ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Պատմությունը կարող է փոխել մեզ. Փաշինյան
2018-11-12 09:33:38

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախօրեին մասնակցել է «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին: Ֆորումն անցկացվում է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:

Համաժողովը բացվել է «Փարիզի խաղաղության համաժողովի» ղեկավար կոմիտեի փոխնախագահ Թրիշա Շեթթիի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնի խոսքերով: Այնուհետև ելույթ են ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը և Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Փարիզի խաղաղության համաժողովի» շրջանակում հանդես է եկել ելույթով։


«Մենք այստեղ ենք հավաքվել` նշելու Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակը: Սա բացառիկ նշանակություն ունեցող միջոցառում է, որ կոչված է ոգեկոչելու մեր հավաքական հիշողությունը և արտահայտելու խաղաղության մեր ընդհանուր ուղերձը»,-ասել է Փաշինյանը:


ՀՀ վարչապետի պատոնակատարի խոսքով,
Առաջին համաշխարհային պատերազմը համամոլորակային ողբերգություն էր դրանում ներգրավված բոլոր ժողովուրդների համար, և ի վերջո հանգեցրեց այն հղացած պետությունների քայքայմանը:

«Կա համոզմունք, որ աշխարհաքաղաքական և ռազմական տեսանկյունից պատերազմներում միշտ լինում են հաղթողներ և պարտվողներ: Սակայն, մարդկային տեսանկյունից, ոչ ոք չի հաղթում: Պատերազմները բերում են միմիայն կորուստ, տառապանք և ավերածություններ:

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Անտանտի տերություններն առաջին անգամ գործածեցին «մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործություն» սահմանումը` այսպիսով դատապարտելով Օսմանյան իշխանություններին 1,5 միլիոն հայերի ոչնչացման համար: Հետագայում այդ ահավոր հանցագործությունը պետք է կոչվեր 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:


Այնուամենայնիվ
, ընդամենը մի քանի տասնամյակ անց մարդկությունն ականատեսը եղավ Հոլոքոստին, Կամբոջայի, Ռուանդայի ցեղասպանություններին, քրիստոնյաների և եզդիների ցեղասպանություններին Մերձավոր Արևելքում, Ռոհինջա ժողովրդի դեմ գործադրված բռնություններին»,- ասել է Փաշինյանը:

«Առաջին աշխարհամարտի արդյունքում աշխարհի ժողովուրդներն օրենքի ուժով հաստատեցին ազատ կամքի դրսևորմամբ սեփական ճակատագիրը տնօրինելու իրենց իրավունքը: Այստեղ` Ֆրանսիայում, հարկ եմ համարում ընդգծել, որ ընդամենը մի քանի օր առաջ Ֆրանսիան հստակորեն վերահաստատեց իր սկզբունքային դիրքորոշումն այս հարցում. Նոր Կալեդոնիայի ժողովուրդը հնարավորություն ստացավ հանրաքվե անցկացնել: Ցավոք, այդ իրավունքի նկատմամբ մոտեցումն ընտրովի է:

Այդ իսկ պատճառով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` տասնամյակներ շարունակվող պայքարը իր ճակատագիրը տնօրինելու համար, դեռևս չի ստացել պատշաճ իրավական լուծում: 21-րդ դարում բացարձակապես անընդունելի է, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքը կիրառելու ցանկությունը կարող է վերածվել կենսաբանական սպառնալիքի»:

«Անշուշտ, մենք չենք կարող փոխել պատմությունը, և դրա կարիքն էլ չկա: Բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը:


Ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը խորհրդանշական գիրք է հանձնել «Խաղաղության գրադարանին»` պատմաբան Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» պատկերազարդ գիրքը: