ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՀԷՑ-ը և «Գազպրոմ Արմենիա»-ն պատրաստ են բոլոր բողոքներին անդրադառնալ
2019-02-19 11:05:51

Անի Մինասյան

«Ռադիոլուր»

Հունվար ամսին սպառած գազի ու հոսանքի դիմաց քաղաքացիները պնդում են, որ վճարել են անհամեմատ ավելի շատ, քան՝ դեկտեմբերին: Փորձում են գտնել պատճառներն ու պարզաբանումներ պահանջում՝ «Գազպրոմ-Արմենիայից» եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից: Պարզաբանումները չեն ուշացել:

Էմին Մարտիրոսյանը վճարված հոսանքի չեկը ձեռքին փորձում է պարզաբանումներ ստանալ՝ ինչո՞ւ եւ ինչպե՞ս է, որ դեկտեմբերին հոսանքի համար վաճարել են 6000 դրամ, հունվարի համար երեք անգամ ավելի՝ 15000 դրամ:

Հոսանքի տեսուչին դիմելուց հետո պատասխան է ստացել:

«Նայել եմ, ամեն բան ճիշտ է: Ասացի՝ չի կարող: Պատասխանեց՝ դե դիմում գրեք»:

Ֆեյսբուքյան՝ իրար հերթ չտվող գրառում-բողոքները գազի ու հոսանքի վճարումների հետ կապված, ուղղված են «Գազպրոմ-Արմենիային» եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ը. բողոքողները պնդում են՝ հունվար ամսվա վարձը իրենց սպառած գազ-հոսանքի դիմաց դեկտեմբերի համեմատ անհամեմատ բարձր է:

«Հայաստանի էլեկտրական ցանցերից» պարզաբանում գրավոր են տալիս:

«Ամանորյա տոներից հետո էլեկտրաէներգիա սպառող բաժանորդների մոտ հաճախ առաջանում են հարցեր՝ կապված էլեկտրաէներգիայի դիմաց ծախսերի և վճարումների հետ: Դա պայմանավորված է տոնական օրերին բաժանորդների՝ միջինից շեղված ծախսերի հետ:

Նմանատիպ կամ ցանկացած այլ հարցի/բողոքի պարագայում օպերատիվ արձագանք ստանալու համար խնդրում ենք բաժանորդներին դիմել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, որտեղ գործում է հատուկ հանձնաժողով՝ նմանատիպ խնդիրների պարզաբանման համար»:

Պարզաբանումներ պահանջող քաղաքացիները համացանցային տիրույթում շատ են, նշում են՝ բանավոր էլ իրենց բողոքը տեղ հասցնողներ կան: Համացանցում «Գազպրոմ-Արմենիային» ուղղված բողոքների թվին, որ հարյուրներից անց է, ի պատասխան ընկերության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից Միխայիլ Հարությունյանը պատասխանում է՝ իրենք ստացել են 3-4 դիմում-բողոք:

Ջեռուցման շրջանում բողոքները շատ ու միշտ են եղել, այս տարին էլ բացառություն չէ:

«Ինչ վերաբերում է բոլոր անհատական բողոքներին, ընկերությունը պատրաստ է ներկայացնել սպառման էպիկրիզները նախորդ տարիների համեմատ, և ցանկացած դժգոհության դեպքում բաժանորդները կարող են դիմել ընկերություն, «Գազպրոմ Արմենիան» պատրաստ է յուրաքանչյուր բողոքին անհատապես անդրադառնալ»:

Թե՛ «Գազպրոմ-Արմենիայից», թե՛ «Հայաստանի էլեկտրական ցանցերից» հորդորում են բոլոր քաղաքացիներին՝ դիմել՝ վստահ լինելով, որ կուսումնասիրվեն բոլոր դիմում-բողոքներն անհատապես:

Բայց անգամ այս հորդորներին քաղաքացիները կասկածում են՝ հավելագրումներ են կատարվել՝ արհետսական ձևով մեծացնելով իրենց սպառած գազի եւ հոսանքի ծավալը։

Հարցնում են՝ ինչպե՞ս է պատահում, որ ապրում են նույն կերպ, բայց իրար հաջորդող ամիսներին մի քանի անգամ ավել վճարումներ են կատարում:

0:00
0:00