ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հակադարձում են ՀՔԾ պետին
2018-08-04 14:23:47
Առայժմ հայտնի չէ, թե Վերաքննիչ դատարանը երբ է քննելու հանրապետության երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ նրա պաշտպանների  միջնորդությունը: Երկուշաբթին  ևս դեռ բողոքարկման օր է,  և տեսականորեն երեքշաբթիից շուտ բողոքը քննվել չի կարող քննել: ՀՔԾ պետը երեկ Հ1-ին տված հարցազրույցում նշել էր, որ կալանքի վիճարկման միջնորդությունը Վերաքննիչում քննվելու է  այսօր:   Փաստաբանները կարծում են, որ ՀՔԾ պետը թյուրիմացաբար է շփոթել օրը, մյուս գնահատականները, սակայն,  թյուրիմացություն չեն համարում: Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից  Սարգիս Գրիգորյանը ու Հայկ Ալումյանը ՀՔԾ պետի վերլուծությունը գնահատում են որպես կոնկրետ քրեական գործի վերաբերյալ միջամտություն արդարադատությանը: Նախորդ ասուլիսի ընթացքում պաշտպանները շրջանցել էին  0038 հույժ գաղտնի հրամանը, դրան համարյա չէին անդրադարձել, մինչդեռ երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքի հիմքում հենց այս փաստաթուղթն է:  Դրանով է փաստվում   ներքաղաքական գործընթացների զինված ուժերի մասնակցությունը: Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում  ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը պատահական չհամարեցեց, որ այս փաստաթուղթը մինչև վերջերս  քրեական գործում չի եղել: «Քանի որ միայն այս փաստաթուղթն է փաստել , որ Զինված ուժերը ներգրավված են եղել մարտի 1-ի իրադարձություններում, ընդ որում՝ հրամանը ստորագրվել է ոչ թե մարտի 1-ին, այլ փետրվարի 23-ին»: ՀՔԾ պետը մասնակիորեն գաղտնազերծեց  մեղադրանքի առաջադրման համար հիմք դարձած փաստաթուղթը, ընթերեցեց դրա որոշ հատվածներ: Մասնավորապես այն հոդվածը, որով ամրագրվում է, որ 2008-ի փետրվարի 23-ից զինված ուժերի ողջ անձնակազմը տեղափոխվում է զորանոցային վիճակի՝ մինչև հատուկ կարգադրություն ստանալը: ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծվում են  սպայական խմբեր՝ զինված  տաբելային զենքով: Ձևավորվում են  բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ, հավաքական ստորաբաժանումներ :  «3-րդ կետում նշված ստորաբաժանումները համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն սպաներով, ենթասպաներով, պայմանագրային և ժամկետային զինծառայողներով»: Սասուն Խաչատրյանը նշեց, թե իր համար անհասկանալի է, որ պաշտպանական կողմը ձեռքի տակ ունենալով 0038 հրամանի գաղտնազերծված մասը, պնդում է, թե հրամանը եղել է այն նպատակով, որպեսզի զորքը բերվի զորանոցային վիճակի և զերծ մնա ներքաղաքական գործընթացներին խառնվելուց: Նույն պնդումը պաշտպաններն արեցին նաև այսօր: «Փետրվարի 23-ի հրամանը պետք է դիտարկել ոչ թե մարտի 1-ի, այլ հենց  փետրվարի 23-ի տեսանկյունից»։ Հայկ Ալումյանն ասում է, թե հրամանից չի բխում, որ բանակը ներքաշվել է ներքաղաքական գործընթացներում, ընդհակառակը ապացուցում է, որ կանխվել է բանակի ներքաշումը: Ըստ փաստաբանի՝ մինչև մարտի 1-ն արդեն հայտնի էին քաղաքական գործընթացների մեջ բանակը ներքաշելու մասին այլ տվյալներ, օրինակ՝ պաշտպանության երկու փոխնախարարներն արդեն չքողարկված աջակցություն էին հայտնում ցուցարարներին։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը նույնպես  կարծում է, որ գաղտնի հրամանը առաջադրված մեղադրանքը չի հիմնավորում:«Այն բանից, որ այդ տեքստը խրոխտ ձայնով ես կարդում, դրանից խնդիրը չի փոխվում»: Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի՝ ԱԺ-ում կազմակերպված ստորագրահավաքին միացել է 41 պատգամավոր: Նրանց անուններն առայժմ չեն հրապարակվում, բայց երկար գաղտնի չեն մնա : Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի տեղեկացմամբ՝ նրանց թվում, ՀՀԿ-ից բացի, կան նաև այլ խմբակցությունների, օրինակ Դաշնակցության  պատգամավորներ: