ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ապօրինի ավտոտնակների հարցը` քաղաքային իշխանության օրակարգում
2019-02-20 19:08:22

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Ապօրինի ավտոտնակների հարցը քաղաքային իշխանության օրակարգում է: Քաղաքապետարանում որոշել են, թե ինչպես են լուծելու ապօրինի քարե ավտոտնակների խնդիրը: Դրանք համարակալվելու և գույքագրվելու   են, դրանց տրվելու է  պետական գրանցում, հետո որպես համայնքի սեփականություն հանձնվելու են վարձակալության:  

Բակային տարածքների բարեկարգման համար,  ինչպես քաղաքային իշխանության ներկայացուցիչներն են բնութագրում, 2019 թվականի զարգացման ծրագրում տպավորիչ բյուջե են նախատեսել: Ծրագրվում է բարեկարգել այն բակերը, որտեղ կան հնարավորություններ, այսինքն՝ ավտոտնակներից բեռնաթափված տարածքներ, խաղահրապարակներ ու կանաչ գոտիներ: Մայրաքաղաքում շատ բակեր էլ կան, որոնց մեծ մասը զբաղեցնում են  ավտոտնակները:

Մեր համաքաղաքացիներից  
Արթուր Կարապետյանին հետաքրքրում էր՝ այս տարվա զարգացման ծրագրում ի՞նչ միջոցներ են նախատեսված  բակերն ավտոտնակներից բեռնաթափելու համար: Նրա առաջարկը հետևյալն էր:
«Ինչ կարգի ներդրումներ կամ ծախսեր են սպասվում բակերում ավտոտնակների  վիճակը կարգավորելու համար: Ստորգետնյա ավտոտնակներ ստեղծելու և ազատ տարածքներում խաղահրապարակներ ստեղծելու:  Վերգետնյա ավտոտնակները տեղափոխել  ստորգետնյա տարածքներ»:

Քաղաքացու այս առաջարկին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը պատասխանում է: Մայրաքաղաքում կա մոտ  60  հազար ավտոտնակ, որից 30-35  հազարը ապօրինի է: 60 հազարի տեղափոխումը ստորգետնյա տարածքներ լուրջ  ծախսեր է ենթադրում, ինչին այս պահին քաղաքային բյուջեն պատրաստ չէ:

 Փոխարենը քաղաքապետարանը փորձում է  ավտոտնակների օրինականացման ճանապարհով վարձակալական վճարների միջոցով որոշակի մուտքեր ապահովել Երևանի բյուջե, ինչն էլ հետագայում  կուղղվի  ավտոտնակները ստորգետնյա տարածքներ տեղափոխելուն:  


«Այն միջոցները, որոնք մենք այս և հաջորդ տարի կհավաքագրենք ավտոտնակների վարձակալությունից, կուղղենք  այս ծրագրի իրականացմանը»:

Քաղաքացի Վահե Գարոյանն առաջարկեց բարձրացնել ավտոտնակների գույքահարկը: Այդ քայլին իշխանությունն այս պահին չի գնում, հայտարարեց փոխքաղաքապետը: Դա նոր բեռ կլինի քաղաքացու համար, որին հակված չենք, ասում է:

«Օրինապաշտ քաղաքացու կողմից վճարվող այդ փոքր գումարը բարձրացնելու փոխարեն, մենք  կհավաքագրենք ոչ օրինական ավտոտնակներից հավաքագրվելիք մեր վարձավճարները և իրականում կունենաք  ներգրավող վճարների ավելացում»:  

Խոսքն ապօրինի ավտոտնակների մասին է: Այժմ դրանք համարակալվում և գույքագրվում են, ինչից հետո կստանան պետական  գրանցում և  որպես համայնքի սեփականություն կտրվեն վարձով:  

«Այս դեպքում ապօրինին գույքահարկյի փոխարեն կվճարի վարձավճար»: 

Սա հիմնականում վերաբերում է քարե ավտոտնակներին: Թիթեղյաների դեպքում հիմնական շինությունը պետք է տարանջատվի ոչ հիմնականից: Դրանց տնօրինման կամ օրինականացման հարցը կքննարկվի ավելի ուշ, նշեց քաղաքապետարանի  իրավաբանական վարչության պետ  Զավեն Առաքելյանը:  

«Պետք է հարցը նայել ընդհանուր հիմնական  կամ ոչ հիմնական շինության կոնտեքստում, բայց բոլոր դեպքերում   յուրաքանչյուր գույքի մասով կտրվի համապատասխան  գնահատական և կկատարվեն համապատասխան իրավական ձևակերպումներ, քանի որ համայնքի հողի վրա գտնվող որևէ շինություն դա համարվում է համայնքի սեփականություն»:

Քաղաքացու այն դիտարկմանը, որ առաջնահերթ ուշադրության արժանանան առավել վատ վիճակում գտնվող բակերը, քաղաքապետի տեղակալը պատասխանեց, որ  մայրաքաղաքի բակերի մոտ կեսն այդ վիճակում է: Նրա խոսքով՝  այս հարցում անհրաժեշտ են  համապարփակ լուծումներ, որպեսզի արդյունքներ գրանցվեն:  

0:00
0:00