահաստատումից հետո Հայաստանից մոտ 10 հազար մարդ է հեռանում՝ տանելով նաև հայտնի դրոշը։ Այն հասավ մինչև Փարիզ, հետո՝ Միացյալ Նահանգներ։ 1994 թվականին հերոսական եռագույնը Հայաստան վերադարձավ:

0:00
0:00