ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կյանքը լարի վրա
2018-11-10 17:37:46

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Նրա կյանքի մեծ մասն անցել է լարի վրա: 71 տարեկան է ու վստահեցնում է՝ առնվազն մինչև 80-ը լարի վրա է լինելու:

Իր լավատեսությամբ փայլող Վլադիմիր Հակոբյանը, այդուհանդեձ, զերծ չէ ներքին վախերից. չլինի թե լարախաղացության արվեստի վերջին ներկայացուցիչը լինի:

 

«Վերևում լարախաղաց եմ, ներքևում գրող: Գրածներս էլ  միայն լարախաղացության մասին չեն, այլև քաղաքական, մշակութային հայտնի դեմքերի»,-այսպես է ներկայանում ՀՀ մշակութի գործիչ, լարախաղաց-աճպարար ու նաև գրող Վլադիմիր Հակոբյանը, ապա՝ հանկարծ հիշելով նաև հավելում. «Ֆիլմերում էլ եմ խաղացել»:

«Այս աշխարհում ապրում եմ արդեն 71 տարի, որից 60-ը լարի վրա: Կարելի է ասել՝ հենց լարի վրա էլ ծնվել եմ»,-կատակում է լարախաղացը:

Ժամանակին հանդես է եկել խորհրդային հանրապետություններում, բազմիցս՝ Ռուսաստանում: Այսօր էլ հրավերներ է ստանում Հայաստանի տարբեր շրջաններից, Արցախից, հիմնականում ազգային տոներին, ծիսակատարություններին։

Բայց տարեց լարախաղացն արդեն մտահոգությունների մեջ է՝ չլինի թե միջնադարից մեզ հասած արվեստի այս տեսակի վերջին ներկայացուցիչը լինի:

«Մեր եզակի արվեստն այսօր չենք կարողանում մատուցել, հին ազգային ավանդույթը կորչում է»,-ասում է։ Պատրաստ է մասնագիտությունը փոխանցել երիտասարդներին, վստահեցնում է՝ հետաքրքրվողներ կան.

«Երբ կրկեսը բացվի, հնարավոր է գան ցանկացողները, նրանց միջից գտնենք կադրեր, ովքեր կկարողանան զբաղվել լարախաղացությամբ։ Ես պատրաստ եմ նրանց սովորեցնել»:

Վլադիմիր Հակոբյանի ցանկությունն է, որպեսզի լարախաղացությունը  ընդգրկվի պետական մշակութային ծրագրերում։

«Եթե պետությունն օգնի, չի կորչի արվեստի այս տեսակը»,-ասում է: Ինքը՝ լարախաղացը, լարի վրա կլինի առնվազն մինչև 80 տարեկանը, որպեսզի ապացուցի, որ հայ ազգն ամեն ինչից առավել կարևորում է արվեստն ու մշակույթը:

 

0:00
0:00