ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կտրուկ թանկացումներից զարմացած են անգամ վաճառողները
2019-02-19 12:15:30

Լիանա Եղիզարյան

«Ռադիոլուր»

Ինչու են կտրուկ գնաճ արձանագրում մթերքի որոշ տեսակներ, որքանով են հիմնավոր հացի, տեղական հավի, ձվի ու կաթնամթերքի որոշ տեսակների թանկացումները: Ազգային վիճակագիրները գների փետրվարյան վայրիվերումները դեռ չեն ամփոփել. փորձել ենք սեփական դիտարկումներն անել ու գտնել հարցերի պատասխանները:

Վերջին 1-2 շաբաթում նկատվող հիմնական սպառման ապրանքների հերթական թանկացումները լրջորեն մտահոգում են մեր քաղաքացիներին: Հատկապես զգալի է մթերքի որոշ տեսակների գների կտրուկ բարձրացումը: Անհասկանալի միտումների մասին քաղաքացիները կիսվում են իրենց գրառումներով:

«Թռչնամսի շուկայում անհասկանալի բաներ են տեղի ունենում: Ուրեմն` հավի 1 կգ-ը թանկացել է 300-400 դրամով: Ի դեպ, շատ խանութներում,այդ թվում սուպերմարկետներում ստեղծվել է արհեստական դեֆիցիտ, որպեսզի գինը բարձրացնեն։ Այսօր արդեն մի շարք խանութներում հավը մատակարարվել է 1 կգ-ը 1300-1350 դրամի փոխարեն 1600-1700 դրամով»:

Տեղական հավի մսի կիլոգրամը 1600-1700 դրամ գնի ներքո նկատեց նաեւ «Ռադիոլուրը»՝ դիտարկում անցկացնելով խոշոր սուպերմերկետների մսի բաժիններում ու մսի վաճառքի կետերում: Մսավաճառները անանուն զրույցի ժամանակ փոխանցում են՝ իրենց էլ շատ բան հայտնի չէ, թե ինչո՞ւ մի քանի օրում կտրուկ բարձրացավ տեղական հավի մսի մատակարարման գինը, բայց, իրենց հասած տեղեկություններով՝ գինը բարձրացրել են սպասարկող ֆիրմաները:
Սուպերմարկետներից մեկում բանանը դրված է բացառիկ գնի պիտակի տակ՝ 730 դրամ արժեքով: Վաճառողուհին մեր հարցին ի պատասխան բացատրում է՝ դեռ էժանացել է, 2 օր առաջ 750 էր գինը: Բայց միաժամանակ տեղեկացնում է՝ սա նոր ստացված բանան չէ, թանկացել է նույն միրգը է, ինչ օրեր շարունակ արկղերով դրված է վաճառքի:

Սուպերմարկետների վաճառողներն ու վճարման բաժնի աշխատակիցները անանուն զրույցում ոչ միայն չեն հերքում տեղեկությունները, որ վերջին 10-15 օրում կտրուկ թանկացել են տեղական հավն ու բանջարեղենը, այլեւ իրենց հերթին են լրացնում թանկացած ապրանքների ցանկը. բարձրացել են նաեւ հացի, կարտոֆիլի գները եւ ոչ միայն:

Ազգային վիճակագրական ծառայությունը փետրվարի գնային փոփոխությունները դեռ չի ամփոփել, բայց գնաճի ակնառու միտումներ նկատել է արդեն հունվարին՝ դեկտեմբերի համեմատ: Ըստ այդմ՝

2019թ. հունվարին 2018թ. դեկտեմբերի համեմատ Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 1.7% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի 4.2% գնաճով: Սրա վրա լրջորեն ազդել է մրգի 6.4% և բանջարեղենի շուրջ 30% գնաճը:

Մսամթերքի ապրանքախմբում հունվարին գնաճի միտումներ չեն նկատվել, փոփոխություններին, թերեւս պետք է սպասել փետրվարի ամփոփման մեջ: Փոխարենը, վիճակագիրները գրանցել են հացի թանկացում 0.6 տոկոսով, սակայն, ըստ սպառողների, հացը շարունակել է թանկանալ փետրվարին՝ ավելի տեսանելի փոփոխություններ գրանցելով: Սա է վկայում նաեւ դիտարկումը սուպերմարկետներից մեկում. «Հացը 20-30 դրամով թանկացել է»:

Թեեւ գներն այս հունվարին ավելի քիչ են բարձրացել, քան նախորդ տարվա հունվարին, բայց դեկտեմբերի համեմատ գնաճի միտումներն ակնհայտ են մթերքի գրեթե բոլոր ապրանքախմբերում՝ ձու, կաթնամթերք, մսամթերք: Կտրուկ թանկացել է կարտոֆիլը՝ 15 տոկոսով, կանաչեղենը՝ մոտ 40 տոկոսով: Ինչո՞վ են բացատրվում այս թանկացումներն, ու որքանո՞վ են պատճառները հիմնավոր: Տնտեսագետ պատգամավոր Արտակ Մանուկյանը «Ռադիոլուրին» խոստանում է գնաճի պատճառներն ավելի մանրամասն ուսումնասիրել, իսկ մինչ այդ մանրամասնում է:

« Հացի դեպքում խնդիրը համեմատաբար պարզ է, քանի որ նախ սպառման ծավալներն են նվազում, եթե նայենք ընդհանուր միտումները: Հետեւաբար նաեւ որոշակիորեն գնային ճնշումներ կան առաջարկի եւ պահանջարկի առումով: Հավի մասով, որքան ինձ հայտնի է, ամանորի շրջանում հիմնական մասը մորթվել է եւ հիմա ներքին շուկայում հավի հավելյալ պահանջարկ չկա, նաեւ դրսից ներմուծում-բերում են, փորձում են փոխարինել ու գները դրանով որոշակիորեն նաեւ բարձրանում են»:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից «Ռադիոլուրին» փոխանցում են՝ հացի ու տեղական հավամթերքի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններ չկան, ուստի այս ապրանքների գնային փոփոխությունները հանձնաժողովի դիտարկման տիրույթից դուրս են: Բանանի շուկայում, չնայած ծավալների զգալի նվազմանը, շարունակում է գերիշխող դիրք զբաղեցնել «Քեթրին գրուպ» ընկերությունը: Բանանի գնի բարձրացումը կրում է սեզոնային բնույթ: Վերջին մի քանի տարում մշտապես տարվա այս ժամանակահատվածում նկատվում է բանանի թանկացում, իսկ ամառային ամիսներին՝ էժանացում:

0:00
0:00