ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ է կատարվում Մայր բուհում
2019-02-20 18:21:21

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Այսօր Մայր բուհը նորից ուշադրության կենտրոնում է: Ոստիկանությունից տեղեկացնում են՝ ԵՊՀ պաշտոնատար անձի դեմ հարուցված է քրեական գործ, ուղարկվել է Քննչական կոմիտե։

Թե ով է պաշտոնատար անձը՝ չի նշվում։ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը պնդում է՝ մեղադրանքները շինծու են, վտանգված է համալսարանի վարկը:

Յուրացման, կաշառք ստանալու եւ տալու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել ԵՊՀ պաշտոնատար անձի դեմ. այսօր օրակարգ նետված տեղեկություն է: Այս պահին քրեական գործը Ոստիկանությունից Քննչական կոմիտե է ճանապարհվում: Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Սա այսօր, իսկ դեռ երեկ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը համալսարանի գիտխորհրդի արտահերթ նիստում, կարծես թե, նախապատրաստված զգուշացնում էր՝ քրեական գործ հարուցվելու է, գործում տեղ գտած մեղադրանքներին կպատասխանի մեկ առ մեկ:

Ռեկտորը, դիմելով համալսարանականներին, իր խոսքը հենց սկզբում հստակեցրեց. կարծում է, որ մեղադրանքներն ուղղված են անձամբ իրեն՝ պայմանավորված քաղաքական պատճառներով, ինքը Հանրապետական կուսակցության անդամ է:

Ըստ Ոստիկանության հայտարարության՝ նյութերում առկա են համալսարանում կատարված առանձնապես խոշոր չափերի չարաշահումների վերաբերյալ տեղեկություններ:


«
Պարզվել է, որ համալսարանի 18 աշխատակից 2015-2018 թվականներին տարբեր ամիսների փաստացի չեն հաճախել աշխատանքի՝ երկար ժամանակով բացակայելով Հայաստանից: Այս ամենի հետևանքով փաստացի աշխատանքի չհաճախած անձանց անվամբ որպես աշխատավարձ դուրս գրված շուրջ 18.000.000 դրամը հափշտակվել է»:

Ռեկտորը պատասխանում է՝ հետ գնալով Ցարական Ռուսաստան. նույնիսկ այնտեղ նավթահորերում աշխատողների համար հաշվարկվում էր, թե քանի խորանարդ մետր թթվածին կա սենյակում ու քանի հոգով կարելի է աշխատել: Համալսարանն այսօր ունի ամբիոններ, որտեղ 50 աշխատակից կա և ընդամենը 20-30 քառակուսի մետր սենյակ:

Տրամաբանական է՝ այս պայմաններում բացականեր կլինեն:

«Պատկերացում չունեն, որ համալսարանում դասախոսը վճարվում է իր ծանրաբեռնվածության համաձայն, ինչքան էլ համոզեցինք՝ չի հասկացվում»:

Հարուցված քրեական գործում տեղ գտած բոլոր մեղադրանքներին ըստ էության ռեկտորի պատասխանը մեկն է՝ շինծու են, ինքն էլ քրեական հետապնդումից չի վախենում: Հրաժարական չի պատրաստվում տալ, կհեռանա իր լիազորությունները ավարտվելուն պես՝ հաջորդ տարվա մայիսին:

Իսկ ռեկտորի հրաժարականի հարցը, իր խոսքով, բարձրաձայնվել է մոտ մեկ շաբաթ առաջ:

«Մոտ մեկ շաբաթ առաջ նախարար Արայիկ Հարությունյանն ինձ հետ հեռախոսազրույց է ունեցել և առաջարկել է ինձ հրաժարական տալ: Նաև խոսել ենք այն մասին, որ մոտենում է Մայր բուհի 100-ամյակը, և պետք է կառավարական հանձնաժողով ստեղծվի: Ինձ բացատրեցին՝ չեն ուզում կազմել այդ հանձնաժողովը, քանի ռեկտորը ես եմ»:


Կրթության և գիտության նախարարությունում ռեկտորի հայտարարության մասին տեղյակ էին: Նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը փոխանցում է նախարարության պատասխանը:

«Նախարար Արայիկ Հարությունյանն այս պահին Թբիլիսիում է՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի միջոցառումներին մասնակցելու նպատակով: Վաղը կվերադառնա՝ հանդես կգա հայտարարությամբ»:

Ու, քանի դեռ նախարար Արայիկ Հարությունյանը Թբիլիսիում է, ռեկտոր Արամ Սիմոնյանը հիշեցնում է՝ անցյալ տարի Թբիլիսիի պետական համալսարանի 100-ամյակը նշվել է համապետական մակարդակով, նույնն այս տարի պատրաստվում են անել հարևան երկրում՝ նշելով Բաքվի պետական համալսարանի 100-ամյակը:

Ստանան կառավարության աջակցությունը, թե՝ ոչ՝ ԵՊՀ 100-ամյակը կնշվի նախատեսվածի պես մեծ շուքով ու համալսարանին հատուկ բարձր մակարդակով՝ ռեկտորի բոլոր պատասխաններից ամենահստակն էր:

0:00
0:00