Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Եթե ուժեղ ես, հակառակորդն ավելի զուսպ է
2019-02-19 13:15:02

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

«Եթե ուժեղ ես, հակառակորդը փոխում է իր տակտիկան»,- ասում է Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը, նույն տրամաբանությամբ է վերլուծում Ռուսաստանից Սու-30 բազմաֆունկցիոնոլ կործանիչի ձեռքբերումը Հայաստանի համար ադրբեջանագետը: Մի կողմից խոսվում է ժողովուրդների խաղաղության նախապատրաստելու մասին, մյուս կողմից կողմերը ակտիվ զինվում են: Սրանք իրար փոխլրացնող են համարում փորձագետները:

Հակառակորդի ռազմական ախորժակը զսպելու համար պետք է զինվել նորագույն զին տեխնիկայով ու ամրանալ՝ ասում է Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը: Սա անհրաժեշտ է անվտանգության նկատառումներից ելնելով՝ ասում է՝ անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարարի «Ռիա Նովոստի»- ին տված պարզաբանմանը: Դավիթ Տոնոյանը հայտարարում է, որ Հայաստանն առաջին Սու-30 ՍՄ կործանիչները Ռուսաստանից կստանա 2019 թվականի ավարտին-2020 թվականի սկզբին:

Այստեղ գործում է՝ «Եթե դու ուժեղ ես, հակառակորդն ավելի զուսպ է» մոտեցումը՝ ասում է Օհանջանյանը:

Ընդհանուր առմամբ, հայկական կողմը մտադիր է առաջիկա տարիներին 12 հատ Սու-30ՍՄ կործանիչ գնել: Մինչ դրանք տեղ կհասնեն՝ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում է՝«Սու-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ կործանիչ է, նրա կարևորագույն խնդիրը օդային տարածությունում գերիշխանություն հաստատելն է։ Այն կարող է կատարել իր առջև դրված առաջադրանքները` անկախ եղանակից և օրվա ժամից։

Դասվում է 4++ սերնդի շարքում, ունի բավականին մեծ թռիչքի հնարավորություն, մոտավորապես 3,5 հազար կմ թռիչքի հեռահարություն: Իր մեջ կարող է կրել 8 տոննա սպառազինություն, գործելու հեռավորությունը 250 կմ է: Այն գերճշգրիտ կործանիչ է.

«Մի քանի ուղղությամբ գործողություն կատարող կործանիչ է: Կարող է հետախուզություն իրականացնել, ռադիոէլեկտրոնային պայքար… : Կարող է ռեգիոնալ մասշտաբով լուրջ խնդիրներ լուծել»:

Ռազմական փորձագետը վստահեցնում է՝ Ադրբեջանը չունի նման կործանիչ, ավելին, ըստ ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանի, Բաքուն չունի դրա դեմ պայքարի միջոցներ, ինչը նշանակում է, որ ՍՈւ 30-ի ձեռքբերմամբ կկանխվի հակառակորդի որևէ ոտնձգության հավանականություն.

«Եթե Ադրբեջանը ունենա համարժեքը՝ կհարձակվեր, բայց նա չունի դրա դեմ պայքարի միջոցներ և մտածելու է հակակշռելու մասին»:

Այսօր լուրեր տարածվեցին նաև, որ իսրայելական Aeronautics ռազմական ընկերությունը Ադրբեջանի հետ 13 միլիոն դոլարի պայմանագիր է ստորագրելու: Ըստ այդմ՝ իսրայելական ընկերությունը սպասարկելու է նախկինում վաճառված Orbiter 1K անօդաչու սարքերը, գրում է Jerusalem Post-ը:

Իսրայելի իշխանությունները 2017 թվականին կասեցրել էին ընկերության արտոնագիրը, երբ պարզվել էր, որ ադրբեջանական կողմը նպատակ է ունեցել հարվածելու Հայաստանի զինված ուժերի դիրքերին իսրայելցի մասնագետների միջոցով:

Աշոտ Մովսիսյանը ռազմական բալանսը տարածաշրջանում պայմանավորում է տնտեսության հզորությամբ: Որքան հզոր է երկրի տնտեսությունը՝ այնքան ամուր է պետությունը՝ ասում է:

Կարեն Օհանջանյանը չափազանց կարևորում է շփման գծում հարաբերական անդորրը։ Կարեն Օհանջանյանի կարծիքով՝ հանդիպումները, բանակցությունները միշտ լավ են, սակայն բեկում սպասել պետք չէ, քանի որ.

«Կողմերից ոչ մեկը պատրաստ չէ լուրջ զիջումների: Երբեք հայկական կողմը չի գնա տարածքային զիջումների: Ադրբեջանը երբեք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղը համենայն դեպս մոտ ապագայում: Սակայն եթե գնում ես բանակցությունների՝ պետք է քննարկել այս հարցերը»:

Նա շատ կարևորեց Արցախի մասնակցությունը բանակցություններում, քանի որ վերջին հաշվով Ղարաբաղի բնակչությունը, ըստ նրա, հանրաքվեի միջոցով պետք է որոշի այս կամ այն փաստաթղթի նշանակությունը, որը կստորագրվի կողմերի միջև:

0:00
0:00