ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ ասաց առողջապահության նախարարը «Իմ քայլի» պատգամավորներին
2019-02-20 19:02:19

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

ԱԺ մեծամասնությունն այսօր կրկին դռնփակ հանդիպում է ունեցել հերթական նախարարի հետ: Այս անգամ խորհրդարանում էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Եթե օրինակ՝ առաջին դռնփակ հանդիպումը ՊԵԿ ղեկավարի հետ տեւել է 5-6 ժամ, ապա Թորոսյանը խորհրդարանում անցկացրել է շուրջ 2 ժամ: Հանդիպումից առաջ, ի դեպ, եղել էր աղմկահարույց հրապարակում:

Մինչ առողջապահության նախարարը կհասներ ԱԺ՝ խորհրդարանական մեծամասնության հետ հանդիպելու համար, նախապես տարածվեց տեղեկություն, թե նրան պատկանող «Միբս» ԲԿ-ին հատկացվող պետական ֆինանսավորումն ավեացել է գրեթե 2 անգամ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս հարցում բացառում է որեւէ կոռուպցիոն դրսեւորում.

«Ես սեփական կենտրոն չունեմ, ընդամենը այդ կենտրոնի տնօրենն եմ եղել 6 տարի: Ընդհանրապես որեւէ բիզնեսի սեփականատեր չեմ»:

Ամեն դեպքում ՝նախարարն անձամբ հաստատում է՝ «Միբս»-ի ֆինանսավորումն ավելացել է, բայց, ասում է, ընդհանուր առմամբ ավելացել է ԲԿ-ների ֆինանսավորումը:

« 2019-ի ՀՀ բյուջեով եղել է մոտավորապես 10 միլիարդ դրամի աճ, հետեւաբար՝ գրեթե բոլոր բժկական հաստատությունները ստացել են ավելի շատ գումար: Բաշխումը կատարվել է այն սկզբունքով, թե իրենք որքան ծառայություն են մատուցել անցյալ տարի, նաեւ վճարովի: Ինչ վերաբերում է «Միբս» ԲԿ-ին՝ եղել է 25, դարձել է 57 միլոն դրամ: Կենտրոնը 2017-ին ընդհանրապես պետպատվեր չի ստացել, 2018-ին՝ մարտին է ստացել ու եղել է ամենաքիչ ստացողը բոլոր կենտրոնների մեջ: Հիմա մենք այդ ծրագրով մեծ վերաբաշխում ենք արել, նաեւ շատ ստացել են դժվարամատչելի ծառայությունների համար «Գյումրի» ԲԿ-ն, Գորիսի բժշկական կենտրոնը»:

Տարվա ընթացքում ֆինանսավորումը կարող է վերանայվել՝ ավելանալ կամ պակասել, ասում է նախարարը: Ամեն ինչը կախված է կենտրոնների մատուցած ծառայություններից: Այս պահի դրությամբ հստակ է, որ նախկինից ավելի պակաս ֆինանսավորում ստացել է մի քանի բժշկական կենտրոն: Դրանց թվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  հիվանդանոցը:

«Գրիգոր Լուսավորիչ»-ինը հատուկ չի իջեցվել, հատուկ բարձրացվել էր նախկինում: Հիմա, քանի որ կատարողականը իջած է եղել , այսինքն՝ իրենք 1 միլիարդ քիչ են ծախսել անցած տարի, որովհետեւ … որովհետեւ դուք գիտեք: Գրեթե 1 միլիարդ իջել է ֆինանսավորումը:  

«Միբս» բժշկական կենտրոնի հետ կապված հարցերը նախարարին ուղղել են նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները՝ դռնփակ հանդիպումից հետո ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

« Այո, անդրադարձել է այն ընկերությանը, որի հետ առնչություն է ունեցել, ասել է, որ իր կինը տնօրենն է եւ տվել է սպառիչ պատասխան»:

Այնպես չէ, որ այս հարցի պատճառով են պատգամավորները նախարարին հրավիրել Աժ՝ պարզաբանումներ ստանալու: Ընդհակառակը՝ առողջապահության նախարարն անձամբ է հանդիպում նախաձեռնել խորհրդարանական մեծամասնության հետ: Սա հաստատում է խմբակցության ղեկավարը:  

« Նպատակները մի քանիսն էին: Առաջինը՝ ներկայացնել այն խնդիրները, որոնք առկա են, ինչպես նաեւ՝ խնդիրներին ծանոթանալով հասկանալ, թե օրենսդրական դաշտում ինչպիսի լուծում կարող են ստանալ դրանք եւ ըստ այդմ մենք իմանանք մեր անելիքը որպես օրենսդիրներ»:  

Լիլիթ Մակունցի ներկայացմամբ՝ եւս մեկ նախարար կա, որ անձամբ է հանդիպում նախաձեռնել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: Նույն օրակարգով առաջիկայում պատգամավորները կհանդիպեն նաեւ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հետ:  

0:00
0:00