ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ծրագրի շարունակման դեպքում կընդգրկվե՞ն մյուս խոշոր ԲԿ-ները
2019-02-20 13:02:03

Իշեմիկ ինսուլտի անվճար բուժման ծրագրից գոհ է բժշկական հասարակությունը, սակայն որոշակի շտկումների անհրաժեշտություն նկատում է: Երկու բուժհիմնարկները, որտեղ կատարվում է ուղեղի անոթների միջամտությունը, հանրապետությունում միակ կենտրոններն են, որոնք համապատասխանում են չափանիշներին՝ վստահեցնում են առողջապահությանն նախարարությունից։ Նյարդաբանների ասոցիացիայի նախագահ, «Գրիգոր լուսավորիչ» ԲԿ-ի նյարդաբան Գուրգեն Հովհաննիսյանը հուսով է, որ ծրագրի շարունակության դեպքում կընդլայնվեն նաև բուժհիմնարկները:

Իշեմիկ ինսուլտի բուժման անվճար ծրագիրը մեկնարկել է փետրվարի 1-ից: Այն իրականացվում է երկու՝ Էրեբունի և Համալսարանական թիվ 1 հիվանդանոցներում: Սրանք այն կենտրոններն են, որոնք կարող են փակել ամբողջ բժշկական սպեկտորը՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը: Պատրա՞ստ են ծրագիրն իրականացնել նաև այլ կենտրոններում, եթե նման միջամտություններ կատարելու հնարավորություններով ապահովված են:

«Էն կենտորններն են, որոնք այս պահին կարող են ընդունել և միջազգային չափանիշներին համապատասխան բուժական ամբողջ սպեկտորն իրականացնել իշեմիկ ինսուլտով հիվանդի, այդ թվում՝ ներանոթային տրոմբերի հեռացումը»,-ասաց նա։

Մոտ 11 հիվանդի արդեն կատարել են համապատասխան միջամտություն՝ նախորդ շաբաթվա տվյալները ներկայացրեց զրուցակիցս: Ծրագրի շահառու դառնալու նախապայմաններից մեկն այն է, որ ինսուլտի նախանշանների դեպքում հիվանդին պետք է հասցնել ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում. «Կարճ, փոքր դասընթացներ են արվել»:

Բժշկական հասարակությունը ողջունում է ծրագիրը: Թրոմբոլիզիսը և թրոմբոլեկտամիան՝ ուղեղի անոթների միջամտությունը, իշեմիկ ինսուլտի բուժման առաջատար մոտեցումն է: Աշխարհում ընդունված ձևը ներդրվում է նաև Հայաստանում՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է Նյարդաբանների ասոցիացիայի նախագահ Գուրգեն Հովհաննիսյանը: Ողջունելի է, որ թանկ միջամտությունն իրականացվում է պետական աջակցությամբ:

Սակայն մասնագետը դժգոհում է, որ ծրագրի մասին իմացել են մեկնարկից օրեր առաջ՝ հունվարի 29-ին: Ծրագրի մասին տեղեկացված չէր ո՛չ հասարակությունը, ո՛չ էլ բժշկական հանրությունը.

«Դրա համար առաջին օրերին շատ վատ խոսակցություններ էին լինում հիվանդների հետ: Հիվանդները գալիս էին, ասում էին կառավարությունն ասել է, դուք պիտի ինձ բուժեք»:

Նման ծրագիր ներդնելու մասին որոշումը մի փոքր շուտ իմանալու դեպքում, մասնագետը չի բացառում նաև «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցային համալիրի ծրագրում ընդգրկվելը.

«Եթե այն ժամանակ մեր առաջ էլ դրվեր այդ հարցը և խնդիրը, իսկ ով է ասաց, որ մենք չէինք կարող կես տարվա ընթացքում պատրաստվել, կարող էինք»:

Իսկ անգրոնևրոլոգիայի կենտրոնի տնօրեն, ինսուլտների ազգային ասոցիացիայի նախագահ Հենրիկ Բակունցի համար՝ այս ծրագիրը բժշկության մեջ բարձր տեխնոլոգիաների ներդրում է: Ծրագրով նախատեսված է տարեկան սպասարկել 250 հիվանդի, երբ տարեկան ՀՀ-ում գրանցվում է մոտ 6000 ինսուլտի դեպք.

«Ես մտածում եմ մնացած ինսուլտների համար, որը պետպատվերը չի ապահովում բուժումն ամբողջ ծավալով»:

Տարեկան մոտ 6000 ինսուլտով հիվանդ է գրանցվում, իսկ այս պարագայում միայն երկու հիվանդանոցները չեն կարող սպասարկել նման թիվը՝ ասում է նյարդաբանը: Ծրագիրը շարունակելու դեպքում պետք է ընդգրկվեն նաև մյուս խոշոր հիվանդանոցները: Սակայն Հենրիկ Բակունցը կարծում է, որ ինսուլտների կանխարգելման համար պետք է ստեղծել առանձին մասնագիտացված կենտրոն։ Ավելին՝ դրա ստեղծման ծրագիրը պատրաստ է, սակայն կենտրոնի ստեղծման համար պետական աջակցություն է անհրաժեշտ՝ ասում է։

0:00
0:00